Օրվա գերխնդիրը

khmbagrakanՎերջին շրջանում, տարբեր նախարարներ, ու այլ պաշտոնյաներ ներկայացնում են տպավորիչ ցուցանիշներ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրվող աճի վերաբերյալ: Հավատանք ներկայացվող տոկոսային թռիչքին, մանավանդ որ մեր թույլ տնտեսության դեպքում այս ցուցանիշը պետք է գնահատել համեմատության մեջ:

Արձանագրենք, որ թվային տեսքով ձեռք բերված արդյունքը 501 միլիարդ դրամ է, որը արտարժութային հարաբերակցությամբ կազմում է մոտ 125 միլիոն դոլար:

Միաժամանակ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը նույնպես երկնիշ թվերով է արտահայտվել, տարբեր մթերքների գծով զգալիորեն գերազանցելով տնտեսական աճի ցուցանիշները:

Ուրախությամբ կարելի էր կիսել կառավարության ներկայացուցիչների ոգեւորությունը, եթե զգալի լիներ այդ տնտեսական աճի դրական ազդեցությունը՝ պարզ քաղաքացու կենսամակարդակի վրա: Ցավով նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ այս երկուսը չեն աղերսվում իրար: Ավելին: Դարձյալ վկայաբերելով պաշտոնական վիճակագրությունը արձանագրենք, նաեւ այն փաստը, որ նույն ժամանակահատվածում Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են ընդամենը 6%-ով: Կրկին համեմատությանը դիմելով տեսնում ենք, որ սա ամենացածր ցուցանիշն է ԱՊՀ երկրների շարքում:

Այստեղ ընդհատենք տնտեսական պատկերին անդրադարձը, քանի-որ մեր նպատակը այդ չէ, այլ՝ դրա կոնկրետ հետեւանքները: Այս դեպքում ցանկանում ենք անդրադառնալ տվյալ շղթայի օղակներից մեկին, որ կոչվում է ժողովրդագրություն: Եթե խիստ վատատես չենք պետք է հավատանք, որ ի վերջո կգա ժամանակը, երբ մեր երկրում էլ կհաղթահարվի անվերջանալի թվացող աղքատությունը: Իհարկե հայի համբերությունը կարող է ձգվել անսահմանորեն, իսկ կարո՞ղ է արդյոք անսահմանորեն սպառվել երկրի մարդկային ներուժը:

Մեղմ կլինի ասված, եթե փաստենք, որ ժողովրդագրական անկումը մեզանում ընդունել է սպառնալի չափեր: Այն այլեւս ազգային անվտանգության առաջնահերթ խնդիր է, որի լուծումը հետաձգել չի կարելի: Մեկ անգամ եւս դիմենք թվերի օգնությանը , որպեսզի վերը ներկայացված գնահատականը չափազանցված չթվա: Հարկադրված ենք արձանագրել, որ երկրից արտագաղթը նույնպես անընդհատ է ու թռիչքաձեւ աճի սկզբունքով: Եթե օրինակ 2008 թվականին այն կազմել է մոտ 21 հազար մարդ, ապա 2009-ին դարձել է մոտ 25.000, 2010ին մոտեցել է 30.000-ին, իսկ 2011-ին միանգամից հասել է գրեթե 50.000-ի: 2012 թվականի առաջին կիսամյակի տվյալները ահազանգում են, որ տարվա վերջում կունենանք հեռացողների զգալի աճ՝ արդեն 11 թվականի համեմատությամբ: Նկատենք, որ զուգահեռաբար անկում է ապրում ծնելիությունը, ավելանում է մահացությունը, պակասում են ամուսնությունները եւ այլն:

Բնականաբար մարդկային ներուժի անկումը երկրի կենսագործունեության վրա թողնում է շոշափելի ազդեցություն: Դատարկվում են սահմանամերձ ու լեռնային գյուղերը, պակասում է աշխատող, բարիք ստեղծող ձեռքը: Կադրերի նոսրացում, որակյալ մասնագետների դեֆիցիտ եւ մրցունակության անկում է ձեւավորվում կրթության ու գիտության, մշակույթի ու արհեստների, սպորտի ու առողջապահության եւ մյուս՝ գրեթե բոլոր ոլորտներում: Որպես հավելում, սրան էլ գումարենք այն, որ նույն վիճակագրության համաձայն ժողովրդի մի զգալի հատված իր ապագան չի տեսնում Հայաստանում: Այսքանից հետո արդյո՞ք արտագաղթի երեւույթը չպետք է դիտարկել որպես հարցերի հարցը եւ համարել անհետաձգելի լուծումներ պահանջող գերակա խնդիր:

Մանավանդ որ այս իրավիճակում տնտեսական աճի ցուցանիշները չեն կարող ներկայացվել որպես մտահոգություններ փարատող հակափաստարկ: Փաստն այն է, որ որեւէ կերպ չի մեղմվում երկրի ապագան մթագնող սպառնալիքը: Առանցքային այս հարցի մեխն էլ երիտասարդության հեռանկարի խնդիրն է: Ակտիվ կյանք մուտք գործելու տարիքում այս սերունդը փնտրում է դրսեւորման հնարավորություններ եւ շատերն այդ հեռանկարը չեն տեսնում հայրենիքում: Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը հանդես եկավ մի շատ կարեւոր նախաձեռնությամբ՝ արտասահմանյան մոտ երկու տասնյակ առաջատար բուհերում հայ երիտասարդների ընդունվելու դեպքում կառավարությունը, (Լույս հիմնադրամի օժանդակությամբ) ստանձնեց ուսման վարձերի վճարումը: Զարմանք եւ դառնություն է հարուցում, սակայն այն հանգամանքը, որ երկրի ապագա մտավոր ներուժը կազմող այս հատվածի առջեւ չի դրվում ավարտելուց հետո վերադառնալու եւ առնվազն որոշակի ժամանակահատված ձեռք բերած գիտելիքները հայրենիքին ծառայեցնելու պայմանը: Ավելին, այնպիսի տպավորություն է կարծես խրախուսվում է արտասահմանում հաջող գործ գտնելու եւ արտերկրի հետ ապագան կապելու հեռանկարը: Եւ սա բացատրվում է նրանով, որ պետությունը միեւնույն է չի կարող աշխատատեղեր երաշխավորել նրանց համար: Նման երաշխիքներ չկան նաեւ բարձրագույն կրթություն ստացած կամ չստացած երիտասարդության բոլոր մյուս հատվածների համար: Վերն ակնարկված պատճառներով մեզանում ամուսնության տարիքը աճել է մինչեւ երեսունին մոտ, մեծացել է չամուսնացող տղաների ու աղջիկների թիվը, իսկ ծնվող երեխաների թվաքանակը մոտ է երբեմն եղած քանակի կեսին:

Աշխատանքով ապահովումը, հիմնական հանգամանք է, որ կարող է լուծել երիտասարդության եւ մեր երկրի ապագայի հարցը: Ուրեմն եւ Հայաստանը այլ ելք չունի քան երիտասարդության հիմնահարցը գերխնդիր հռչակելը եւ համապատասխան ռազմավարական ծրագրերի մշակումը: Եկեք հիշենք, որ երկրի համար շատ ավելի վատ իրավիճակներում գերխնդիր են հռչակվել աղետի գոտու վերականգնման, Հայաստանի ու Արցախի ենթակառուցվածքների զարգացման եւ մի քանի այլ հիմնահարցեր: Այդ նպատակների կենսագործման համար կազմվեցին ծրագրեր, ստեղծվեցին զանազան հիմնադրամներ, որոնց մեջ իր գործունեությամբ առանձնանում է իհարկե «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Վերջինիս միջոցների գոյացման համար Հայաստանում եւ սփյուռքում ամեն տարի անց են կացվում հեռուստամարաթոններ: Եւ այսօր կարող ենք արձանագրել, որ ինչ-ինչ թերություններով հանդերձ առաջադրված խնդիրները հիմնականում հաջողվել է լուծել: Նկատի ունենալով հարցի առանձնահատկությունն ու անհետաձգելիությունը ինչո՞ւ չպետք է նման վերաբերմունքի արժանանա երիտասարդության հիմնահարցը, կամ եթե ավելի ստույգ ձեւակերպենք երիտասարդությանը աշխատանքով ապահովելու նպատակը:

Իհարկե միամիտ կլինի ենթադրել թե խնդիրն ունի հեշտ լուծում եւ չհասկանալ, որ այն համալիր լուծումներ պահանջող հիմնահարց է: Այն պետք է ներառի օրենսդրականից մինչեւ, գիտության եւ արտադրության ոլորտներում նորանոր անելիքների նախաձեռնումը, եւ սրան գումարած բարոյա-հոգեբանական համապատասխան մթնոլորտի ձեւավորումը: Խնդիրը պահանջում է թիրախային լուծումներ, նկատի առնելով օրինակ երիտասարդության ամրապնդումը լեռնային ու սահմանային բնակավայրերում, անհրաժեշտ մասնագետների ուղղորդումը հեռավոր բնակավայրեր, մեր իրականության մեջ պահանջարկ վայելող անհրաժեշտ արհեստների գծով միջին մասնագիտական կրթության կազմակերպումը, ինչպես եւ համալսարանական կրթություն ստացողների համար, նյութական առումով, գրավիչ հնարավորությունների ապահովումը: Սա իրավամբ պետք է դառնա համահայկական գործ, որին մասնակցելով, աշխարհի որեւէ անկյունում ապրող հայը, հստակորեն կտեսնի թե իր ներդրած լուման կոնկրետ ինչ գործի է ծառայելու եւ մեծ հաշվով դրանից ազգային ինչ շահ է ստացվելու տեսանելի ապագայում:

Նման նախաձեռնումների պարագայում համերաշխորեն կարող են իշխանության հետ գործակցել եւ կուսակցությունները եւ հոգեւոր ու այլ հաստատությունները եւ այլազան միությունները: Սա նեղ շահերից, առավել եւս քաղաքական մրցակցությունից վեր նպատակ է, որը կարող է դառնալ իրական միասնության առիթ: Իհարկե այս գաղափարը երազանք կմնա, եթե բեռան տակ չմտնի Հայաստանի կառավարությունը: Ասված է, որ ի սկզբանե բանն էր: Ուրեմն պետք է սկսել քննարկումներից, իսկ հետո խոսքը վերածել գործի:

Խմբագրական «Դրօշակ»ի
4 Սեպտեմբեր 2012

Տպել Տպել