Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի 2025 թ․ հինգերորդ համարը

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»-ի 2025 թ․ հինգերորդ համարը։ Ավանդաբար մայիսը մեզ համար եղել է տոնական ամիս և համապատասխան թեմաներն ու տրամադրությունները արտացոլվել են լրատվական և քարոզչական միջոցներում։ Արդեն մի քանի տարի է, սակայն, մայիսը դիմավորում ենք ծանր ապրումներով ճակատագրական կորուստների չմարող ցավը մեր ներսում։ Այս թեմաներն ու մտածումները, ինչպես և այսօրվա իրականությունը ծնող պատճառների վերլուծությունը կարմիր գծի նման արտացոլված են «Դրօշակ»-ի այս տարվա մայիսյան համարի հրապարակումներում։

Ներկայացված հոդվածներում անդրադարձ կա, մասնավորապես, երկրորդ աշխարհամարտի 80-րդ տարեդարձին և համաշխարհային այս պատերազմում հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ներդրման ինչպես և զոհաբերությունների հարցին։ Թերևս տվյալ թեմայի վրա ուշադրության զգալի կենտրոնացումը բացատրվում է միջազգայնորեն նշվող իրադարձությունների շրջանակում Հայաստանի վարչապետի որդեգրած կեցվածքին և վերջինիս թելադրանքով պետական քարոզչամիջոցների կողմից տվյալ իրադարձությունները «այլ մեկնաբանությամբ» քննելու խայտառակ մոտեցմանը։

Հետաքրքրական է պատմաբան Վանիկ Վիրաբյանի հոդվածը որում հեղինակը քննում է Հայաստանի երեք հանրապետությունների օրգանական և շարունակական կապի խնդիրը։ Հոդվածում որպես փաստարկումներ ներկայացված են նշանավոր հայ գործիչների մեկնաբանությունները։ Մայիսյան այս համարում ՀՅԴ պաշտոնաթերթի խմբագրակազմը, ծննդյան 150 ամյակի առիթով մի քանի գրություններով անդրադարձել է Առաջին Հանրապետության նշանավոր գործիչներից մեկի՝ Նիկոլ Աղբալյանի կյանքին և գործունեությանը, ինչպես և ներկայացրել է մեծ հայորդու ուշագրավ անդրադարձին մայիսի 28-ի իրադարձություններին և այս պատմական օրվա նշանակությանը հայ ժողովրդի կյանքում։

«Դրօշակ»-ը տարբեր գրություններով անդրադարձել է նաև տաղանդավոր գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանին՝ ում մահվան երեսնամյա տարելիցը լրացավ նախորդ տարի։

Պաշտոնաթերթի ներկայացրած հոդվածաշարի հեղինակներն իրենց խոհերը և գնահատականներն են ներկայացնում պատմություն դարձած հայոց եռատոնին, անկախության և պետականության հաստատման իրադարձություններին, այն հավատով, որ հայ ժողովրդի համար անկումի այս ժամանակաշրջանը ավարտվելու է և մեջքը շտկելով հայությունը ունակ է դառնալու նոր մեծագործությունների, հայոց նոր վերածննդի մարտահրավերը պատվով ընդունելու համար։

«Դրօշակ»-ի մայիսյան համարում ընթերցողը կարող է գտնել հետաքրքրական այլ նյութեր ևս:

Ներբեռնել համարը

Տպել Տպել