Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի վեցերորդ համարը

Հունիսի 1-ից համացանցի վրա է ՀՅԴ Բյուրոյի «Դրօշակ» պաշտոնաթերթի 6-րդ համարը:

Այս համարի հարցազրույց խորագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Յագուբյանը: Ուշագրավ հարցազրույցում անդրադարձ է կատարվում մասնավորապես Արեւմտյան Ամերիկայի շրջանում համաշխարհային համավարակի պատճառով ընկերային եւ այլ խնդիրների առջեւ հայտնված հայրենակիցներին ՀՅԴ-ի, ուղեկից եւ քույր կառույցների միասնական ջանքերով ցուցաբերվող օգնությունների թեմային: Պատասխանելով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների առկա վիճակի մասին հարցին Վիգեն Յագուբյանը ասում է. «Անկախութենէն ի վեր Սփիւռքի վերաբերեալ ՀՀ իրարայաջորդ իշխանութիւններու որդեգրած հայեցակարգը ցոյց կու տայ Սփիւռքին նկատմամբ լուրջ անտեղեակութիւն մը»:

Հարցազրույցում ներկայացվում է այն իրականությունը, որը ձեւավորվել է Սփյուռքի հանդեպ կաղապարված պատկերացումների եւ այդ մտայնություններից բխող փոխհարաբերությունների որակի պատճառով:

Ինչպես հուշում է համարի առաջնորդողը, «Դրօշակ»-ի հերթական հրապարակման առանցքում է բնապահպանության թեման: Այս թեմայով գրված Սյուզան Խարդալյանի հոդվածը կոչվում է. «Բնապահպանական ուրոյն փիլիսոփայութեան համար» եւ անդրադառնում է մարդու բնության ու կենդանական աշխարհի փոխհարաբերություններին, մարդու իրավունքներին եւ պարտականություններին բնության, մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ, թե՛ իրավական եւ թե՛ բարոյական առումներով․ «կենդանիներու, բնութեան եւ բնավայրերու բարոյական եւ իրաւական կարգավիճակի չափն ու բնոյթը մարտահրաւեր է, որ պէտք է ընդունիլ»,- գրում է հեղինակը:

Նույն թեմայով հաջորդ հոդվածի հեղինակը ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների հանձնախմբի նախագահ Արեգ Ղարաբեգյանն է: «Հայաստանի բնապահպանական որոշ խնդիրների մասին» հոդվածում Արեգ Ղարաբեկյանը անդրադառնում է Հայաստանի մի շարք բնապահպանական հիմնահարցերին եւ ներկայացնում է այս հարցում եղած գնահատականներն ու առաջարկները:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ֆինանսների եւ էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը, խոսելով Հայաստանի գյուղատնտեսության վիճակի մասին, իր հերթին ներկայացնում է այս ոլորտի վերաբերյալ կատարված ախտորոշումներն ու հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված անելիքների առաջարկները:

Պաշտոնաթերթի հունիսյան համարում անդրադարձեր կան նաեւ 102 տարի առաջվա այս պատմական օրերի իրադարձություններին, Հայաստանի անկախացման դրամատիկ ընթացքին, հունիսի 4-ին կնքված Բաթումի հաշտության պայմանագրին նախորդող ու հաջորդող գործընթացներին: Ընթերցողը այս համարում կգտնի նաեւ հետաքրքրական այլ հոդվածներ:

Ներբեռնել համարը

Տպել Տպել