Մտորումներ Հայաստանի քաղաքական զարգացումներում Դաշնակցութեան կատալիտիկ դերի մասին

Հեղինակ։ Վալի Քուզեհգար Քալեջի1

Պարսկերէնից թարգմանեց։ Սարգիս Մկրտչեանը

Կատալիզատորը քիմիական նիւթ է, որը արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, համակարգում հաւասարակշռութիւն ստեղծելու նպատակով, բայց ինքը չի ծախսւում և չի մտնում ռեակցիայի արդիւնքում առաջացած նոր նիւթի մէջ։

Քաղաքական ոլորտում ևս որոշ քաղաքական և ընկերային շարժումներ իրենց իւրայատուկ դերի ու ազդեցութեան պատճառով, գործնականում այդպիսի դեր են կատարում։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որն Իրանում ճանաչւում է գլխաւորաբար որպէս հայկական ազգայնական շարժում և սովորաբար նրա ձախ համայնավարական2 էութիւնը աւելի քիչ է ուշադրութեան արժանանում, այն կուսակցութիւնների և քաղաքական շարժումների շարքում է, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական բեմում, ընդորում այդ երկրի քաղաքական վերջին զարգացումների ընթացքում, գործնականում կատալիզատորի դեր է կատարել։

Դա բխում է անցեալ ունեցող հայկական քաղաքական այս շարժման իւրայատուկ ու տարբեր վիճակից։ Իրականութիւնն այն է, որ աւելի քան մէկ դարեա անցեալ ունենալով հանդերձ՝ Դաշնակցութիւնը, Հայաստանի քաղաքական զարգացումներում չի համարւում գլխաւոր ու որոշիչ դերակատարը և այս քաղաքական շարժման ընկերային ու քաղաքական հիմնական յենարանը գտնւում է Հայաստանից դուրս ու հայկական Սփիւռքի համայնքներում։

Հիմնականում երկու ձախ կուսակցութիւնները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը և Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը, Ռամկավար-Արմենական լիբերալ կուսակցութեան հետ, համարւում են Հայաստանում Սփիւռքի երեք քաղաքական կուսակցութիւնները, որի պատճառը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութեան հաստատումից յետոյ (1920 թ.), Հայաստանից քաղաքական այս երեք կուսակցութիւնների ղեկավարների ու բարձրաստիճան անդամների հեռացումն ու արգելափակումն է։ Խորհրդային եօթանասունամեայ շրջանի ընթացքում, գործնականում Դաշնակցութիւն, Հնչակեան և

_________________________

1 Վալի Քուզեհգար Քալեջին Իրանի և Եւրասիայի հետազոտութիւնների հաստատութեան (ԻՐԱՍ) գիտական խորհրդի անդամ է։

2 Հ.Յ.Դաշնակցութիւնը երբէք ձախ համայնավարական կուսակցութիւն չի եղել։ Հ.Յ.Դաշնակցութիւնը ընկերվարական կուսակցութիւն է։ – Ս.Մ.

Արմենական-Ռամկավար կուսակցութիւնների ընկերային ու քաղաքական յենարանը տեղափոխուեց Հայաստանից դուրս, յատկապէս
այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սիրիան, Լիբանանը, Յունաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացեալ Նահանգները։

Թէև Խորհրդային Միութեան փլուզումից ու Հայաստանի անկախացումից յետոյ, այս երեք կուսակցութիւնների պաշտօնական գործունէութիւնը եօթանասուն տարի անց՝Հայաստանում կրկին վերսկսուեց, սակայն Դաշնակցութիւն, Հնչակեան և Արմենական-Ռամկավար կուսակցութիւնները այլևս չկարողացան Հայաստանի քաղաքական զարգացումների բեմում տասնիներորդ դարի վերջերի ու քսաներորդ դարի սկզբների իրենց տիրական ու ազդեցիկ դերակատարութիւնն ունենալ և գործնականում Հայոց Համազգային Շարժումը՝ Լևոն Տէր-Պետրոսեանի ղեկավարութեամբ և, Հանրապետական կուսակցութիւնը՝ Ռոբերտ Քոչարեանի3 և Սերժ Սարգսեանի ժամանակաշրջանում վերածուեցին այդ երկրի քաղաքական բեմահարթակի տիրական ու իսկական խաղացողների։

Դաշնակցութեան սաստիկ տարակարծութիւնները և բացայայտ դիմակայութիւնները Լևոն Տէր-Պետրոսեանին, որն իր գագաթնակէտին հասաւ 1994 թ. Ղարաբաղում հրադադարի պայմանագրի ընդունումից յետոյ և պատճառ դարձաւ կուսակցութեան արգելափակման և այդ կուսակցութեան անդամների ու ղեկավարներից շատերի ձերբակալման, ընդորում Վահան Յովհաննիսեանի և Հրանտ Մարգարեանի և նաև, Հրայր Մարուխեանի (կուսակցութեան այն ժամանակուայ ղեկավարը) վտարմանը Հայաստանից, ինչպէս նաև Հայաստանի տարբեր իշխանութիւնների կողմից սփիւռքահայերին երկքաղաքացիութիւն և քուէարկութեան իրաւունք չշնորհելը, պատճառ դարձան, որ հայկական Սփիւռքի դասական երեք կուսակցութիւնները, յատկապէս Դաշնակցութիւնը իրականում չկարողանան Հայաստանի քաղաքական զարգացումների ոլորտում տիրական ու որոշիչ դերակատար լինել և նրանց իսկական յենարանը շարունակի մնալ Հայաստանից դուրս և հայկական Սփիւռքի համայնքներում՝ Քոչարեանի իշխանութեան կողմից կուսակցութեան արգելափակման չեղարկմամբ և ղեկավարների ազատ արձակմամբ հանդերձ։

Սակայն այս հանգամանքները վերոյիշեալ քաղաքական շարժումների, մասնավորապես Դաշնակցութեան, Հայաստանի անցեալ 25 տարիների քաղաքական տարբեր ու կարևոր ժամանակահատուածներում ազդեցութիւն չունենալու իմաստով չեն նշվում և այս քաղաքական վաստակաւոր կուսակցութիւնը «համախոհութիւն առաջացնելու» կամ «համախոհութիւնից դուրս գալու» երկու ձևով՝ Հայաստանում տարբեր իշխանութիւնների իշխանութեան գալու կամ իշխանութիւնից հեռանալու գործընթացի արագացմանն ու հեշտացմանն է նպաստել, որը յստակօրէն վկայում է Դաշնակցութեան կատալիտիկ դերի մասին։

______________________________
3 Հայաստանի Հանրապետութեան երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարեանը երբէք պաշտօնապէս չյայտարարեց, որ անդամակցում կամ ղեկավարում է Հանրապետական կուսակցութիւնը, սակայն Հանրապետական կուսակցութեան հետ նրա մտային, քաղաքական և կազմակերպական մօտիկութիւնը, գործնականում Քոչարեանին այս քաղաքական կուսակցութեան շրջանակներում է տեղադրում։

Դաշնակցութեան առաջին կարևոր կատալիտիկ դերը Լևոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան կողմից 1994 թ. Ղարաբաղի պատերազմի հրադադարի ընդունմանը ու նաև 1995 թ. Սահմանադրութեան հանրաքուէում նախագահական կառավարման համակարգի հաստատմանը դէմ լինելն էր։ Դաշնակցութիւնը Ղարաբաղի պատերազմում հրադադարի ընդունումը և Ադրբեջանի Հանրապետութեան հետ խաղաղութեան բանակցութիւնների սկսումը համարում էր մի տեսակ հաշտուողականութիւն և նահանջ Հայաստանի իշխանութեան կողմից և, նախագահական կառավարման համակարգի հաստատումը համարում էր համայնավարական շրջանի աւտորիտար մոդելների շարունակութիւնը ինչպես և ժողովրավարութեան թուլացման պատճառ։ Թէև Տէր-Պետրոսեանի իշխանութիւնը այդ ժամանակահատուածում յաջողեց առաջ տանել իր նպատակները երկու հարցերում էլ, սակայն Դաշնակցութեան խիստ ընդդիմութիւնը, որը հասցրեց մինչև կուսակցութեան արգելափակման և ղեկավարների ձերբակալման ու հեռացման հետեւանքին, կարևոր դեր ունեցաւՏէր-Պետրոսեանի իշխանութեան դիրքերի թուլացման գործընթացում, որն ի վերջոյ յանգեց նախագահութիւնից նրա հրաժարականին՝ 1998 թ.։

Այս գործընթացը Ռոբերտ Քոչարեանի և Սերժ Սարգսեանի իշխանութիւնների օրերին այլ տեսք ու դրսեւորում ստացաւ և Դաշնակցութիւնը այդ երկու իշխանութիւնների հետ կոալիցիա կազմելով կարողացաւ մշտապէս մի քանի նախարար ունենալ տարբեր կառավարութիւններում։ Ընդդիմութեան կարգավիճակից փոխադրուելով դիմութեան կարգավիճակի և ամենակարևորը, Քոչարեանի և Սարգսեանի իշխանութիւնների հետ կոալիցիա կազմելով, Դաշնակցութիւնը հնարաւորութիւն ստեղծեց, որ բազմատեսակ քաղաքական թևեր կառավարութեան կազմում տեղ գրաւեն և Դաշնակցութեան ընկերային ու քաղաքական դիրքը՝ հայկական Սփիւռքի համայնքներում նկատի ունենալով, այս քաղաքական կուսակցութիւնը գործնականում կարողացաւ որպէս շաղկապող կամուրջ կարևոր դեր կատարել Հայաստանի իշխանութիւնների և Հայաստանից դուրս ապրող հայերի միջև։ Թերևս Դաշնակցութեան ամենակարևոր կատալիտիկ դերն այդ ժամանակահատուածում կարելի է համարել աջակցութիւնը Սերժ Սարգսեանին և Հանրապետական կուսակցութեանը՝ 2008 թ. Մարտի նախագահական դժուարին ընտրութիւններում, որի արդիւնքների դէմ ժողովրդական բողոքի ալիք բարձրացաւ՝ Լևոն Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ, ով ղեկավարում էր Հայ Ազգային Կոնգրեսը (իշխանութեանն ընդդիմադիր քաղաքական 18 կուսակցութիւններից բաղկացած) և բողոքի արդիւնքը եղաւ աւելի քան տասը զոհ և հարիւրաւոր վիրաւորներ և ձերբակալուածներ։ Այդպիսի պայմաններում, դրանով հանդերձ, որ Վահան Յովհաննիսեանը, նախագահական ընտրութիւններում Դաշնակցութեան թեկնածու որպէս Սերժ Սարգսեանի հետ մրցակցելով չորորդ տեղը գրաւել, սակայն իշխանութեան կազմաւորման գործընթացում, Դաշնակցութիւնը մէկ անգամ նորից իշխանութեան կողքին կանգնեց և այդ ժամանակահատուածի ճգնաժամային պայմաններում մաս կազմելով կոալիցիային կարևոր դեր ունեցաւ Սարգսեանի առաջին շրջանի իշխանութեան հաստատման գործում։

Հայաստանի և Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացման գործընթացի սկզբնավորումով, որը տեղի ունեցաւ երկու երկրների արտաքին գործերի նախարարների համաձայնութեամբ 2009 թ. ապրիլի 24-ին, Դաշնակցութիւնը այդ քայլի դէմ յայտարարութիւն անելով Սարգսեանի իշխանութեան հետ կոալիցիայից դուրս եկաւ և այդ կուսակցութեան նախարարները հրաժարական տուեցին կառավարութիւնից և վերադառնալով ընդդիմութեան դիրքեր, ամբողջութեամբ դուրս եկաւ Ցիւրիխի համաձայնագրի (2009 թ. հոկտեմբերի 10) և Հայաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացման արձանագրութիւնների դէմ։

Իրականում Դաշնակցութիւնը հայկական Սփիւռքի համայնքներում ընկերային ու քաղաքական լայն յենարան ունենալով, որոնք իրենց համարում են զանգուածային կոտորածների ուղղակի և անմիջական ժառանգները, հակառակ էր երկու երկրների յարաբերութիւնների բնականոնացմանը մինչև հայոց զանգուածային կոտորածները չճանաչուեն որպէս ցեղասպանութիւն և այս տեսակէտից շատ ծանր ճնշում գործադրեց Սարգսեանի իշխանութեան վրայ։ Ուշադրութեան արժանի էր հայ բողոքարարների կազմակերպումն ու ուղղորդումը՝ Սարգսեանի դէպի Բէյրութ, Փարիզ, Լոս Անջելես և Ռուսաստանի Դոնի Ռոստով ճամփորդութիւնների ընթացքում։ Այս ճնշումների ամբողջութիւնը ի վերջոյ յանգեցրեց Հայաստանի և Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացման արձանագրութիւնների կասեցմանը, թէև հակառակ կողմում առկայ Թուրքիայի ազգայնական շարժումների և Ադրբեջանի Հանրապետութեան հակառակորդները (Հայաստանի և Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացման դէմ մինչև Ղարաբաղի տագնապի իրավիճակի յստակեցում) ևս Հայաստանի և Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացման կասեցման գործում կարևոր դեր խաղացին։

Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների բնականոնացման ծրագրի կապակցութեամբ Դաշնակցութեան և Հանրապետական կուսակցութեան տարակարծութիւնների վերացումով, դաշնակցականները կրկին Սարգսեանի երկրորդ իշխանութիւնում վերադարձան կառավարութեան կազմ և իշխանութեանն ընդդիմութեան վիճակից դուրս եկան։ Այս կուսակցութեան կարևոր և կատալիտիկ դերը ուշադրութեան արժանի էր 2015 թ. աշնանը նախագահականից խորհրդարանական Հայաստանի քաղաքական կառուցուածքի փոփոխութեան հանրաքուէի ընթացքում։ Դաշնակցութիւնը իր նախկին ու աւանդական քաղաքականութեան շարունակութեան մէջ Հայաստանում խորհրդարանական համակարգի ստեղծման գործում, որին հետևում էր 1990 թ. սկզբներից, Հանրապետական և Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնների կողքին կանգնեց, ընդդէմ ընդդիմադիր այնպիսի կուսակցութիւնների, որոնք էին Ժառանգութիւն կուսակցութիւնը՝ հայկական լիբերալ կուսակցութիւններից մէկը, և Հայ Ազգային Կոնգրեսը։ Նիկոլ Փաշինեանն էլ, Հայաստանի վերջին զարգացումներին ընդդիմադիր ղեկավարը և ներկայիս վարչապետը, կանգնեց այնպիսի մարդկանց կողքին, ինչպէս Րաֆֆի Յովհաննիսեանը, Արմէն Մարտիրոսեանը, Պետրոս Մակեանը և Անդրիաս Ղուկասեանը, որոնք համարւում էին ընդդիմութեան ակնառու դէմքերից։

Հայկական Սփիւռքի համայնքներում Դաշնակցութեանը պատկանող լայնածաւալ զանգուածային լրատուամիջոցների ցանցը կարևոր դեր խաղաց նախագահականից խորհրդարանական Հայաստանի քաղաքական կառուցուածքի փոփոխութեան ծրագրի դէմ առկայ մթնոլորտի մեղմացման ու հաւասարակշռման գործում։ Մի ծրագիր, որը Հայաստանի ժամանակի իշխանութեան ընդդիմադիր կուսակցութիւնների տեսանկիւնից, ոչ թէ իրաւական քայլ էր, այլ քաղաքական քայլ և ուղղուած Սերժ Սարգսեանի և Հանրապետական կուսակցութեան դիրքի ամրապնդմանը։ Դաշնակցութիւնն առնուազն կարողացաւ հայկական Սփիւռքի համայնքներում այն յարաբերական յոյսը առաջացնել, որ այդ փոփոխութիւնների իրականացումը յանգելու է Հայաստանի հասարակութիւնում աւելի խորը քաղաքական բարենորոգումների և ժողովրդավարական գործընթացների արմատաւորմանը և երկարատև ժամանակահատվածում ստեղծելու է ենթահող՝ Հայաստանի Հանրապետութեան ընկերային ու քաղաքական զարգացումների գործընթացներում հայկական Սփիւռքի համայնքների քաղաքական ներգրաւուածութեան և ազդեցիկ ներկայութեան գործում։

Այդպիսով, Դաշնակցութիւնը մէկ անգամ կրկին իրականացնելով կատալիտիկ և միջնորդի դեր կարողացաւ Սարգսեանի իշխանութեան դիրքի կայունացմանը և նախագահականից խորհրդարանականի Հայաստանի քաղաքական կառուցուածքի փոփոխութեան ծրագրի վերջնական վաւերացմանը օգնել։ Այդ հիմամբ, Դաշնակցութիւնը, 2017 թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրութիւններին, (Սահմանադրութեան փոփոխութիւնից յետոյ առաջին խորհրդարանական ընտրութիւնները) մասնակցեց և ստանալով միայն 6.7 տոկոս քուէ (չորրորդ տեղը իշխող Հանրապետական կուսակցութիւնից, Ծառուկեան դաշինքից և Նիկոլ Փաշինեանի ղեկավարած Ելք դաշինքից յետոյ), կարողացաւ Սերժ Սարգսեանի վարչապետ հռչակուելուց յետոյ, երեք նախարարով մուտք գործել խորհրդարանական քաղաքական կառուցուածքով Հայաստանի նոր կառավարութեան կազմ։

Հայաստանում ժողովրդական բողոքների սկզբնավորման և դրա արագ տարածման հետ, Հանրապետական կուսակցութեան հետ կազմած կոալիցիայից դուրս գալով և նախարարների հրաժարականով, Դաշնակցութիւնըմէկ անգամ եւս ընդդիմութեան դիրքում յայտնվեց և կատալիտիկ դեր կատարելով՝ գործնականում Սարգսեանի հրաժարականի գործընթացն արագացրեց։ Դաշնակցութիւնը ընդդիմութեան՝ յատկապէս Նիկոլ Փաշինեանի հետ՝ իշխանութեան և Հանրապետական կուսակցութեան բանակացութիւնների գործընթացում, միջնորդի դերում աշխատանքի լծուեց։ Դաշնակցութեան ակնառու և կատալիտիկ դերը ամէն ինչից աւելի իրեն ցոյց տուեց Փաշինեանի՝ Հայաստանի վարչապետ դառնալու գործընթացում։ Փաշինեանը, որ խորհրդարանում առաջին քուէարկութեան ժամանակ 45 կողմ քուէ ստանալով չկարողացաւ նուազագոյն 53 անհրաժեշտ քուէն ձեռք բերել, երկրորդ քուէարկութեան ժամանակ, Դաշնակցութեան վճռորոշ 7 քուէի շնորհիւ կարողացաւ 59 կողմ քուէով ընդդէմ 42 դէմ քուէի, դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ իսկ պատճառով, Դաշնակցութիւնը, կոալիցիոն սկզբունքով, երկու նախարարով ներկայ է Փաշինեանի կառավարութեան կազմում։ Արծուիկ Մինասեանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար և Արթուր Խաչատրեանը, գիւղատնտեսութեան նախարար, այն երկու նախարարներն են, ովքեր Դաշնակցութեան կողմից Նիկոլ Փաշինեանի կառավարութեան կազմում են։ Այս խնդրի կարևորութիւնն այն է, որ 1998 թ. յետոյ (Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան հասնելու ժամանակահատուած) առաջին անգամուայ համար, Հանրապետական կուսակցութիւնից և ղարաբաղցիներ կոչուող թևից (Արցախի թև) որևէ մէկը Հայաստանի կառավարութեան կազմում ներկայութիւն չէ և այդ երկրի քաղաքական դասաւորումները ուշադրութեան արժանի փոփոխութիւններ են արձանագրել։

Վերոյիշեալ հարցերի հանրագումարը ցոյց է տալիս, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը նրանով հանդերձ, որ Հայաստանի խորհրդարանում և կառավարութիւնում երբէք մեծամասնութեան դիրքում չի եղել, և Հայաստանի ներքաղաքական հարցերում Հայոց Համազգային Շարժման և Հանրապետական կուսակցութեան համեմատութեամբ տիրական ու որոշիչ խաղացող չի եղել, սակայն իր պատմութեան և երկարատև անցեալի, կազմակերպական համախմբուածութեան և հայկական Սփիւռքում քաղաքական, ընկերային ու զանգուածային լրատուամիջոցների լայնածաւալ յենարանի շնորհիվ, կարողացել է գործնապաշտական մօտեցման որդեգրմամբ Հայաստանի քաղաքական պատմութեան կարևոր ու զգայուն ժամանակահատուածներում կատալիտիկ ու ազդեցիկ դերակատարութիւն ունենալ, ինչի ամենացայտուն օրինակը, ինչպէս նշուեց՝ Հայաստանի վերջին զարգացումների ընթացքում, Սերժ Սարգսեանի հրաժարականի արագացումը և Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հասնելը, ակնյայտօրէն տեսանելի են։

Հետևաբար, դրանով հանդերձ որ Դաշնակցութիւնը անցեալ 25 տարիների ընթացքում մշտապէս Հայաստանի խորհրդարանում և կառավարութիւնում փոքրամասնութեան դիրքում է եղել, սակայն մուտք գործելով կամ դուրս գալով քաղաքական կոալիցիաներից, իւրայատուկ ազդեցութիւն ու կարողութիւն ունի Հայաստանում հաստատուած իշխանութիւնների, իշխող ու տիրապետող կուսակցութիւնների դիրքերի կայացման կամ տկարացման գործում և համարւում է շատ կարևոր կապի միջոց Հայաստանի և հայկական Սփիւռքի համայնքների միջև և, այս նկատառումները Հայաստանի քաղաքական ղեկավարների ու գործիչների, այդ թւումՆիկոլ Փաշինեանի, ուշադրութեան կենտրոնում են։ Յատկապէս, որ Փաշինեանը Հայաստանի տնտեսութիւնում կառուցուածքային բարենորոգումների նպատակով, կոռուպցիայի, հովանաւորչութեան ու կաշառակերութեան, օլիգարխիական ցանցի դէմ պայքարի և արտաքին ներդրումների գրաւման համար, առանձնայատուկ ուշադրութիւն է դարձնում հայկական Սփիւռքի համայնքների մարդկային ու նիւթական կարողութիւններին, մանաւանդ՝ Հիւսիսային Ամերիակայի և Արևմտեան Եւրոպայի։ Քալիֆորնիայի Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանեանի ներկայութիւնը Հայաստանի ընդվզումների ընթացքում և Փաշինեանի հրաւէրը Էմ.Այ.Թի. համալսարանի ակնառու տնտեսագետ Տարօն Աճեմօղլուին4, Հայաստանի տնտեսութեան մէջ կառուցուածքային բարենորոգումներում օժանդակելու և խորհրդատւութիւն տալու համար, ցայտուն օրինակներ են հայկական Սփիւռքի համայնքների կարողութիւնների նկատմամբ Հայաստանի նոր ղեկավարի ուշադրութեան։

Այս գործընթացում, Դաշնակցութիւնը՝ երկարատև անցեալի և կազմակերպական ներուժիշնորհիվ, որ ունի այնպիսի հաստատութիւններում, ինչպիսիք են Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտէն5, կարող է այդ գործընթացը Փաշինեանի իշխանութեան համար հեշտացնել։ Թէև նկատի պիտի ունենալ, որ Փաշինեանը և Հայաստանում իշխող քաղաքական ու տնտեսական նոր թիմը, շատ դժուար ճանապարհ ունեն Արևմտեան երկրների, ֆինանսական և բանկային միջազգային հաստատութիւնների, ինչպէս նաև Հիւսիսային Ամերիկայի և Եւրոպայի հայկական Սփիւռքի համայնքների վստահութիւնը շահելու գործում: Միայն կոռուպցիայի, հովանաւորչութեան և օլիգարխիայի լայնածաւալ ցանցի դէմ (ինչպիսին Վրաստանի յաջողած փորձն է) իրական ու գործնական պայքարի դէպքում է, որ այդ վստահութիւնը կարող է ձևաւորուել և, արտաքին ներդրումների մուտքով՝ պակասեցնել Հայաստանի տնտեսական դժուարութիւնների չափը՝ յատկապէս անգործութեան և Հայաստանից գաղթի բարձր տոկոսը ինչպէս և, Ռուսաստանի Դաշնութիւնից այս երկրի կախուածութեան շարունակումն ու խորացումը։

_____________________________

4 Աճեմօղլուն ծնուել է Թուրքիայում մի հայ ընտանիքում, ներկայիս ԱՄՆ քաղաքացի է և մշտապէս Հայաստանի նախկին իշխանութեան քննադատն է եղել կոռուպցիայի բարձր մակարդակի և ֆինանսական լայնածաւալ չարաշահումների պատճառով։

5 Խօսքը Հայ Դատի գրասենեակի մասին է։- Ս.Մ.

Տպել Տպել