Վերցնել դադար

khmbagrakanԻնչպես հայտնի է, դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը, մեկ օրակարգային հարցով` առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ դիրքորոշումը:

Իհարկե սովորական վիճակ չէ, երբ որեւէ քաղաքական ուժ, ժողովն սկսելուց առաջ, նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցում, դեռեւս չունի վերջնական կողմնորոշում: Այնուամենայնիվ այդպիսին էր վիճակն այս անգամ, եւ մասնակիցների փաստարկներն էին տեղում վճռորոշելու կարեւորագույն խնդիրը: Տվյալ հանգամանքը առավել արտառոց էր հայաստանյան հասարակական, քաղաքական կյանքի համար, ուր նախորդող օրերին ու շաբաթներին գումարված բարձրագույն ժողովներում «առաջնորդները» պարզապես փոխանցում էին, թե իրենք ինչ էին վճռել, կամ տեղեկացնում էին, որ շուտով կորոշեն ու կհրապարակեն համապատասխան վճիռը: Իհարկե, քաղաքական այլ գործելակերպի եւ ավանդույթի սովոր մարդկանց մոտ բնական հարց է ծնվում, թե այդ դեպքում ի՞նչ նպատակով են տվյալ ժողովները գումարվում, այնուամենայնիվ այս է մեր իրականությունը:

Վերադառնանք, սակայն, Դաշնակցության ժողովին: Ինչպես հաստատեցին քննարկումները, կուսակցության ներսում հիմնական համոզումն այն էր, որ ՀՅԴ-ն պետք է ակտիվ մասնակցություն ունենա քաղաքական կարեւոր գործընթացին, որը ինքնին քաղաքական պայքար է` իր բազմաթիվ թիրախներով եւ այս դեպքում մասնավորապես հնարավորություն կստեղծեր մեր իրականությանը բնորոշ անձնավորված պայքարին որոշակի գաղափարական-քաղաքական բնույթ հաղորդել:

Ասվածից եւ առկա իրողություններից բխող բազմաթիվ ելույթներից հետո ժողովը մեծամասնությամբ կողմնորոշվեց թեկնածու չառաջադրելու տեսակետի օգտին: Ընդունված որոշման վերաբերյալ Հայաստանի Գերագույն ժողովի ընդունած հայտարարությունը արձանագրում էր հետեւյալը.

«Ի կատարումն սույն թվականի հուլիսին տեղի ունեցած Գերագույն ժողովի որոշման` ՀՀ նախագահի ընտրությանն ընդառաջ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնեց միասնական քաղաքական օրակարգի շուրջ լայն համախոհություն ձևավորելու գործընթաց։ Դերակատար քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների հետ քննարկումների միջոցով փորձ արվեց համախոհություն ստեղծել քաղաքական պլատֆորմի շուրջ, հանդես գալ ընդդիմադիր միասնական ճակատով։

«Այս նախաձեռնությունը և առաջարկված քաղաքական օրակարգը դրական արձագանք ունեցան. առկա էին գործընթացն արդյունավորելու որոշակի նախադրյալներ։ Հնարավորություն կար առնվազն վերականգնել ընտրությունների հանդեպ ժողովրդի խաթարված վստահությունը, որակական նոր իրավիճակ առաջացնել, իրապես մրցակցային ընտրություններ անցկացնել և իշխանափոխության հնարավորություն ստեղծել: Սակայն համախմբումը այս կամ այն կոնկրետ թեկնածուով պայմանավորելու կանխակալ մոտեցումները թույլ չտվեցին տրամաբանական ավարտին հասցնել միասնական օրակարգով նախագահական ընտրությունների գնալու ջանքերը»:

Մեկնաբանելով այս հիմնավորումը արձանագրենք, որ անցած ամիսների ընթացքում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ծավալեց ակտիվ քաղաքական նախաձեռնություն` փորձելով անձերի շուրջ եղած մրցակցությունը տեղափոխել քաղաքական հուն եւ երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների շուրջ գոյացնել լայն համախոհություն: Նման համախոհության կայացման դեպում, ոչ միայն սկզբունքային հիմքի վրա կդրվեր թեկնածուի ընտրության խնդիրը, այլեւ հնարավորություն կընձեռվեր իշխանությունը ներկայացնող մեկ թեկնածուի դեմ հանդես գալ մեկ միասնական համախմբումով եւ ոչ թե մասնատել ընդդիմադիր ընտրազանգվածը, մրցակցությունը իշխանություն-ընդդիմություն հարթությունից հիմնականում տեղափոխելով ընդդիմադիր մրցակիցների միջեւ: Դժվար էր հակառակվելը այն փաստարկին, որ ավելի ճիշտ է ոչ թե անձերի շուրջ կողմնորոշվելը, այլ քաղաքական պլատֆորմի: Հիմնական թեկնածուները ողջունեցին ՀՅԴ-ի առաջարկը եւ անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից հայտարարեցին, թե ամբողջովին կամ մասամբ ընդունում են 7 կետերով սահմանված պահանջները: Այլ խնդիր, թե նրանցից յուրաքաչյուրն այս հարցում որքանով էր անկեղծ եւ որքանով էր պատրաստակամ վեր կանգնելու իր մասնավոր շահերց: Հարցադրման պատասխանը համախմբան նպատակի ձախողումը եղավ:

Իր հայտարարությամբ Գերագույն մարմինը պարզաբանում էր, որ միասնական ճակատ ստեղծելու դեպքում. «Հնարավորություն կար առնվազն վերականգնել ընտրությունների հանդեպ ժողովրդի խաթարված վստահությունը, որակական նոր իրավիճակ առաջացնել, իրապես մրցակցային ընտրություններ անցկացնել և իշխանափոխության հնարավորություն ստեղծել»: Իսկապես էլ, եթե մթնոլորտի նման փոփոխություն չպետք է ստեղծվեր, ապա հարց է ծագում, թե ինչի համար եւ ինչ նպատակով էին քաղաքական ուժերը մտնում նման ընտրապայքարի ասպարեզ:

Արդյո՞ք 12 թվականի մայիսին տեղի ունեցած ընտրություններից հետո ներքաղաքական մթնոլորտում շատ բան է փոխվել: Եւ արդյո՞ք շոշափելի փոփոխությունների բացակայության պարագայում հնարավոր է հանրությանը համոզել, որ համապատասխան ռեյտինգից չձերբազատված որեւէ ուժ հնարավորություն ունի հաղթելու խորհրդարանական ընտրություններում, բացարձակ ցուցանիշ արձանագրած գործող իշխանությանը: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե առարկայական եւ ենթակայական ինչ գործոններով էր պայմանավորված այդ հաղթանակը:

Նման պարագայում ինքնանպատակ չի դառնում մասնակցությունը: Հակառակ ծայրահեղության մեջ ընկնողները իհարկե խոսեցին նաեւ բոյկոտի տարբերակի մասին: Բոյկոտի երեւույթը, սակայն որպեսզի անհեթեթության տպավորություն չթողնի պետք է ունենա համընդհանուր բնույթ, ինչը նույնպես իրատեսական չէր:

Ինչպես նշվեց, Դաշնակցության ժողովը այդուհանդերձ որոշեց, որ թեկնածու չառաջադրելը չպետք է նշանակի ինքնամեկուսացում, այլ ակտիվ դիրքորոշմամբ պետք է ձգտել քաղաքական-գաղափարական բնույթ հաղորդել գործընթացին: Այդպիսի քննարկումների հիմք կարող են դառնալ նախորդ շրջանում արդեն իսկ բանակցությունների նյութ դարձած յոթ առաջարկները, որ հրապարակ էին իջեցվել ՀՅԴ-ի կողմից: Հայաստանի համար օրակարգային հարց է շարունակում մնալ համակարգային իշխանափոխության խնդիրը: Ավելին, մենք մի իրականության շեմի ենք, երբ բոլորն են գիտակցում քաղաքական դաշտի ընդհանուր բարեփոխման անհրաժեշտությունը: Այդ գործընթացը տեղի կունենա հինգ տարի անց, թե կսկսվի ավելի վաղ` դժվար է ասել, բայց եւ չի նշանակում նստել տանը եւ զբաղվել կանխագուշակությամբ: Համընդհանուր փոփոխությունները կարող են սկսվել բոլոր մակարդակի ընտրությունների ճանապարհով՝ առկա իրավիճակի փոփոխությունների հասնելով: Մանավանդ, որ դժվար է Հայաստանի համապետական ընտրություններում հաջողություն ակնկալել, եթե քաղաքական ուժը ներկայացված չէ տեղական ինքնակառավարման մարմիններում: Առաջիկա շրջանը քաղաքական ուժերի համար պետք է լինի ուժերի կուտակման ժամանակահատված: Իսկ առայժմ անհրաժեշտ է վերցնել դադար: Առանց այդ էլ դադարի առարկայական վիճակի առջեւ հայտնվելու է մեր ողջ քաղաքական դաշտը: Եթե մանավանդ նկատի ենք ունենանում, որ մինչ նախագահական ընտրություններն ընկած կարճ ժամանակահատվածում դժվար, թե քաղաքական մեծ ալեկոծումներ տեղի ունենան` համապատասխան հետեւանքներով: Կասկածելի հավակնություններով քաղաքական շրջապտույտների մեջ գլուխը կորցնելու փոխարեն կարելի է վերցնել դադար: Ակտիվ դադար, որ այլ կերպ կարելի է անվանել ուժերի կուտակման եւ նոր պայքարի նախապատրաստման ժամանակահատված:

«ԴՐՕՇԱԿ»ի խմբագրական
5 Յունուար 2013

Տպել Տպել