Ընթերցողին այսօրվանից ներկայացվել է «Դրօշակի» հերթական համարը։ 7-րդ համարի քաղաքական խորագրերի ներքո այսօրվա հայ հասարակության համար առավել հնչեղություն ունեցող թեմաների լուսաբանումն ու վերլուծություններն են։ Անդրադառնալով հայ եկեղեցու շուրջ զարգացումներին, Զանգեզուրի միջանցքի, ներքին հետապնդումների թեմաներին և այլ իրողությունների ըստ պաշտոնաթերթի «Առաջնորդողի» Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին։ Խոսելով վերջին շրջանի իրարահաջորդ իրադարձությունների մասին Անի Մելքոնյանի հոդվածի եզրակացությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հակազգային քաղաքականությունը դատապարտված է, սակայն կործանարար այս ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ է ազգային ուժերի միավորումը և համատեղ պայքարը։
«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» տրամադրած ուսումնասիրությունը այս անգամ ներկայացնում է մեր օրերի համար արդիական այնպիսի խնդրի ինչպիսին է ԱՄՆ դիրքորոշումների հարցը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
Դաշնակցության և ոչ միայն Դաշնակցության համար նշանակալի իրադարձություն էր տարիների ընդմիջումից հետո համահայկական երիտասարդական և ուսանողական նոր բանակումի կազմակերպումը՝ այն էլ հայրենիքում։ «Դրօշակի» ներկա համարում տեղ են գտել ելույթներ, որոնք հնչել են այս բանակումի ժամանակ։
Ուշագրավ հոդվածներ են տեղ գտել «Դեմքեր և դեպքեր» խորագրի ներքո։ Հայկազուն Ալվրցյանի հոդվածի երկրորդ մասով ամփոփվում է համշենահայ ազգային ազատագրական շարժման գործիչ, հայ նշանավոր վրիժառու Միսաք Թոռլաքյանի հերոսական գործունեության պատմությունը։
Ծննդյան 90-ամյակի առիթով «Դրօշակը» ներկայացնում է Մովսես Ծիրանիի հետաքրքրական հուշը Հրանտ Մաթևոսյանի վերաբերյալ։
Մուսալեռցիների միջավայրի խորապատկերի վրա հուշագիրը ինչ որ չափով երևակում է 20-րդ դարի վերջի մեր արձակի դասականի կերպարը որպես հայ մարդու և գրողի։
Սրան զուգահեռ Հակոբ Կարապենց սփյուռքահայ արձակագրի ծննդյան հարյուրամյակի առիթով հետաքրքրական նյութեր է «Դրօշակին» տրամադրել Մարգարիտա Խաչատրյանը։ Կարապենցի հեղինակած, ինչպես և նրա ստեղծագործությանը նվիրված հոդվածների ընթերցումը, կարծում ենք, նույնպես հաճույք կպատճառեն ընթերցողին, բացահայտելով տաղանդավոր գրողի մտահոգությունը սփյուռքում հայկական դպրոցներիի պահպանման և նորերի ստեղծման հարցում։
Ներբեռնել համարը