Իրանում Քրդական Շարժման Մասին

aff0ba65-f5de-4710-9a19-7dda2612d26a
ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ

Իրանի Քրդստանի ժողովրդավար կուսակցութեան գլխաւոր քարտուղար Մոստաֆա Հեջրին 2016 թ. սեպտեմբերի 19-ին բրիտանական Բի.Բի.Սի. լրատուամիջոցին տուած հարցազրոյցի ժամանակ յայտարարել է, որ «կուսակցութեան փիշմերգէները (առաջամարտիկներ – Ս.Մ.) Իրանի Քրդստանում զինեալ պայքարի մէջ են մտել Իրանի իշխանութիւնների դէմ[1]»։ Հեջրին յայտարարել է նաև, որ իր կուսակցութիւնը Քրդստանում պայքարի «նոր փուլ» է սկսում, որի իմաստն է «կուսակցութեան զինեալ առաջամարտիկների ներկայութիւնը Քրդստանի ժողովրդի մէջ՝ նրանց քաղաքական գիտակցութիւն և յոյս տալու և խրախուսելու, որպէսզի պայքարեն իրենց ազգային իրաւունքների ձեռքբերման համար»[2]։

Իրանի Քրդստանի ժողովրդավար կուսակցութեան քաղաքականութեան մէջ այս շրջադարձը կարևոր է այն առումով, որ մօտ 20 տարի է, ինչ կուսակցութիւնը հրաժարուել է զինեալ պայքարից։ Ի՞նչն է պատճառը, որ կուսակցութիւնը վերադառնում է պայքարի նախկին ձևերին։

Իրանի Իսլամական Հանրապետութեան իշխանութիւնը դա վերագրում է արտաքին ուժերին, յատկապէս Սաուդական Արաբիային, որը թշնամական դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ, ֆինանսաւորում է Իրանի հակապետական ուժերին, ընդ որում՝ ԻՔԺԿ-ին և, ուղղակի պատերազմի փոխարէն, այլոց միջոցով է պատերազմ մղում Իրանի դէմ[3]։

ԻՔԺԿ-ի գլխաւոր քարտուղարը մերժում է այդ տեսակէտը՝ յայտարարելով, որ իրենց և Սաուդական Արաբիայի միջև որևէ կապ չկայ։ Հեջրին ասում է, որ թէև իրենք դիմել են տարբեր երկրների, որպէսզի իրենց իրաւունքների ձեռքբերման նպատակով օգնութիւն ստանան, սակայն ցարդ որևէ պատասխան չեն ստացել[4]։

Կուսակցութեան այս շրջադարձը ուշադրութեան արժանի է յատկապէս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների լոյսի ներքոյ՝ Իրաքում անկայուն վիճակ, Իսլամական պետութեան առկայութիւն, Սիրիայում քաոսային իրավիճակ, քրդական զինեալ բախումներ Թուրքիայում և այժմ փորձ՝ զինեալ բախումների նոր օջախ ու անկայուն վիճակ ստեղծելու համար՝ այս անգամ Իրանում։

Իրանի քրդական շրջաններում թէև զինեալ պայքարի փորձեր եղել են նաև նախկինում, սակայն յաջողութիւն չեն ունեցել։

Իրանի իշխանութեան դէմ զինեալ պայքար է մղում նաև Քրդստանի ազատ կեանք կուսակցութիւնը (ՓԵԺԱԿ), որը ձախակողմեան կուսակցութիւն է։

Անցնող ամիսների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ՓԵԺԱԿ-ի զինեալների, ԻՔԺԿ-ի զինեալների[5] և Իրանի զինեալ ուժերի միջև, որոնց հետևանքով երկու կողմից էլ կան սպանուածներ[6]։

Ստորև համառօտակի ներկայացւում են որոշ տեղեկութիւններ ընդհանուր առմամբ քրդերի և ի մասնաւորի Իրանի քրդերի ու քրդական կուսակցութիւնների մասին։

Համառօտ տեղեկութիւններ

Քրդերը ծագումով իրանական էթնիկ խումբ են, որոնք հիմնականում ապրում են Իրանում, Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում։

Քրդերի ընդհանուր թուի մասին ճշգրիտ տուեալներ չկան։ Ըստ Վիքիպեդիա հանրագիտարանի՝ քրդերի ընդհանուր թիւը 2015 թ. տուեալներով մօտ 30 միլիոն է, որոնցից 6.5 – 7 միլիոնն ապրում է Իրանում, 6 – 6.5 միլիոնը` Իրաքում, 2 միլիոնը` Սիրիայում և 14 – 19 միլիոնը` Թուրքիայում։ Քրդեր են ապրում նաև այլ երկրներում, ինչպէս Ֆրանսիայում, Միացեալ Թագաւորութիւնում, Գերմանիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Իսրայէլում և այլուր[7]։

Երևանի պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի դասխօս, պրոֆեսոր Գառնիկ Ասատրեանի կարծիքով քրդերի ընդհանուր թիւը 2009 թ. տուեալներով 20-23 միլիոն է[8], որոնք տեղաբաշխուած են ըստ հետևեալի. Թուրքիայի արևելեան շրջաններ[9]՝ 7 – 8 միլիոն, Իրաքի հիւսիսային շրջաններ՝ 4 – 5 միլիոն, Իրանի արևմտեան շրջաններ՝ 5 – 6 միլիոն, Սիրիայի հիւսիս և հիւսիս-արևելեան շրջաններ՝ 3 – 4 միլիոն։ Պրոֆ. Ասատրեանի կարծիքով՝ 30 – 35 միլիոն թիւը հիմնականում շրջանառութեան մէջ է դրւում քրդական քաղաքական շրջանակների, և կամ քրդական գործօնը օգտագործող արտաքին ուժերի կողմից։

Լեզուն քրդերէնն է, որը պատկանում է իրանական լեզուախմբին։

Քրդերը մուսուլման են (շիա և սուննի). մեծամասնութիւնը սուննի։

Չորս երկրների միջև բաժանուած քրդաբնակ շրջանների ընդհանուր տարածքը 190 000 կմ2 է[10]։

Վերոնշեալ քրդաբնակ շրջանները մինչև 1514 թ. մաս են կազմել Իրանին։ Չըլդըրանի ճակատամարտում, երբ Իրանը պարտուեց Օսմանեան կայսրութեանը, այդ տարածքների մի մասը միացուեց վերջինիս։ Առաջին Համաշխարհային պատերազմից յետոյ, երբ Օսմանեան կայսրութիւնը տրահուեց, և անկախացան Սիրիան ու Իրաքը, քրդաբնակ այդ շրջանները ևս բաժանուեցին։ Այսօր, ինչպէս նշուեց, քրդաբնակ շրջանները բաժանուած են Իրանի, Թուրքիայի, Իրաքի ու Սիրիայի միջև։

Քրդերի խնդրի լուծումը եթէ պիտի յանգեցնի անկախ պետութեան առաջացմանը, միաժամանակ վտանգելու է Իրանի, Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի շահերը և տարածքային ամբողջականութիւնը։

kurdish-population

Իրանում թէև քրդաբնակ շրջանները տնտեսական առումով մեծ կշիռ չեն ներկայացնում, սակայն նրանց անջատումն Իրանից կը յանգեցնի լուրջ աշխարհաքաղաքական հետևանքների,  Իրանը նախ կը կորցնի տարածքներ, և միւս կողմից` քրդերի անջատուելը կը հրահրի Իրանի այլ էթնիկ խմբերի նմանատիպ պահանջների արծարծումը։

Քրդերի գործօնը մշտապէս առիթ է հանդիսացել վերոնշեալ պետութիւնների համար` այն օգտագործելու հակառակորդների դէմ։ Օրինակ` Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Իրանը լաւագոյնս օգտագործեց այդ գործօնը Իրաքի դէմ[11]։

Քրդական հարցը Իրանի և Թուրքիայի փոխյարաբերութիւններում էապէս այլ բնոյթ ունի, քան Իրանի և Իրաքի փոխյարաբերութիւններում։ Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ մինչ այժմ Իրանի և Թուրքիայի յարաբերութիւններն ընդհանուր առմամբ լաւ են եղել, և այդ իսկ պատճառով երկու պետութիւններից և ոչ մէկը չի ցանկացել քրդական գործօնն օգտագործել միւսի դէմ։ Նոյն բանը չի կարելի ասել Իրանի և Իրաքի փոխյարաբերութիւնների պարագային, որտեղ երկու պետութիւնները մշտապէս փորձել են օգտագործել քրդական գործօնը միւսին թուլացնելու համար, և կրկնենք, որ այդ մրցակցութեան մէջ աւելի շատ օգտուել է Իրանը[12]։

kurdistan

Իրանի քրդական կուսակցութիւնները[13]

Իրանի քրդաբնակ շրջանների չորս գլխաւոր կուսակցութիւններն են` Քոմելէն[14], Իրանի Քրդստանի ժողովրդավար կուսակցութիւնը[15], Քրդստանի ժողովրդավար կուսակցութիւնը[16] և Քրդստանի ազատ կեանք կուսակցութիւնը (ՓԵԺԱԿ)[17] ։

ԻՔԺԿ-ն հիմնադրուել է 1945 թ.։

ՔԺԿ առաջացել է 2007 թ. Իրանի Քրդստանի ժողովրդավար կուսակցութեան մէջ տեղի ունեցած պառակտման հետևանքով։

Քոմելէն հիմնադրուել է 1969 թ.։

ՔԱԿԿ կեանքի է կոչուել 2003 թ. ապրիլի 4-ին, Աբդուլլահ Օջալանի ծննդեան օրը ու նրա պատուին։

ԻՔԺԿ-ի ծրագրում[18]՝ հաստատուած կուսակցութեան 15-րդ համագումարում, «Ընդհանուր նպատակներ» բաժնում գրուած է. «1. ԻՔԺԿ-ն Իրանի Քրդստանի ժողովրդի ազգային-ժողովրդավարական պայքարի դրօշակակիր կուսակցութիւնն է, որը Իրանի միւս ազգութիւնների հետ համաձայն և Իրանի յառաջադէմ ուժերի հետ ուս-ուսի պայքարում է Իրանում դաշնային ժողովրդավարական համակարգի ստեղծման և Իրանի Քրդստանում քուրդ ազգի ինքնորոշման իրաւունքի ձեռքբերման ուղղութեամբ», «2. ԻՔԺԿ վերջնական նպատակը՝ ընկերվարական ժողովրդավարական հասարակութեան ստեղծումն է», «8. ԻՔԺԿ-ն աշխարհի բոլոր ժողովրդների ազգային և ժողովրդավարատենչ խաղաղասէր պայքարները հովանաւորում է և կողմնակից է աշխարհի բոլոր ազգերի միջև բարեկամական ու խաղաղասէր փոխյարաբերութիւնների»[19]։

ԻՔԺԿ-ի կարգախօսն է՝ քրդերի ազգային իրաւունքների ապահովում դաշնային և ժողովրդավար Իրանի կազմում։ Դաշնային համակարգ ասելով` կուսակցութիւնը հասկանում է լայն ինքնավարութիւն Իրանում բնակուող ազգերին՝ իրենց աշխարհագրական տարածքներում, որտեղ նրանք ունենալու են իրենց խորհրդարանը, իսկ պաշտօնական լեզուն լինելու է նրանց մայրենի լեզուն: Կենտրոնական իշխանութեանն է վերապահւում արտաքին քաղաքականութիւնը,  բանակը, տնտեսական երկարատև ծրագրաւորումը և այլն։ Պարսկերէնը լինելու է Իրանի տարբեր ազգերի` միմեանց հետ հաղորդակցուելու համընդհանուր լեզուն։

Յիշեցնենք, որ 2003 թ. ԱՄՆ-ի կողմից Իրաքի գրաւումով այդ երկրում հաստատուեց դաշնային համակարգ։ Իրանում ևս դաշնային համակարգ կիրառելու գաղափարի արծարծման սաստկացումը տարբեր շրջանակների և որոշ կուսակցութիւնների կողմից մեծ հաւանականութեամբ Իրաքում այդ համակարգի կիրառման ազդեցութեան հետևանքով է։

ԻՔԺԿ մայր կուսակցութեան անդամների մօտաւորապէս կէսը, դուրս գալով կուսակցութիւնից, հիմնեց նոր կուսակցութիւն՝ ՔԺԿ անունով` զեղչելով այս նոր կուսակցութան անուան միջից Իրան անունը։ Վերլուծաբանները դա վերագրում են մայր կուսակցութեան դաշնային համակարգի անցնելու գաղափարի ընդունմանը, որը մերժուել է անջատուողների կողմից։ ՔԺԿ-ը մերժում է այդ տեսակէտը, և անուան միջից Իրան բառի զեղչելը պատճառաբանում է մարդկանց մօտ երկու կուսակցութիւնների միջև շփոթ չառաջացնելու հանգամանքով։

Քոմելէն նախապէս յայտարարում էր, որ առաջնորդւում է ազգային ինքնորոշման իրաւունքի սկզբունքով։ Այդ իրաւունքի որդեգրումը թոյլ էր տալու հասնելու ազգային անկախութեան, ընդ որում` քրդաբնակ շրջանների անկախութեանը։ Ներկայում կուսակցութիւնը յայտարարում է, որ հետապնդում է դաշնային, աշխարհիկ և ժողովրդավար Իրանի գաղափարը։

ՓԵԺԱԿ-ի ծրագրում՝ հաստատուած 2014 թ. կուսակցութեան 4-րդ համագումարում, գրուած է, որ «ՓԵԺԱԿ-ը քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին է ընդունում որպէս իր առաջնորդ և նրա Ժողորդավարական քաղաքակրթութեան մանիֆեստը համարում իր պայքարի մանիֆեստը[20]»։ Կուսակցութեան նպատակներից է «քրդական հարցի լուծումը ժողովրդավարական ինքնակառավարման շրջանակում, ժողովրդավարական և ազատ կեանքի առաջ մղումը Քրդստանի արևելքում և Իրանում…[21]»։

2012 թ. օգոստոսին Քոմելէն և Իրանի Քրդստանի ժողովրդավար կուսակցութիւնը ստորագրեցին համաձայնագիր։ Համաձայնագրում նշւում է, որ մինչև Իրանի վարչակարգը չտապալուի, և Իրանում ժողովրդավարութիւն չհաստատուի, Իրանի ազգերը, ընդ որում` նաև քրդերը չեն հասնելու իրենց իրաւունքներին։ Ըստ նրանց՝ Իրանում պիտի հաստատուի աշխարհիկ, ժողովրդավար և դաշնային համակարգ[22]։

Նախկինում այդ կուսակցութիւնները թէ զինեալ պայքար են մղել Իրանի իշխանութիւնների դէմ և թէ բանակցութիւններ են վարել՝ քրդերի խնդիրները լուծելու նպատակով։ Վերջին տարիների ընթացքում պաշտօնապէս յայտարարուել էր, որ դադարեցուած են թէ զինեալ գործողութիւնները և թէ բանակցութիւնները։

Հարց էր առաջանում, թէ այն պայմաններում, երբ այդ կուսակցութիւնների և Իրանի իշխանութիւնների միջև բանակցութիւններ գոյութիւն չունեն, և նրանք նաև դադարեցրել են զինեալ գործողութիւնները Իրանի իշխանութիւնների դէմ և միաժամանակ յայտարարել, որ Իրանում առանց իսլամական վարչակարգի փոփոխութեան հնարաւոր չէ հասնել իրենց նպատակներին, ինչպէ՞ս են պատկերացնում իրենց խնդիրների լուծումը և իրենց նպատակներին հասնելու ձևերը։

Առկայ էր երկու ճանապարհ. սպասել, որ ինչպէս Իրաքի պարագային, դրսից յարձակում լինի Իրանի վրայ, և օգտուելով ստեղծուած իրավիճակից` յայտարարել անկախութիւն կամ ինքնավարութիւն, և կամ զարկ տալ քաղաքացիական հասարակութեան հաստատութիւնների ամրապնդմանն ու ընդլայնմանը` դրանց միջոցով հետապնդելով քրդական հարցի լուծումը։

Առաջին տարբերակի կապակցութեամբ քրդական կուսակցութիւնների ղեկավարներն ունէին յստակ կարծիք՝ դրսի ցանկացած միջամտութիւն Իրանում աղետաբեր է լինելու Իրանի ժողովրդի, ընդ որում` առաւելապէս քրդերի համար։ Ուստի նրանք դէմ էին դրսի զինեալ միջամտութեանը։

Նրանք աւելի շատ հակուած էին երկրորդ տարբերակին։ Զարգացնել քաղաքացիական հասարակութեան հաստատութիւնները և քաղաքական, քաղաքացիական ու մշակութային պայքարի միջոցով հասնել իրենց նպատակներին։

Վերջին ամիսների իրադարձութիւնները և ԻՔԺԿ-ի՝ որպէս Իրանի քրդական ամենահին կուսակցութեան մարտավարութեան փոփոխութիւնը հակասում են նշեալ կուսակցութիւնների վերջին երկու տասնամեակի որդեգրած քաղաքականութեանը։

Աւելացնենք, որ Քրդստան ասելով` այս կուսակցութիւնների ղեկավարները նկատի չունեն Իրանի ներկայիս Քորդեստան նահանգը։ Նրանք ասում են, որ դա Իրանի քրդաբնակ շրջանների ընդամէնը մէկ հինգերորդն է, և Քրդստան է նաև Իրանի Արևմտեան Ատրպատական նահանգի մի մասը։

Նշենք նաև, որ տուեալ հարցում լուրջ խնդիրներ կան այս կուսակցութիւնների և այն պանթիւրքական կազմակերպութիւնների միջև, որոնք պայքարում են Իրանի թիւրքախօս բնակչութիւն ունեցող շրջանների անկախութեան կամ Ադրբեջանի Հանրապետութեանը միանալու համար։

Քրդական կուսակցութիւնների ղեկավարները պնդում են, որ իրենք Մեծ Քրդստանի գաղափարը չեն հետապնդում, և իրենց ուզածը միասնական Իրանում ժողովրդավարական ու դաշնային համակարգի կիրառումն է, իսկ թէ դրանից յետոյ ապագայ սերունդները ի՞նչ դիրք կը բռնեն՝ դա նրանց որոշելիքն է։

Եզրակացութիւն

Չորս երկրների (Իրան, Իրաք, Սիրիա, Թուրքիա) միջև բաժանուած քրդաբնակ շրջաններում գործում են տարբեր կուսակցութիւններ։ Նրանց դիրքորոշումներին ծանօթանալով` եզրակացնում ենք, որ նրանք, բացայայտ թէ գաղտնի, հետապնդում են անկախութեան ծրագիր` ընդհուպ մինչև Մեծ Քրդստանի ստեղծում։ Քրդական կուսակցութիւնների միջև շատ են տարակարծութիւնները, որոնք իրենց հերթին պարարտ հող են ստեղծում արտաքին միջամտութեան համար։ Յաճախ նրանք ոչ քրդական ուժերի կողմից օգտագործւում են իրար դէմ։ Ինքնավարութեան, անկախութեան և կամ Մեծ Քրդստանի գաղափարն իրականացնելու ճանապարհին նրանց մեծ մասը յոյսը կապում է տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխութիւնների և արտաքին ուժերի՝ յատկապէս ԱՄՆ-ի հետ։

ՀՀ ազգային անվտանգութեան առումով և Հայ Դատի տեսանկիւնից չափազանց կարևոր են այն գործընթացները, ինչ այսօր կատարւում են քրդաբնակ շրջաններում, յատկապէս՝ Իրանում և Թուրքիայում։ Այս յօդուածում մենք կենտրոնացանք Իրանի քրդական կուսակցութիւնների վրայ։

Իրանի պարագայում որևէ շարժում, որը պիտի վտանգի Իրանի հողային ամբողջականութիւնը և անկախութիւն բերի քրդաբնակ շրջաններին, իր հերթին պիտի հրահրի Իրանի այլ էթնիկ խմբերի անջատողական տենչերը և, օրինակ, անկախութիւն բերի նաև թիւրքախօս բնակչութիւն ունեցող շրջաններին՝ Հայաստանը վերածելով մեկուսացած կղզեակի։

Թուրքիայի պարագային քրդաբնակ շրջանների ինքնավարութիւն կամ անկախութիւն նշանակում է Արևմտեան Հայաստանի տարածքում քրդական պետութեան ստեղծում, որն իր հերթին, Հայ Դատի արդարացի լուծման տեսանկիւնից, յղի է բազմաթիւ անորոշութիւններով։

Ընդգծենք, որ մի կողմ դնելով Իրանում առկայ վերոնշեալ հարցերին Հայաստանի ու Հայ Դատի տեսանկիւնից նայելու մօտեցումը և հարցին նայելով զուտ գիտական առումով՝ պէտք է փաստել, որ Իրանում առկայ անջատողական մտքերն ու հակումները չունեն ժողովրդական յենարան, այլ հիմնականում հրահրւում են դրսից՝ այս կամ այն մեծապետական ուժի բազմաբղետ  շահերի իրականացման նպատակով։

Վերջ

 

Յղումներ

[1] https://www.youtube.com/watch?v=U3lylbJ7SM0&feature=youtu.be&list=PLmdEvtplre60ZJPnPHUv1MAdCbYpqcNZv
[2] Նոյն տեղը։
[3] http://www.presstv.ir/DetailFa/2016/09/30/486979/hran-saudi-arabia
[4] https://www.youtube.com/watch?v=U3lylbJ7SM0&feature=youtu.be&list=PLmdEvtplre60ZJPnPHUv1MAdCbYpqcNZv
[5] http://www.kurdistanmedia.com/farsi/idame/25653
[6] http://www.presstv.ir/DetailFa/2016/10/11/488524/iran-Army-of-the-Guardians-of-the-Islamic-Revolution
[7] https://en.wikipedia.org/wiki/Kurds#cite_note-Mackey-2
[8] Prolegomena to the Study of the Kurds, Garnik Asatrian,  Iran and the Caucasus 13 (2009) 1-58.
[9] Թուրքիայի արևելեան շրջաններ՝ այսինքն՝ Արևմտեան Հայաստան։
[10] http://enwikipedia.org/wiki/Kurds
[11] «Իրանի աշխարհաքաղաքականութիւնը», Գրահամ Ֆուլեր, 1994 թ., Թեհրան, էջ 51-53 ։
[12] Նոյն տեղը, էջ 224-226 ։
[13]  Իրանի քրդական կուսակցութիւնների մասին ուսումնասիրութիւնը կատարուել է նշեալ չորս կուսակցութիւնների պաշտօնական կայքէջերի միջոցով՝ նրանց ծրագրերի ու գործունէութեան հետ ծանօթանալով և, 2008 թ. «Ամերիկայի ձայնի» միջոցով սփռուած ութ մասանոց խիստ շահեկան տեսաշարի հիման վրայ։ Տեսաշարում առկայ են հարցազրոյցներ Իրանի քրդաբնակ շրջաններում գործող երեք կուսակցութիւնների ղեկավարների հետ, որոնցում նրանք ներկայացնում են իրենց տեսակէտները տարբեր հարցերի վերաբերեալ։ Յաւելեալ մանրամասնութիւնների համար կարող էք այցելել http://www.youtube.com/watch?v=epL7YQPKlhk  ։
[14] http://www.komala.org/farsy/
[15] http://www.kurdistanmedia.com/farsi/
[16] http://fa.kurdistanukurd.com/
[17] http://pjak.eu/fa/
[18] Ծրագրում նշուած չէ, թէ երբ է տեղի ունեցել 15-րդ համագումարը, սակայն մեր տեղեկութիւններով, այն տեղի է ունեցել 2012 թ. հոկտեմբերին։
[19] Ծրագրում, ինչպէս նկատելի է, կողք կողքի գործածուած են ազգ, ազգութիւն և ժողովուրդ հասկացութիւնները։
[20] http://pjak.eu/fa/
[21] Նոյն տեղը։
[22] http://www.akamnews.com/Pages/News-708.aspx

 

Օգտագործուած աղբիւրներ

1.     https://www.youtube.com/watch?v=U3lylbJ7SM0&feature=youtu.be&list=PLmdEvtplre60ZJPnPHUv1MAdCbYpqcNZv

2.     http://www.presstv.ir/DetailFa/2016/09/30/486979/hran-saudi-arabia

3.     http://www.kurdistanmedia.com/farsi/idame/25653

4.     http://www.presstv.ir/DetailFa/2016/10/11/488524/iran-Army-of-the-Guardians-of-the-Islamic-Revolution

5.     http://enwikipedia.org/wiki/Kurds

6.     Prolegomena to the Study of the Kurds, Garnik Asatrian,  Iran and the Caucasus 13 (2009) 1-58.

7.     «Իրանի աշխարհաքաղաքականութիւնը», Գրահամ Ֆուլեր, 1994 թ., Թեհրան, էջ 51-53

8.     http://www.shahrvand.com/archives/30517

9.     http://www.youtube.com/watch?v=epL7YQPKlhk

10.  http://pjak.eu/fa/

11.  http://www.akamnews.com/Pages/News-708.aspx

12.  http://www.komala.org/farsy/

13.  http://fa.kurdistanukurd.com/

 

Տպել Տպել