Այսօրվանից ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» փետրվարյան համարը։ Բազմազան նյութերի մեջ ընթերցողի ուշադրությունը կարող են գրավել մասնավորապես «Դաշնակցական բեմ», «Գաղափարական» և «Պատմության լուսարձակ» խորագրերի ներքո հրապարակված հոդվածները։ Օրվա ներքաղաքական տագնապներին, գործող իշխանության քաղաքական կործանարար գծին անդրադարձը կարելի է կարդալ պաշտոնաթերթի «Առաջնորդող» խորագրի ներքո։ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը, այս անգամ, «Դրօշակին» տրամադրել է մանրամասն վերլուծություն վերջերս ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության խարտիայի վերաբերյալ։ Նոր համարում տեղ է գտել պատմաբան Կարեն Խանլարյանի ծավալուն վերլուծությունը, որպես հիմնավոր պատասխան Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՅ Դաշնակցության նշանավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի դեմ մամուլում տեղ գտած վարկաբեկիչ հոդվածի։ Ցավով պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկի դեմ ցայսօր չեն դադարում բոլշևիկաշունչ և ստահոդ ցեխարձակումները։
«Դրօշակի» նոր համարում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը շարունակել է հոդվածաշարը նվիրված արևմտահայոց ազատագրական պայքարի շրջանում համշենահայության հերոսական դիմադրության քիչ ուսումնասիրված էջերին։
Իր հերթին, պատմաբան Ավետիս Հարությունյանը ներկայացրել է ուսումնասիրություն Վանի նահանգի հայության վիճակի մասին 1908 և 1909 թվականներին։ Բնականաբար տեղի ունեցած իրադարձությունները անմիջականորեն շաղկապվում են Երիտթուրքական հեղափոխության ադեցության հետ Թուրքիայում ընդհանրապես և, մասնավորապես հայության կյանքում։
«Դրօշակի» փետրվարյան համարում ընթերցողը կարող է գտնել հետաքրքրական այլ նյութեր ևս:
Ներբեռնել համարը