Մենք ենք մեր հարցերի տերը

khmbagrakan2012 թվականի խորհրդարանական ընտրությունները աննախադեպ էին ընտրակաշառքի եւ ընտրակեղծիքների զանգվածային կիրառման առումով: Սրանով հանդերձ ոչ մի ընտրության շուրջ խոսակցություններն ու քննարկումները այնքան արագ չէին մարել, որքան որ դա տեղի ունեցավ այս դեպքում: Փոխարենը լայն քննարկումների առարկա դարձավ օրինակ միասեռականների ակումբի հրկիզման միջադեպը: Հետընտրական շրջանում աշխուժություն ապրեց հակադաշնակցական քարոզչությունը:

Եթե Հայաստանում ունենայինք իրապես ազատ ու անկախ տեղեկատվական դաշտ, թերեւս հնարավոր լիներ մտածել, թե այն ինչ կատարվում է ունի ինքնաբուխ բնույթ: Ոչ ոքու համար գաղտնիք չէ, սակայն, որ լրատվական դաշտը մեզանում գլխավորաբար մոնոպալիզացված է եւ գոյատեւում է հովանավորությունների շնորհիվ: Ինչ վերաբերում է քարոզչության հիմնական թիրախներից մեկին՝ Դաշնակցությանը, ապա իհարկե, այս երեւույթը առաջին անգամ չէր նկատվում: Անկախ Հայաստանի գոյության առաջին իսկ շրջանից հակադաշնակցական հիստերիան հատկապես բորբոքվել է կուսակցական ժողովների նախօրյակին: Որքան էլ, որ ցանկությունները չիրարականան, այնուամենայնիվ ոմանց չի լքում ՀՅԴ ժողովների ընթացքի ու տրամադրությունների վրա ազդելու գայթակղությունը: Առաջին հայացքից Դաշնակցության շուրջ ապատեղեկատվություններ տարածելու փորձերը ծիծաղելի կարող են թվալ, սակայն ծիծաղելի այն մարդկանց համար, ովքեր կուսակցության հիմնական անցուդարձերի հետ քիչ թե շատ առնչություն ունեն:

Պատկերացնենք, սակայն, որ շատերը տեղյակ չեն եւ պարտավոր էլ չեն մանրամասնորեն իմանալ, թե ամեն օր ինչ է անցնում-դառնում կուսակցական խոհանոցում: Առավել եւս ոչ կուսակցականների պարագայում, երբ բնականաբար մարդիկ աղոտ պատկերացում ունեն քաղաքական այս կամ այն ուժի ներքին խնդիրներից: Եվ պատկերացնենք, որ նման մարդիկ գրեթե ամեն օր հանդիպում են պատվերով գրչակների հրապարակած նյութերի ուր, “ներսի” գործերին իրազեկվածության տպավորություն ստեղծելով, տարածվում են ամենաստահոդ ու անհեթեթ տեղեկություններ: Մանավանդ, երբ նույն հիմնավորումները եւ ընտրված թիրախները կրկնվում են այլ հեղինակների մոտ եւ այլ լրատվամիջոցներով (եւս մեկ փաստ, որ վկայում է դրանց կազմակերպված լինելու մասին): Ու այսպես ամիսներ շարունակ՝ յուրաքանչյուր Աստծո օր:

Հակադաշնակցական քարոզչությունը միշտ մի առանձնահատկություն է ունեցել, այն հիմնականում արվում է, այսպես կոչված, դաշնակցությամբ “մտահոգվածների” եւ “լավը ցանկացողների” անունից: Վերջիններս իրենց պարտքն են համարում ահազանգել այն մասին, որ Դաշնակցությունը շեղվել է ուղեգծից, Դաշնակցությունը չի անում այն՝ ինչ պետք է անի: Օրինակ գտնում են, որ Դաշնակցությունը պետք է ունենա կոշտ ազգայնական կեցվածք եւ միաժամանակ լինի իրենց պատկերացումներին համապատասխան ժողովրդավար ու ժամանակակից, ցանականում են պարտավորեցնել ավելի կարծր դիրքորոշում ունենալ Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերում եւ միաժամանակ որդեգրել օրինակ ամերիկամետ կողմնորոշում: Որոշում են, թե կուսակցությունն ում ընտրի ու չընտրի իր ժողովներում եւ ում պետք է սատարի ԼՂՀ Նախագահական ընտրություններում: Իսկ եթե իրենք իրենց ուժերով այդ բաները չեն կարող անել, անգամ դրսից ներգրավեն Դաշնակցությունից լավ Դաշնակցության անելիքն իմացող “մտահոգ” ու “հայրենասեր” մարդկանց: Որոշում են, որ գալիք կուսակցական ժողովում ղեկավար մարմնի փոփոխություն տեղի կունենա, ինչը կվկայի որ հասունացել է շարքերի կողմից ներքին հեղաշրջում իրականացնելու պահը, եւ հաջորդ օրը գրում են, թե ղեկավարության փոփոխություն չի լինի, ինչը նշանակում է թե կուսակցությունը կարծրացել է:

Իհարկե այս ամենի մեջ ակնհայտ են եւ անհեթեթությունը եւ հակասությունները, սակայն դա չի կաշկանդում նպատակին տանող միջոցների ընտրության հարցում: Օրինակ ներսից, թե դրսից Դաշնակցությանը քիչ ծանոթ յուրաքանչյուր ոք հրաշալի գիտե, որ Հայաստանում վերահաստատման օրերից ցայսօր, կուսակցության մեջ երբեք չեն դրսեւորվել, այսպես կոչված, տարբեր թեւերը: Սրանով հանդերձ, տարիներ շարունակ փորձ է արվում հանրությանը համոզել չեղած բանի մեջ, դրամատուրգիական սյուժեներ են մոգոնվում, թե ով ում է դեմ, ով ում հետ է, եւ հետեւություններ են արվում, թե ինչու այս կամ այն դիրքորոշումը որդեգրվեց ու դեռ ինչ զարգացումներ են սպասվում: Հանուն հետաքրքրության ինչ-որ մեկը կարող է մի քանի տարվա կտրվածքով ուսումնասիրել, թե ինչ “բացահայտումներ” ու “կանխատեսումներ” են կատարվել Դաշնակցության վերաբերյալ, որոնք հետագայում չեն հաստատվել եւ տեղի չեն ունեցել: Այնուամենայնիվ կա պատվեր եւ այդ պատվերը կատարվում է առանց բարոյական կաշկանդումների:

Եթե ճշմարիտ լիներ այն ամենը՝ ինչի մասին գրվում էր վերջերս տեղի ունեցած Գերագույն ժողովից առաջ, ապա այսօր արդեն Դաշնակցությունը ապրած պետք է լիներ ներքին հեղաշրջիչ ցնցումներ, պառակտվեր ու բաժանվեր տարբեր մասերի: Այնինչ ժողովը տեղի ունեցավ ու անցավ ինչպես բոլոր մնացած ժողովները՝ հաստատեց առաջիկա գործունեության բանաձեւերը, որոնք արտացոլվեցին նաեւ միաձայն ընդունված հայտարարության մեջ: Հայտարարությամբ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության բարձրագույն ժողովը հավաստեց.

Գերագույն ժողովն ընթացավ միասնականության եւ համախմբվածության մթնոլորտում: Կուսակցությունը վճռական է Դաշնակցության ավանդույթների, հեղափոխական, ընկերվարական, ժողովրդավարական, ազգային ծրագրային հենասյունների վրա խարսխված իր գործուեությունը ծավալել երկրում՝ ազատության ու արդարության, ազգային մեր խնդիրների լուծման համար պայքարում: ՀՅԴ հայաստանյան կազմակերպությունը, համահայկական կառույցով շարունակելու է իր երթը մեր երկրի ազգային ռազմավարական խնդիրների լուծման, ծառացած մարտահրավերների հաղթահարման, հայության արդար դատի հաղթանակի համար` մերժելով պարտվողական կեցվածքները, պարտադրելով վերջնականապես հրաժարվել հայ-թուրքական նվաստացուցիչ արձանագրություններից:

Ոչ մեծ այս մեջբերումն իսկ պատասխան է, թե կուսակցության վիճակի, թե քաղաքական դաշտում նրա տեղի եւ անելիքների վերաբերյալ:

Եվ ինչ, լռեցի՞ն կեղծարարները: Իհարկե ոչ եւ ակնհայտորեն հաջորդ հանգրվանը նախագահական ընտրություններն են: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ նպատակ են հետապնդում այս ամենի ետեւում կանգնած ուժերը, թռուցիկ անդրադառնանք Դաշնակցության քաղաքական ու գաղափարական հիմնական ուղենիշերին: 2008 թվականից Դաշնակցությունը Հայաստանում հանդես է գալիս, որպես իշխանության քաղաքական, տնտեսական գործունեության կոշտ քննադատող՝ խորհրդարանում մի քանի անգամ բարձրացրել է կառավարությանը վստահություն հայտնելու հարցը, որդեգրել է համակարգային իշխանափոխության ծրագիր: Դաշնակցությունը հիմնական այն ուժն է, որը ազգային շահերից բխող հստակ ու հաստատակամ կեցվածք ունի ԼՂՀ հարցում եւ չի ընդունում ազգային շահերը վտանգող զիջումների հեռանկարը, դեմ է հրապարակ իջեցված հայ-թուրքական արձանագրություններին, երկու հարեւան երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատաման իրական հնարավորություն է տեսնում ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման դեպքում՝ իհարկե երբ դրան կմիանա նաեւ Թուրքիան: Նկատի ունենալով Դաշնակցության հետապնդած նպատակները, արժե մտածել թե ո՞ւմ են խանգարում ազգային կուսակցության այսպիսի նպատակադրումները: Ովքե՞ր կարող են ցանկանալ ՀՅԴ-ին տեսնել թույլ, որպես ծայրահեղական ուժ լուսանցք նետված, կամ թե դարձած այս կամ այն արտաքին ուժի դրածոն: Ովքե՞ր են, որ վարկաբեկելով, ընտրություններից ու այլ առիթներից օգտվելով, կցանկանան հանրության աչքում նվազագույնի հասցնել կուսակցության հեղինակությունը: Եւ որովհետեւ շատ վաղուց հայտնի է, որ Դաշնակցությանը անհնար է դրսից կոտրելը, կցանկանան պառակտումի սերմեր ներարկել ՀՅԴ-ի օրգանիզմ, կփորձեն կուակցության մեջ ստեղծել դժգոհությունների ու պառակտումների մթնոլորտ:

Անաչառությունից չխուսափելու համար անդրադառնանք նաեւ, թե արդյո՞ք ասվածը նշանակում է, որ Դաշնակցության ներսում ամեն ինչ անթերի է: Իհարկե այդպես չի կարող լինել որեւէ ապրող ու գործող հավաքականության մեջ: Չի կարող տեսակետների բախում չլինել, երբ կուսակցությունը ունի հավաքական քննարկումների եւ որոշումների կանոնագրային ու բարոյական ավանդույթ եւ չի ձեւավորվել մեկ անձի շուրջ: Այս դեպքում էլ իր բոլոր ներքին խնդիրները կազմակերպությունը, ներքին բացախոսությամբ, քննարկել է անցած Գերագույն ժողովից առաջ, ինչպես եւ ժողովի ժամանակ: Ի դեպ այդ իրավիճակը չթաքցվեց նաեւ հանրությունից, երբ նման հարցերով դիմեցին լրագրողները: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Խնդիրն այն է, որ Դաշնակցության հարցերը իր հարցերն են եւ ոչ երբեք ուրիշներինը: Դաշնակցությունն է տնօրինում ու լուծում իր հարցերը, այլապես եթե փորձի ականջ կախել «բարին ցանկացող” խորհրդատուներին 123 տարեկան ազգային ինքնուրույն կուսակցությունը կվերածվի խամաճիկի: Հավանաբար հենց սա են ցանկանում ոմանք, բայց հենց Գերագույն ժողովը ապացուցեց, բոլոր այս ճիգերի սնանկությունն ու անհեթեթությունը: Իսկ վերջին ժողովում, ինչպես նշվեց, Դաշնակցականները հավաքվեցին, առանց խնայելու քննադատեցին իրար, հետո ընդունեցին որոշումներ եւ գնացին իրականացնելու ոչ ուրիշի, այլ միմիայն իրենց որոշումները: Այլ կերպ չի կարող լինել:

18 հուլիս 2012թ.

Տպել Տպել