Պանթիւրքիզմ. անցեալը, ներկան, ապագան

Երկու խօսք ստորեւ ներկայացուող յօդուածի կապակցութեամբ

hodvadzՊանթիւրքիզմի գաղափարը, իրականում, ներկայում ոչ միայն գոյութիւն ունի, այլեւ բացայայտ թէ թաքուն կերպով այն իրականցնելու ուղղութեամբ աշխատանք է կատարւում։

Խօսենք օրինակներով.

Առաջին. 2009 թ. հոկտեմբերի 3-ին կեանքի կոչուեց Թիւրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհուրդ (The Cooperation Council of Turkic Speaking States), որին անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Թուրքիան։ Գաղափարը, իհարկէ, նոր չէ, եւ Թուրքիան դեռեւս 1992 թ. նախաձեռնել էր Թիւրքալեզու պետութիւնների գագաթաժողով (Turkic Speaking States Summit), որն ի վերջոյ յանգեցրեց վերոյիշեալ խորհուրդը կեանքի կոչելուն։

Կազմակերպութեան ծրագրերից են՝ Թիւրքական գործարար խորհրդի, Թիւրքալեզու պետութիւնների փոխադրական միջանցքների վարչական գործակալութեան, Թիւրքական գիտահետազոտական հիմնադրամի, Գոյքի ձեռքբերման օրէնսդրական ներդաշնակեցման յանձնաժողովի, Թիւրքալեզու պետութիւնների զարգացման հիմնադրամի, Թիւրքալեզու պետութիւնների միասնական իրաւարար դատարանի, Թիւրքական միջհամալսարանական միաւորման, միասնական ապահովագրական ընկերութեան հիմնում [1]։

Սա նշանակում է, որ Թուրքիան Միջին Ասիայի թիւրքալեզու երկրների հետ տնտեսական, մշակութային, գիտահետազոտական եւ այլ բնագաւառների ուղղութեամբ համագործակցութեան հաստատման ու զարգացման ուղիներ է որոնում։

Թիւրքական խորհրդի դրօշը

Թիւրքական խորհրդի դրօշը

Երկրորդ. 2012 թ. մայիսի 12-13-ը Անկարայում տեղի ունեցաւ, կազմակերպիչների բնորոշմամբ՝ Իրանի ազերիների առաջին խորհրդաժողովը, որին մասնակցում էին Իրանից, Ադրբեջանի Հանրապետութիւնից, Թուրքիայից, Իրաքից եւ այլ երկրներից ներկայացուցիչներ։ Երկօրեայ նիստերի աւարտին կեանքի է կոչուել, այսպէս կոչուած, Հարաւային Ադրբեջանի թուրքերի միջազգային ազգային խորհուրդ (International South Azerbaijani Turks’ National Council), որի խօսնակը խորհրդաժողովից յետոյ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարեց, որ իրենց վերջնանպատակն է Հարաւային Ադրբեջանի անկախութիւնը։

Այս կապակցութեամբ հարկ է նշել, որ նախ՝ այսպէս կոչուած «Հարաւային Ադրբեջան» գոյութիւն չունի, եւ այդ անուանումը հորինած պանթիւրքական հոսանքները, Հարաւային Ադրբեջան ասելով, նկատի ունեն Իրանի Ատրպատականը։ Երկրորդ՝ Իրանի Ատրպատականի բնակիչները թիւրքախօս են եւ ոչ թուրք, երրորդ՝ անհասկանալի է, թէ ինչ է նշանակում միջազգային ազգային խորհուրդ, ի վերջոյ այն ազգայի՞ն է, թէ՞ միջազգային։

Նիստերին մասնակցել են Ադրբեջանի Հանրապետութեան կրթութեան նախկին նախարար Ֆիրուդին Ջելիլովը (Firudin Celilov), Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւորներ Ֆերեջ Ուլուսոյը (Ferec Ulusoy) եւ Սաբիր Ռուստամխանլին (Sabir Rüstemxanlı), Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամաւորներ Ջեմիլ Ունալը (Cemil Ünal) եւ Օրհան Քայիհանը (Orhan Kayıhan), Իրաքի խորհրդարանի թուրքմէն պատգամաւոր Ֆեւզի Էկրեմը (Fevzi Ekrem) եւ այլք[2]։

Այս կապակցութեամբ առաջանում են մի շարք հարցեր, օրինակ.

• Ինչու՞ է Թուրքիան թոյլատրում իր հարեւան երկիր Իրանից տարածքներ անջատելու եւ անկախանալու նպատակ հետապնդող խորհրդաժողովի գումարումը Անկարայում։

• Ժողովին ինչո՞ւ են մասնակցում Թուրքիայի խորհրդարանի թէկուզեւ նախկին պատգամաւորներ եւ Ադրբեջանի Հանրապետութեան կրթութեան նախկին նախարարն ու խորհրդարանի պատգամաւորներ։

• Այս ամբողջը արդեօ՞ք չի վկայում Իրանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեցող Թուրքիայի եւ Ադրբեջանի վերնախաւերում առկայ մտայնութեան մասին։

Մեր կարծիքով այս եւ նմանատիպ քայլերը պիտի դիտարկել որպէս պանթիւրքիզմի գաղափարի իրականացմանը միտուած քայլեր։

Պանթիւրքիզմի արդի գաղափարախօսներից եւ ռազմավարութեան մշակողներից մէկը Սաբիրզիան Բադրեդինն է։

Ստորեւ ներկայացւում է յիշեալի «Պանթիւրքիզմ. անցեալը, ներկան, ապագան» յօդուածի թարգմանութիւնը։ Յօդուածն առաջին անգամ հրատարակուել է Լոնդոնում լույս տեսնող «Թուրքմէն» (Turkoman) հանդէսի 1998 թ. դեկտեմբերի համարում։ Նկատի ունենալով յօդուածի կարեւորութիւնը` այն թարգմանբար ներկայացնում ենք հայ ընթերցողին։

Վերոնշեալ օրինակները պիտի դիտարկել Բադրեդինի առաջարկած ռազմավարութեան առաջին հանգրուանի շրջագծում։

ՊԱՆԹԻՒՐՔԻԶՄ. ԱՆՑԵԱԼԸ, ՆԵՐԿԱՆ, ԱՊԱԳԱՆ[3]

ՍԱԲԻՐԶԻԱՆ ԲԱԴՐԵԴԻՆ (Sabirzyan Badretdin)

Պանթիւրքիզմի (Pan-Turkism) զարգացումը կենսական նշանակութիւն ունի թէ թիւրքական (Turkic ) նոր պետութիւնների համար, որոնք ստեղծուել են Խորհրդային Միութեան փլուզման հետեւանքով եւ թէ Ռուսաստանի ու Չինաստանի նման թիւրքալեզու փոքրամասնութիւններ ունեցող ազգերի (Nation) համար։

Պանթիւրքիզմն առաջարկում է աւելի գրաւիչ տարբերակ` ծայրայեղական ազգայնականութեան, արմատական իսլամի եւ աշխարհիկ արեւմտականացման փոխարէն։ Սակայն աշխարհի թիւրքալեզու ժողովուրդների աւելի մեծ համարկման նպատակով յաջողութեան հասնելու համար պանթիւրքիզմը պիտի յաղթահարի այն բացասական պատկերը, որն առաջացել է արհեստական տպաւորութիւնից առ այն, որ շարժումը, Անկարայի քաղաքական հաւակնութիւններից բացի, ոչինչ չէ։ Հետեւաբար նուազագոյնը մօտ ապագայում շարժումը պիտի կենտրոնանայ լեզուի, մշակոյթի եւ մարդու իրաւունքների վրայ։

Պանթիւրքիզմի վերաբերեալ բոլորի կողմից ընդունելի սահմանում գոյութիւն չունի։ Ընդհանուր առմամբ պանթիւրքիզմը գաղափարական, քաղաքական եւ, որոշ չափով, մշակութային շարժում է, որի նպատակն է հասնել աշխարհի թիւրքալեզու ժողովրդների աւելի մեծ միասնութեան աստիճանի` հաւանաբար նպատակակէտ ունենալով հաստատել թիւրքական պետութիւնների համադաշնութիւն (Confederation) կամ, նոյնիսկ, թիւրքական դաշնութիւն (Federation)։

Ոմանք կարող են պատճառաբանել, որ պանթիւրքիզմը ձգտում է ազատագրել բոլոր թիւրքալեզու ժողովրդներին գաղութատիրական ճնշումից կամ ընդգրկում է այնպիսի բաներ, ինչպիսին է ընդհանուր այբուբենը կամ լեզուն, միատեսակ մշակոյթը եւ այլն։ Թուրքիայում պանթիւրքիզմը առաւելաբար նշանակում է Անկարայի ազդեցութեան տարածումը դէպի Արեւելք։

Այն պայմաններում, երբ թիւրքալեզու ժողովուրդների համարկման մշակութային երեսները որեւէ մէկի կողմից սպառնալիք չեն նկատւում, պանթիւրքական քաղաքական օրակարգն առաջացնում է վախեր թիւրքական պետութիւնների հարեւան երկրների մայրաքաղաքներում կամ այն երկրներում, որոնք իրենց սահմաններից ներս ունեն թիւրքական փոքրամասնութիւններ։ Այս առումով պանթիւրքիզմի սահմանումը Ռուսաստանում, Բուլղարիայում, Յունաստանում, Չինաստանում եւ մի քանի այլ երկրներում սովորաբար համակցւում է բացասական դարձուածքներով եւ ընդգրկում է այնպիսի ածականներ, ինչպէս՝ «յետադիմական», «ծաւալապաշտական», «յետադարձական» (Irredentist) եւ այլն։

Անցեալ մի քանի տասնամեակում Արեւմուտքում պանթիւրքիզմի բացասական սահմանումը աւելի մեծ տարածում է ունեցել։ Թուրքիան, որը չի ցանկանում իր յարաբերութիւնները Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ վատացնել, խուսափել է գործուն դեր ստանձնել թիւրքականութեան վերակենդանացման մէջ։ Պանթիւրքիզմի բացասական պատկերն Արեւմուտքում արգելք է հանդիսացել, որ Անկարան ստանձնի թիւրքերի միաւորման գործընթացում ղեկավարի դեր։ Խորհրդային Միութեան փլուզումը եւ թիւրքական անկախ հինգ այլ պետութիւնների յայտնուելը, անտարակոյս, յանգեցնելու է այս երկարատեւ քաղաքականութեան վերարժեւորմանը։

Պանթիւրքական շարժման հիմքերը դրուել են աւելի քան մէկ դար առաջ։ 1883 թ. Իսմայիլ Բէյ-Գասպիրալիի (Իսմայիլ Գասպրինսկի – Ս.Մ.) կողմից «Թերջուման» թերթի հրատարակումը առաջին մեծ իրադարձութիւնն էր պանթիւրքիզմի պատմութեան մէջ։ Թերջումանի շնորհիւ թիւրքերի միաւորման գաղափարն սկսեց սփռուել Ռուսաստանի թիւրքական փոքրամասնութիւնների մէջ։ Գասպիրալիի կարգախօսը, (Մտքի միասնութիւն, լեզուի միասնութիւն, գործողութեան միասնութիւն (Fikerde, telde ve eshte berdemlek) ոգեշնոչող էր Ղրիմի, Վոլգայի թաթարների եւ Ադրբեջանի[4] մտաւորականութեան համար։

Գասպիրալին ձգտում էր օսմաներէնի (Ottoman Turkish) պարզեցուած տարբերակից վերացնելով պարսկերէնից եւ արաբերէնից փոխառնուած բառերը՝ ձեւաւորել թիւրքական ընդհանուր լեզու։ Սակայն այն ժամանակուայ թիւրքական բարբառները համարւում էին լիարժէք լեզուներ. օսմանական թուրքերէնը դրանցից մէկն էր։ Հետեւաբար ընդհանուր լեզու ստեղծելու փորձը ձախողուեց: Հետագայում Խորհրդային Միութիւնը, իր տարածքում բնակուող թիւրքական ժողովուրդներին պարտադրելով այլ այբուբեններ, այդ տարբերութիւնները հաշուարկուած կերպով աւելացրեց։

1902 թ. Կահիրէում հրատարակուող «Թիւրք» պարբերականը եւս գործուն էր պանթիւրքիզմի խրախուսման մէջ՝ որպէս այլընտրանք պանիսլամիզմին եւ արեւմտականացմանը։

Պանթիւրքիզմի մասին առաջին տեսական աշխատութիւնը գրուել է մի կազանցի թաթարի` Իւսուֆ Աքչուրայի կողմից։ 1904 թ. նա հրատարակեց մի յօդուած («Och Tarzi Seyaset» – «Երեք քաղաքական համակարգեր»), որում բացատրում է պանթիւրքական գաղափարախօսութեան հիմնական յատկանիշները։ Չորս տարի յետոյ` 1908 թ., Ալի Հիւսէյնզադէ անունով մի ադրբեջանցի[5] հրատարակեց «Turkileshmek, Islamlashmek, Zamanlashmek» (Թիւրքականութիւն, իսլամականութիւն, արդաիկանացում) վերնագրով յօդուած, որում աւելի ընդլայնուած կերպով է մեկնաբանում պանթիւրքական գաղափարները։ Սակայն այս գաղափարախօսութեան տեսութիւնը հիմնականում մշակուեց մի թուրքի[6]` Զիա Գեօկալփի կողմից։ Նրա գիրքը «Թիւրքականութեան հիմնական սկզբունքները»[7] հրատարակուեց 1923 թ. եւ դարձաւ պանթիւրքիզմի գաղափարախօսական հիմքը։

1917 թ. բոլշեւիկեան յեղափոխութիւնը Ռուսաստանում խեղդեց պանթիւրքիզմն իր սաղմում։ Թիւրքերի միաւորմանը հասնելու համար որեւէ ջանք խստօրէն ճնշւում էր համայնավարների կողմից։ Աւելին` Մոսկուան մեծագոյն աշխատանք էր կատարում` թիւրքական ժողովրդներին թուլացնելու եւ պառակտելու ուղղութեամբ։

Խորհրդային Միութեան փլուզումը 1991 թ. պայմաններ ստեղծեց պանթիւրքական շարժման վերակենդանացման համար։ Այլեւս Թուրքիան միակ անկախ թիւրքական պետութիւնը չէր։ Ուզբեկստանը, Ադրբեջանը, Թուրքմինստանը, Ղրղզստանը եւ Ղազաղստանը ազատագրուեցին գաղութային տիրապետութիւնից։ Նոյն տարում Կազանում հիմնադրուեց Թիւրքական ժողովրդների համագումարը, մի իրադարձութիւն, որը պիտի դիտել որպէս կարեւոր հիմնաքար պանթիւրքիզմի պատմութեան մէջ, որովհետեւ դա նշանն է շարժման հաստատութենական սկզբնաւորման։ Մինչեւ 1991 թ., պանթիւրքիզմը գոյութիւն ունէր միայն որպէս մէկ գաղափարախօսութիւն։ Թիւրքական ժողովուրդների համագումարի հիմնադրմամբ գոյացաւ առաջին պանթիւրքական կազմակերպութիւնը։ Այժմ ԹԺՀ-ն (Թիւրքական ժողովուրդների համագումար – Ս.Մ.) թիւրքական պետութիւնների մայրաքաղաքներում գումարում է կանոնաւոր ժողովներ, եւ նրա անդամները ներկայացնում են թիւրքական ազգերի ու էթնիկ խմբերի մեծ մասը:

Շարժումը զարգացման ի՞նչ հեռանկար ունի։ Անվիճելի է, որ պանթիւրքիզմը հանդիպելու է թիւրքական աշխարհի շրջակայ երկրների թշնամութեանը եւ դիմադրութեանը։ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Բուլղարիան, Յունաստանը եւ Աֆղանստանը ունեն ուշադրութեան արժանի թիւրքական փոքրամասնութիւններ եւ թիւրքերի միաւորման որեւէ շարժում դիտելու են որպէս սպառնալիք իրենց տարծքային ամբողջականութեան դէմ։ Արեւմտեան երկրների մեծ մասը նոյնպէս թուրքերի դէմ պատմականօրէն ձեւաւորուած կանխակալ ընկալումների պատճառով սարսափելու է։ Այս թշնամութիւնների եւ կանխակալ ընկալումների պատճառով պանթիւրքիզմը պարտաւոր է որդեգրել դանդաղ եւ զգուշաւոր գործելակերպ. այն, ինչ կոչւում է «թլփատման սկզբունք» (Principle of circumcision)։ Թլփատման ընթացքում երեխայի ուշադրութիւնը շեղելու նպատակով նրան զբաղեցնում են խաղալիքներով եւ քաղցրաւենիքներով։ Երբ անխուսափելին տեղի է ունենում, լացելու կամ դիմադրելու համար արդէն բաւականին ուշ է լինում։ Այս տրամաբանութեամբ թիւրքական ազգերը շարժման առաջին հանգրուանում խորհրդատրելի է շեշտը առաւելաբար դնեն թիւրքերի միջեւ մշակութային, ընկերային եւ տնտեսական կապերի վրայ։ Քաղաքական նպատակները կարող են հետաձգուել մինչեւ շարժման միւս հանգրուանը, երբ տնտեսական եւ մշակութային համարկումն արդէն կայացել է։ Երկրորդ հանգրուանի ընթացքում, քաղաքական ամրակայումը պիտի դառնայ առաջնահերթութիւն, բայց պիտի սահմանափակուի թիւրքական վեց անկախ պետութիւններով։ Երբ թիւրքական վեց անկախ պետութիւնների քաղաքական ամրակայման որոշակի աստիճան ձեռք բերուի, թիւրքական ժողովուրդները, որոնք տակաւին մնացել են գաղութատիրութեան ճնշման ներքոյ, պիտի դառնան ուշադրութեան կենտրոն` գերագոյն նպատակ ունենալով թիւրքական բոլոր ժողովուրդների ազատագրումն ու նրանց քաղաքական միաւորումը։ Սա ընդգրկում է Ռուսաստանի (թաթարներ, բաշկիրներ, եակուտներ եւ այլն), Չինաստանի (ույղուրներ), Իրանի (ադրբեջանցիներ[8]) եւ այլ երկրների թիւրքական փոքրամասնութիւններին։

Պանթիւրքիզմի մէկ այլ կարեւոր երեսը Թուրքիայի դերն է։ Թուրքիայի ծաւալապաշտութիւնը Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից միշտ դիտուել է կասկածով։ Հետեւաբար թիւրքական համարկման նախնական փուլում նպատակայարմար է չշեշտել Թուրքիայի առաջնորդող դերը քաղաքական տեսակէտից, փոխարէնը շեշտել Թուրքիայի առաջնորդութեան մշակութային երեսը։

Վերջապէս կարեւոր է փոխել պանթիւրքիզմի մասին պատկերացումը աշխարհում։ Պատճառ չկայ անտեսելու պանթիւրքիզմի նկատմամբ թշնամական վերաբերումը։ Գաղութատիրական ճնշումից թիւրքական ժողովուրդների ազատագրութեան նպատակը եւ մշակութային, քաղաքական ու տնտեսական միաւորումը ազնիւ նպատակ է, որը իւրաքանչիւր բարոյական մարդ պէտք է պաշտպանի։

Հղումներ

[1] http://www.turkkon.org/eng/icerik_multi.php?no=13

[2] http://www.todayszaman.com/news-280353-iranian-azeris-set-up-national-council-in-turkey-aspire-for-independence.html

[3] http://tatargazeta.tripod.com/eng_099.html

[4] Այդ թուականին Ադրբեջան անունով երկիր գոյութիւն չունէր – Ս.Մ.։

[5] 1908 թ. Ադրբեջան անունով երկիր գոյութիւն չունէր, ուստի չէր կարող գոյութիւն ունենալ նաև ադրբեջանցի։ Հիւսէյնզադէն կովկասցի թաթար է։ Այս կապակցութեամբ տե’ս «Պանթիւրքիզմ, վերադարձականութիւնից համագործակցութիւն», Ջէյկոբ Լանդօ, 1995 թ., Լոնդոն, պարսկերէն թարգմանութիւնը՝ 2003 թ., Թեհրան, էջ 38-39 – Ս.Մ.։

[6] Գեօկալփը քուրդ է – Ս.Մ.:

[7] Գրքի վերնագիրը հայկական գիտական գրականութեան մէջ թարգմանուած է §Թիւրքականութեան հիմունքները» ձևով – Ս.Մ.:

[8] Իրանի թիւրքախօս բնակիչներին ադրբեջանցիներ անուանում է յօդուածի հեղինակ Սաբիրզիան Բադրեդինը – Ս.Մ.։

ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ

Տպել Տպել