Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ վեցերորդ համարը

Ընթերցողին այսօրվանից ներկայացվող «Դրօշակ» պաշտոնաթերթի 6-րդ համարը հետաքրքրական է նյութերի և ասելիքի բազմազանությամբ։ Իհարկե բովանդակության առանցքում Հայաստանի վերջին շրջանի իրադարձություններն են, քաղաքական տագնապալի անցքերի վերլուծությունը։ Այս նյութերի հետ ընթերցողը կարող է ծանոթանալ հատկապես առաջնորդող հոդվածի և Անի Մելքոնյանի հրապարակած նյութերի միջոցով։

«Դրօշակ»-ի նոր համարում ուշագրավ են ռուս և պարսիկ վերլուծաբանների թարգմանված հոդվածները, որոնք ուղղակի և անուղղակի ձևով առնչվում են Հայաստանին և տարածաշրջանային զարգացումներին։ Հայ ընթերցողի համար դրանք հետաքրքրական են մասնավորապես նրանով, որ բացահայտում են մի շարք մեզ հուզող իրողություններ։ Որպես շարունակություն ցեղասպանության տարիներին համշենահայության մղած հերոսական ինքնապաշտպանական գործողությունների Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն այս անգամ ընթերցողին է ներկայացնում ազատագրական պայքարի համշենահայ գործիչ և նշանավոր վրիժառու Միսաք Թոռլաքյանի պայքարի պատմությունը։

«Դրօշակ»-ի այս համարում ներկայացված է հերոսական այս պատմության առաջին մասը։ «Դրօշակի» խմբագրակազմը ողբերգական անհետացման 40-րդ տարելիցի առիթով իր բարոյական պարտքն է համարել անդրադառնալու ՀՅԴ Բյուրոյի անդամ «Ազդակ-Շաբաթօրեակ- Դրօշակ» շաբաթաթերթի խմբագիր Սարգիս Զեյթլյանի կյանքին և գործունեությանը։ Ազգային, կրթական և կուսակցական գործիչ Տիգրան Ճիմպաշյանի հոդվածի առանցքում Սարգիս Զեյթլյանը ներկայացված է որպես գաղափարախոս, ազգային տեսլականների ջատագով ու մեկնաբան, ով իր հագեցած գործունեությամբ, հայության համար կարևոր մի ժամանակահատվածում, կատարեց առանցքային դեր՝ հասարակական գիտակցության հասունացման, օրախնդիր ազգային հիմնահարցերով հանրությանը և հատկապես երիտասարդությանը ոգեշնչելու հարցում։ Սրա կողքին, անշուշտ, տաղանդավոր գործիչը հսկայական դերակատարություն ունեցավ կազմակերպական, կրթական գործում և առհասարակ բազմաճյուղ իր գործունեության բոլոր ոլորտներում։

Սփյուռքահայ մամուլի ուսումնասիրությամբ զբաղվող Մարիամ Հովսեփյանը հետաքրքրական անդրադարձ է կատարել 1965 թվականի լիբանանահայ երեք կուսակցությունների պաշտոնաթերթերին։ Այս ուսումնասիրության ճանապարհով ընթերցողին են ներկայացվում հետցեղասպանական տարիներին հայության նկատմամբ թուրքական քաղաքականության նոր դրսևորումները, ինչպես և դարի մեծագույն ոճրագործության դեմ Հայ դատի ուղղությամբ ծավալված պայքարը։

Ինչպես նշեցինք «Դրօշակ»-ի ներկա համարը հարուստ է բազմազան նյութերով ինչում ընթերցողը կհամոզվի:

Ներբեռնել  համարը

Տպել Տպել