Հայաստան-Սփյուռք. Համակարգման հիմնահարցեր

Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների համակարգման հիմնահարցը թերեւս հայոց պետականության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների շարքում է: Վերջինիս մոդելավորումը մեծ հաշվով հնարավոր կդարձնի 21-րդ դարում համաշխարհային քաղաքակրթության մեջ հայկական գործոնը պասիվ օբյեկտից վերածել ակտիվ սուբյեկտի:

Սփյուռքն այսօր չի ներկայանում իբրեւ մեկ ընդհանրական միավոր. յուրաքանչյուր համայնք ձեւավորվել է պատմական ուրույն հնագամանքներում եւ տարբեր գործընթացների արդյունքում, ենթակա է քաղաքական եւ մշակութային տվյալ միջավայրի ազդեցությանը եւ ունի ներքին յուրահատուկ կառուցվածք:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է ուղղված լինեն թե ընդհանուր հարաբերությունների բարելավմանը, թե առանձին համայնքի հետ կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ նպաստեն համայնքի ներսում կառույցների արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորմանը: Այդ համագործակցությունը միակողմանի չի կարող լինել, եւ հատկապես երկքաղաքացիության համակարգի ձեւավորումից հետո, կոչված է իրականացնել միաժամանակ մի քանի ռազմավարական նպատակներ: Ըստ այդմ, հարկավոր է ճիշտ կողմնորոշվել գործադաշտերի եւ գործամիջոցների ընտրության մեջ, մեկ խնդիր լուծելու համար արդեն եղած ձեռքբերումները չկորցնելու եւ նահանջ չարձանագրելու համար: Օրինակ, երբեք չի կարելի ստորադասել պետության ամրապնդման գերխնդիրը հայապահպանության հիմնահարցին, կամ պահանջատիրության հարցադրումը հայրենիքի տնտեսական առաջընթացի ապահովման ուղիների որոնման հրամայականին: Բանալին այնպիսի գործելակերպի եւ կառույցի ընտրությունն է, երբ կապահովվեն բոլոր խնդիրների աստիճանական եւ համաչափ լուծման ուղիները:

Սփյուռքի հետ աշխատանքների գործադաշտն ենթադրում է քաղաքական-տարածքային եւ քաղաքական-գործառույթային երեք հարթություն.

1. Հայաստան, որն ենթադրում է, Հայաստանի եւ Սփյուռքի ներուժի ուղղվածություն դեպի Հայաստան,

2. Սփյուռք, որով Հայաստանի եւ Սփյուռքի ներուժն ուղղված կլինի դեպի Սփյուռք,

3. արտաշխարհ, որը ենթադրում է ընդհանուր նպատակների իրականացման տեսլականով Հայաստանի եւ Սփյուռքի միասնական ներուժի ուղղվածություն դեպի արտաքին աշխարհ:

Գործադաշտի եռամիասնությունը պայմանավորում է գործամիջոցների բազմազանությունը՝ ներառելով ինչպես արդեն գոյություն ունեցող կառույցները, այնպես էլ հատուկ այս խնդիրներն իրագործելու նպատակով կյանքի կոչվելիք նոր միավորները:

Գործամիջոցները, ըստ այդմ, բազմաթիվ են եւ կոչված են լրացնելու միմյանց կամ փոխարինելու խնդրի կատարման տարբեր փուլերում: Գործամիջոցը կարող է դիտվել պետական կառույցներից սկսած մինչեւ հասարակական միավորներ ամբողջությունը Սփյուռքում եւ Հայրենիքում, արդեն հարյուրամյակների պատմական անցյալ ունեցող միջոցները:

Որպես գործելաձեի հիմք պետք է նկատի առնել հետեւյալ հրամայականների պահպանումը.

1. Հայրենիք-Սփյուռք ընդհանրական խնդիրների վերհանումը հնարավոր է միայն տարբեր ոլորտներում հաղորդակցություն եւ համագործակցություն կազմակերպելու ու համատեղ քննարկման ճանապարհով:

Այդ հարաբերությունները պետք է կազմակերպվեն գործընկերության սկզբունքով, այսինքն, որպես քաղաքական միավորի՝ պետության եւ համայնքային միավորի միջեւ հարաբերություններ: Դրանք պետք է կրեն միմյանց ընդառաջող եւ փոխլրացնող բնույթ եւ ոչ թե պարտադրանքի:

Գործընկերության սկզբունքը ենթադրում է նաեւ պարտավորությունների եւ պատասխանատվության հստակ սահմանում պետական եւ ազգային խնդիրների առաջնահերթության շուրջ:

2. Պետության կողմից տարվող աշխատանքներում կարեւոր է հաշվի առնել, թե յուրաքանչյուր գաղութի ավանդական տեսք ստացած վիճակը եւ թե նոր իրողությունների ներդաշնակումը եւ զուգակշռումը:

3. Միջազգային ոլորտում հայկական գործոնի դրական դերակատարության եւ դրանում Սփյուռքի կառույցների մասնակցության ապահովում:

4. Տվյալ երկրում հայ տարրի առկայությունը դրական նախապայման կարող է հանդիսանալ այդ երկրի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար:

5. Սփյուռքի հետ լայն գործընկերություն ծավալելուն զուգընթաց, անհրաժեշտ է նաեւ պետական կառուցվածքների բարելավում, վստահության մթնոլորտի ձեւավորում, Հայաստանի կյանքին Սփյուռքի մասնակցության քննարկում եւ դրանց աստիճանական կատարելագործում:

6. Ի վերջո, հայկական գործոնի պահպանման եւ Սփյուռքի կենսունակության ապահովման նպատակով անհրաժեշտ է համատեղ ծրագրերի իրականացում՝ հայեցի դաստիարակության, հայկական կրթական ու մշակութային կյանքի բարելավման ուղղությամբ:

Տպել Տպել