Մենք եւ ռուսները

ArtashesShahbazyan2Օրեր առաջ կարդացինք Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկու կեղտոտ բարբաջանքը Հայաստանի հասցեին: Պաշտոնական շրջանակներ ներկայացնող կամ պարզապես ռուսասեր տարբեր անձիք նման պարագաներում փորձում են երեւույթը մեղմել մեկնաբանելով, թե գործ ունենք գժի հետ: Իրականում Ժիրինովսկին սովորական գիժ չէ: Նախ նա հետխորհրդային Ռուսաստանի իշխանության մեջ ներկայացված ամենաերկարակայաց քաղաքական առաջատար ուժերից մեկի առաջնորդն է: Նա այն մարդն է, որը ակտիվորեն ներկա է իր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, իսկ Ռուսաստանը քիչ թե շատ ճանաչելով կարելի է վստահ լինել, որ եթե նա իր «յուրահատուկ» դերի մեջ պահանջված չլիներ վաղուց կանհետանար ասպարեզից, ինչպես անհետացան ուրիշ նորակազմ կուսակցություններ: Այս անձի եւ նրա ներկայացրած քաղաքական ուժի ի հայտ գալու ժամանակներում դեռեւս ռուսական աղբյուրներից փաստեր ի հայտ եկան այն մասին, որ վերափոխվող Ռուսաստանում Եւրոպական դասական միաժամանակ ժամանակակից կուսակցություններին համահունչ ինչ-որ բան իրենց երկրում ստեղծելու եւ այն գլխավորելու համար խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի գզրոցներից էր դուրս բերվել Վլադիմիր Ժիրինովսկու անունը: Եւ այն, որ նա անկախ թե քաղաքական դաշտի, որ հատվածում կլինի, հստակորեն քաղաքական պատվերի կրող է կարծես թե ակնհյատ է: Նա այն ջոկատի ակտիվիստներից է, ովքեր տանում են վելիկոռուսական շովինիզմի քրքրված դրոշը: Խնդիրը, սակայն Ժիրինովսկին չէ: Ոչ էլ տարբեր տրամաչափի ու կարգավիճակի քաղաքագետ-քաղաքականագետ-վերլուծաբանները, ովքեր ժամանակ առ ժամանակ «հիշեցնում են» հայությանը, թե «ձեզ վատ պահեք» կխռովենք, կառնենք մեր զորքն ու կհեռանանք Հայաստանից: Այստեղ ամենաէականն այն է, որ մենք իրապես հավատում ենք, թե մեզ լավություն անելու համար է ռուսական զորքն ու ռուսական ազդեցությունը Հայաստանում ներկա, եւ մենք ըստ այդմ պետք է մեզ պահենք: Սա մի հանգամանք է, որ բարդույթավորում է մի ամբողջ ժողովրդի ու նախ եւ առաջ հոգեբանական կախվածության մեջ է դնում շատ-շատերին:

Իրականությունն այն է, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ միշտ էլ խարսխված է եղել ռուսական շահի հստակ հաշվարկի վրա:

19 եւ 20-րդ դարերում տեղի ունեցած ռուս-թուրքական երեք պատերազմների (1828-1829, 1877-1878, 1914-1918) հետեւանքում Ռուսաստանը պատմական Հայաստանը դիտարկեց, որպես ռազմաքաղաքական փորձադաշտ, մեզ ներքաշելով դրա մեջ ռազմարշավներ կազմակերպեց դեպի արեւմտահայաստան, ապա, ինչ-ինչ խնդիրներ լուծելուց հետո, ետ քաշվեց հայությանը թողնելով թուրքական յաթաղանի ու տեղահանության հարկադրանքի առջեւ:

Կարելի է հիշել, որ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հայ քաղաքական կյանքի առաջնորդ Դաշնակցությունն իր բարձրագույն ժողովում որոշել էր, որ պատերազմի պարագայում, հայությունը պետք է չեզոքություն պահպանի եւ որպես հպատակ ժողովուրդ, թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Թուրքիայում իր գործողությունները պետք է համընկեցնի տվյալ երկրների պետական շահերի հետ: Ինչպես, սակայն գրում է ազգային ազատագրական պայքարի եւ Առաջին Հանրապետության նշանավոր գործիչ Ռուբեն Տեր Մինասյան «Հայ-Թուրքական կնճիռը» աշխատության մեջ, Ռուսաստանը թուրքական արշավանքների մեջ էր ներգրավում կովկասյան ժողովուրդներին: Հայության շրջանում էլ հայտնվել էին կասկածելի մարդիկ ովքեր ռուսական շահի քարոզն էին անում եւ այլ ելք չէր մնում քան ժողովրդի ճակատագրի տնօրինությունը չթողնել բախտախնդիրների ու արկածախնդիրների ձեռքին: Իհարկե հայկական կամավորական շարժումը նաեւ պարտադրված քայլ էր կրակի բոցերում հայտնված արեւմտահայությանը հնարավորինս պաշտպանելու համար: Ռուսները, սակայն ցեղասպանության շեմին հեծեծացող ժողովրդին ուղղակիորեն լքեցին ու ետ դարձան, իսկ հետո փրկեցին թուրքիային Սեւրի դաշնագրի ամբողջական հետեւանքներից եւ ընդհանրապես կայսրության մնացորդացի քայքայումից, տրամադրելով զորք, զենք, ոսկի, քաղաքական հովանավորություն: Ի դեպ այս անգամ եւս մոռանալով, թե նախօրյակին որքան ռուս զինվորների էին մորթել թուրքերը, ինչպես ի դեպ կովկասյան թաթար նրանց եղբայրները:

Հեռվում օրինակներ չփնտրելու համար պարզապես մտաբերենք, որ «անկախացած» Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, ցանկացած երկրի հետ հարաբերությունները կառուցելու են միմիայն Ռուսաստանի շահերի հաշվարկմամբ:

Շատ լավ, ոչ զարմանում ենք եւ ոչ էլ տխրում, բնականօրեն այդպես պետք է լինի: Մյուս կողմից ինչո՞ւ որոշ հայերի ու ռուսների մոտ ցնցումներ է առաջանում այն մտքից, որ Հայաստանն էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցի սոսկ հայկական շահերի հաշվառմամբ:

Վերադառնանք ռուսական շահերի հարցին: Ռուսաստանն այսօր Ադրբեջանին զենք է վաճառում, շատ լավ իմանալով, որ այդ զենքը հիմնականում հայերի վրա կրակելու համար է, ռուսաստանը հարաբերություններ է կառուցում նույն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իրական վտանգ ստեղծելով, հայության շահերի դեմ: Ի դեպ սովետական դասագրքերով պատմաբան դարձած որոշ մարդիկ այսօր էլ պնդում են, որ եթե Դաշնակցությունը 19 կամ 20թվականներին շուտ հանձներ իշխանությունը բոլշեւիկներին, ապա չէր լինի հայկական հողերի Ռուս-թուրքական առեւտուրը: Լավ կլինի պատմաբանները նաեւ բացատրեն, թե ինչու է այսօր ծառացել ազատագրված տարածքների հարցը, երբ Հայաստանը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի դաշինքների մեջ է Ռուսաստանի հետ:

Հասնենք հայ ժողովրդին արվող «լավությունների» հարցին:

Դարեր շարունակ, ռազմավարական դոկտրինի համաձայն, Ռուսաստանը ցանկանում է շրջապատել իրեն դաշնակից երկրներով, նախ եւ առաջ հնարավոր պատերազմները, այսպես կոչված, բուֆերային գոտում վարելու համար: Հայաստանի սահմաններին կանգնած ռուսական զորքը Ռուսաստանի համար առաջին հերթին ունի ավանդական թշնամու հնարավոր առաջխաղացումը իր սահմաններց հեռու կասեցնելու գործառույթ: Եթե այդ հնարավոր պատերազմները տեղի ունենան ռուսաստանի հարավային սահմանի վրա, ապա այլ անցանկալի հանգամանքների կողքին, հավանական է այստեղ ապրող թուրք-մահմեդական ցեղերի անջատողական ապստամբությունների բռնկումը:

Ռուսաստանը ներկայումս խիստ մտահոգ է իսլամական ծայրահեղականության բորբոքած կրակի տարածումից նույն հարավային սահմաններում: Պատահական չէր նախագահ Պուտինի այցելությունը Հայաստան Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո եւ մեր երկրում ունեցած ռազմական ուժի ու տեխնիկայի համալրումը: Դեռեւս 20014թվականի ամռանը, երբ հայ-ադրբեջանական հակամարտության սրումից հետո Պուտինը Սոչիում կազմակերպեց հանդիպում Սերժ Սարգսյանի ու Ալիեւի հետ ռուս վերլուծաբանները գրեցին, թե Պուտինը վախենում է, որ պատերազմի բռնկումը առիթ կդառնա իսլամիստների թափանցման համար Ադրբեջան ու այստեղից էլ շուռ գալը դեպի Ռուսաստան: Պատահական չպետք է համարել նաեւ, որ 20016 թվականի ապրիլյան հայտնի իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը զորավարժություններ սկսեց Ադրբեջանին սահմանակից Դաղստանում: Նույն Ժիրինովսկին ռուս-թուրքական լարվածության օրերին տրված հարցազրույցում ասաց, որ եթե արտաքին ուժերը բախումներ հրահրեն միանգամից ռուսաստանի հարավային սահմանում, Դոնբասում եւ Միջին ասիայում, ապա Ռուսաստանի համար չափազանց բարդ կլինի այդ իրավիճակները հաղթահարել:

Խորհրդային միության քայքայումից հետո, ըստ էության, Անդրկովկասը ռուսական ազդեցության ծիրում է մնացել Հայաստանի ռուսական կողմնորոշման շնորհիվ: Որքան էլ այդ երկիրը սիրախաղեր անի Ադրբեջանի հետ նա հրաշալի գիտի, որ հարմար առիթի դեպքում Ադրբեջանցիները դարձյալ ռուսների կմորթեն ինչպես հարյուր տարի առաջ մորթեցին թուրքական ճակատից տուն վերադարձող զինվորներին եւ հեշտությամբ քաղաքական արեւելումները կվերանայեն, ինչով-որ զբաղված են քառորդ դար շարունակ: Հայաստանի, դերակատարությունը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար, որպես կովկասյան խաղացողի, որպես հակաթուրք երկրի, որպես մերձավոր-միջին արեւելքի բանալու, որպես քրիստոնեական կղզյակի ու հոգեւոր-քաղաքակրթական կենտրոնի, որպես գիտական եւ այլ առումներով քնած ներուժ ունեցող ժողովուրդի եւ այլն: Այնպես որ դեռ պետք է հաշվել, ով ինչ է տալիս եւ ինչ է ստանում այս հարաբերություններից եւ երբեմն այդ մասին բացատրել մեր դաշնակիցներին:

Հասկանալի է, որ ռուսական մեծապետական շովինիզմի ներկայացուցիչները կատաղում են տեսնելով, որ Հայաստանը այս տարիներին փորձում է բազմաբեւեռ քաղաքական, տնտեսական, էներգետիկական, ռազմական եւ այլ կապեր ստեղծել, հնարավորինս նվազեցնելով միակողմանի կախվածությունները:

Բոլոր այս դատողությունները, ի դեպ չեն ենթադրում գնալու հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման: Դա չի բխում մեր շահերից: Ինչո՞ւ օրինակ մենք չպետք է պահպանենք ու զարգացնենք ՀԱՊԿ-ի մեր հնարավորությունները, երբ ամբողջ աշխարհն է ձգտում ռազմական դաշինքների եւ մանավանդ, որ համարժեք այլըտրանք չի նշմարվում: Ինչո՞ւ չպետք է զարգացնենք ԵՏՄ-ին մեր հնարավորությունները, եթե դրանք մեզ համար ենթադրում են առեւտրատնտեսական հնարավորությունների ընդլայնում, մուտք հավանական նոր շուկաներ այլն:

Հայաստանը կարող է եւ պետք է դառնա հզոր երկիր՝ դուրս գալով այս արատավոր շրջանից եւ ծրագրված հետեւողականությամբ զարգանալով: Ռուս-հայկական շահերի ու հետաքրքրությունների հեռանկարը տեսանելի ապագայում պահպանվելու է, բայց այդ հարաբերությունները պետք է կառուցվեն հավասար գործընկերության, միմյանց ինքնիշխանության հարգման սկզբունքների վրա: Մենք չպետք է շատ հուզվենք, միաժամանակ հաշիվ պահանջենք, եթե ինչ-որ շովինիստ փորձում է վերեւից նայել: Արժանապատիվ պահվածք եւ գործելակերպ ունենալու համար Հայաստանն ունի բոլոր նախադրյալները:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Տպել Տպել