«Դրօշակը» սկսում է իր նոր տարեշրջանը։ Համացանցի վրա արդեն կարելի է կարդալ պաշտոնաթերթի այս տարվա առաջին համարը։ Տագնապալի իրականության յուրատեսակ երևակումն է ներկայացված ամսագրի «Առաջնորդողում»։ Այս հրապարակմամբ, սակայն, «Դրօշակը» ոչ միայն այլևս անհանդուրժելի իրողություններն է լուսաբանում, այլև հրամայական է համարում զարգացող աղետին դիմակայելը, ինչին և որպես քարոզչամիջոց կոչ է անում քաղաքական և հասարակական ուժերին։
«Հասարակություն» խորագրի ներքո Մանվել Մկրտչյանը զանգավածային մտայնությունների, «պատրանքների» քննությամբ փորձում է բացատրել այն հոգեբանական գոյավիճակը որի մեջ հայտնվել է հայ մարդը և կտրված ռեալ իրականությունից չի զգում կամ չի ցանկանում զգալ խորտակման իր անկասելի ընթացքը։ «Ցավոք, մինչևայս պահը, կարծես, հանրությունը պատրանքների բարձերին նստած սպասում է, թե երբ վերջնականապես կհոշոտվեն մեր հայրենիքն ու պետությունը» եզրակացնում է հոդվածագիրը։
Չափազանց հետաքրքիր ու արդիական թեմայի ուսումնասիրություն է հրապարակել պատմաբան Կարեն Խանլարյանը։ Այս նյութի ասելիքը ներկայացնենք ըստ իր վերնագրի․ «ՀՅ Դաշնակցութիւնը եւ Հայաստանի դեմարկացիայի առաջին փորձերը»։ Առաջնորդվելով սոսկ ազգային շահերով հայ ժողովրդի օրվա առաջնորդ ուժը փորձում է տարիների ընթացքում մշակել և հարևանների հետ հստակեցնել ու ամրագրել հայության բնակության բնական սահմանները, ինչ հետաքրքրական փորձ, գիտելիք ու վերջին հաշվով դաս է նաև մեր օրերի համար։ Պատմական իրողությունների վրա հիմնված հոդվածը առավել փաստարկված է ներկայանում շնորհիվ հոդվծում տեղ գտած քարտեզների և ժողովրդագրական իրակիճակն արտացոլող աղյուսակների։
Արդիական ուղերձների առումով հետաքրքրական է նաև Խ․Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս դոկտոր պրոֆեսոր Վանիկ վիրաբյանի հոդվածը, որը վերնագրված է․ «Հայ-վրացական պաշտպանական միության հարցը 1920 թ.»։ Հոդվածում բավականին մանրամասնությամբ ներկայացվում են այն ճիգերը, որոնք գործադրում էր Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունը գալիք արհավիրքներին առավել հաջողությամբ դիմագրավելու համար հայ-վրացական պաշտպանական դշինք ձևավորելու համար։ Ցավոք դրացի պետությունը այլ արտաքին ազդակներով և շահերով էր առաջնորդվում որոնք էլ, ի վերջո, անիրագործելի էին դարձնում նման միության կայացման հեռանկարը։
Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի դասախոսներ Լիանա Պետրոսյանն ու Նարե Գևորգյանը աշխարհաքաղաքական խորապատկերի վրա լուսաբանում են Սիրիայում տեղի ունեցած հեղաշրջիչ իրադարձությունները, դրանցում դերակատար ուժերին և մտորում են տարածաշրջանում հնարավոր զարգացումների շուրջ։
«Դրօշակի» հունվարյան համարը ընթեցողին առաջարկում է այլ հետաքրքրական նյութեր ևս:
Ներբեռնել համարը