Կառավարության հերթական անակնկալը

aknark 2014 թվականի հունվարի 30-ի նիստում, այլ որոշումների կողքին, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ազգային ժողովի կողմից, կառավարության այս նախագծին օրենքի ուժ հաղորդելու պարագայում, մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը Սեւանա լճից տարեկան բաց կթողնվի մինչեւ 240 մլն. խորանարդ մետր ջուր: Ըստ պաշտոնական հիմնավորման, այս ընթացքում կլուծվեն Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդիրը եւ կիրականացվեն առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումներ:

Ըստ նույն պաշտոնական տեղեկատվության վարչապետը որոշման առիթով ասել է, թե հարցը պետք է պատշաճ ձեւով ներկայացնել զանգվածային լրատվամիջոցներին. «Սա նուրբ թեմա է եւ հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների: Անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամենը բացատրել»:

Վարչապետի խոսքը կարելի է հասկանալ նաեւ այս կերպ. խնդրի առնչությամբ, ամենայն հավանականությամբ, հերթական անգամ հասարակական դժգոհություն եւ ընդվզում կառաջանա, հետեւաբար անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան քարոզչական դիմակայություն:
Հիշեցնենք, որ 2002թվականի հունվարի 1-ից գործող վերոնշյալ օրենքի համաձայն, սահմանվել է, որ ոռոգման նպատակով, յուրաքանչյուր տարի Սեւանա լճից թույլատրվում է բաց թողնել մինչեւ 170 մլն խորանարդ մետր ջուր: Ժամանակին այս որոշումը կայացվել էր կանխելու համար երկրի քաղցրահամ ջրի գլխավոր շտեմարանի անխնա ու կամայական շահագործումը: Բնապահպանական ու շատ ավելի մեծ նշանակություն ունեցող լճի դանդաղ վերականգնման նպատակով: Սեւանը ճահճացումից փրկելու, բնական անհրաժեշտ կենսագործունեության մակարդակի հասցնելու համար, տվյալ օրենքի համաձայն, լճի մակարդակը կբարձրանա տարեկան 22 սանտիմետրով եւ 2031թվականին, ընդհանուր հաշվով, կապահովվի անհրաժեշտ 6 մետր բարձրացնելու խնդիրը: Այդ ժամանակ Սեւանի մակարդակը կհասնի 1903,5 մետր նիշին:

Վերջին տարիների առատ տեղումների արդյունքում հնարավորություն ստեղծվեց ոչ միայն ապահովել տարեկան 22 սանտիմետր բարձրացումը, այլեւ կուտակել ավելին եւ հնարավորություն ստեղծվեց առաջադրված նպատակին հասնել շատ ավելի վաղ: Այստեղ ահա շատ մարդիկ, ովքեր Սեւանը եւ նրա ափամերձ տարածքները դարձրել էին սեփական եկամտի աղբյուր՝ իրարով անցան: Բանն այն է, որ լճի մակարդակի բարձրացման հետ ջրի մեջ հայտնվելու հեռանկարի առջեւ են հայտնվում Սեւանի ափին կառուցված 4714 շինությունները, որոնցից, 481-ն են գրանցված, իսկ մնացածը անօրինական կառույցներ են եւ, ի դեպ սրանց ապամոնտաժման դեպքում պետությունը փոխհատուցում չի նախատեսել:
Միաժամանակ թեեւ անհրաժեշտ նիշի մոտավորապես կեսն է դեռեւս ապահովված, սակայն արդեն շատ շինություններ հայտնվել են ջրածածկ լինելու վտանգի առաջ, իսկ մոտ 450-ը արդեն իսկ ապամոնտաժվել են:

Եւ ահա, վերջին տարիներին, կառավարությունը հաճախակի խորհրդարան էր բերում համապատասխան որոշումներ նախատեսված 170-ի փոխարեն զգալիորեն ավելի մեծ քանակ բաց թողնելու առաջարկով: Իհարկե պատճառաբանությունը միշտ լինում էր ոռոգման ջրի սակավությունը, երբ մյուս կողմից ակնհայտ է տեղումների մեծ քանակը: Իհարեկե ամեն անգամ բնապահպանների, հասարակայնության տարբեր շերտերի մոտ այս քայլը դժգոհության տեղիք էր տալիս, իսկ ընդդիմությունը առաջարկի դեմ պայքար էր ծավալում խորհրդարանում: Այս անգամ արդեն կառավարությունը որոշել է միանգամից խնդիրը լուծել 5 տարվա համար: Նախ այդ դեպքում անհրաժեշտ չի լինի ամեն տարի նույն գլխացավանքի մեջ հայտնվել եւ, մյուս կողմից, տարեց-տարի հասարակական ակտիվության նոր ալիք է հզորանում եւ հայտնի չէ հնարավոր կլինի ամեն անգամ գլուխ բերել հերթական հակաժողովրդական ծրագիրը, թե՛ ոչ:

Իհարկե երբ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը մեծահարուստների շահերից բխող եւ հիմնականում ժողովրդ համար անընդունելի հերթական նախագիծն է բերում խորհրդարան նա կասկած չունի, որ այն ընդունելու համար խնդիրներ չեն առաջանա: Չէ-որ ընտրությունների ժամանակ հարազատ թիմը կաշվից դուրս է գալիս բացարձակ մեծամասնության մանդատները ձեռք գցելու համար:

Անուշտ եղել են դեպքեր, երբ այս կամ այն նախագիծը դժվարամարս է եղել նույն խորհրդարանական մեծամասնության համար եւ նույնիսկ ներկուլիսային խոսակցություններ են եղել, թե նախագիծը կբարեփոխվի կամ առհասարակ դուրս կբերվի օրակարգից: Հանկարծ, սակայն նույն դեմ տրամադրվածների տրամադրությունը գլխիվայր շուռ է եկել եւ հենց նրանք դարձել են իրենց իսկ համար անընդունելի օրենքների կատաղի պաշտպաններ: Այլ խոսքով Տիգրան Սարգսյանը առ այսօր խնդիր չի ունեցել ցանկալի օրենքը խորհրդարանում ընդունել տալու հարցում:

Վերջին ժամանակներում միայն, երբ իշխանությունից դժգոհությունը ժողովրդի կոկորդին է հասել, եւ հատկապես երիտասարդ սերունդը քաղաքացիական ակտիվություն է դրսեւորում, խորհրդարանական ընդդիմության հետ հնարավոր է դառնում բողոքի ալիք բարձրացնել փողոցներում ու հրապարակներում: Սա էլ լրջորեն անհանգստացնում է իշխանությանը, որքան էլ փորձի ինքնավստահ երեւալ:

Բայց, ինչպես ասում են, կարմիր կովը կաշին չի փոխի, մանավանդ երբ մեջտեղում մեծ շահեր կան: Արդեն քանի տարի քաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ այլ բնույթի անընդունելի նախաձեռնությունները, ավելանալով եղածների վրա, կարծես փորձարկում են հասարակության համբերությունը:

Ահա եւ հնարավոր հերթական առիթը: Եւ ինչպես միշտ բերվում են բազմաթիվ հիմնավորումներ, քայլն արդարացնելու համար: Ինչպես, որ եղել է նախորդ տարիներին: Միաժամանակ նշվում են այն միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են, որպեսզի 2019 թվականից ապահովվի ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ (նոր ջրամբարների կառուցում, պոմպակայանների ու ջրատար համակարգերի վերանորոգում ու նորերի կառուցում եւ այլն):

Այսպիսի խոստումներ տրվել են նաեւ անցած տարիներին, իսկ 2001 թվականին ընդունված.«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում արձանագրված է այդ միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը: Ելնելով դառը փորձից քիչ հավանական է, որ առաջիկա հինք տարում խնդիրը կլուծվի, բայց հավանաբար կառավարությանը դա չի մտահոգում, որովհետեւ այդ ժամանակ իրենց ժամկետն ավարտված կլինի:

Վերջում ավելացնենք, որ նոր ծրագրում ասվում է նաեւ. «Ծրագրի իրականացման ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր»: Սրան էլ ավելացնենք, որ օրինակ հենց այս տարի, 22- սանտիմետրի փոխարեն ապահովվել է ջրի մակարդակի 9 – սանտիմետր բարձրացում: Ստացվում է, որ առանց օրենքի փոփոխության էլ կառավարությունը չի կատարում նույն օրենքով սահմանված պարտականությունը: Տեսեք, սակայն, որ նա փրփուրը բերանին, պնակալեզների թիմի փաստաբանությամբ, փորձում է հավաստիացնել, թե տասնամյակներ անց, որպես կենսաթոշակ, մարդկանց կվերադարձնեն նրանցից այսօր պահվող գումարները: Ինչ կա որ, ոչ առաջին խոստումն է ոչ՝ վերջին: Կարեւորը որ հաշվետվությունը տաս ինքդ քեզ եւ վստահ լինես պատասխանատվությունից խուսափելու հարցում:

Արտաշես Շահբազյան

Տպել Տպել