Ընդդիմության պատասխանատվությունը

khmbagrakanԸնդունված է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո, հաղթող ուժը հայտարարի հռչակած ծրագրերի իրականացման պարտավորությունը ստանձնելու մասին: Եւ հետագայում էլ, իշխանությունը ներկայացնող ուժերը, ըստ հարկի (երբեմն էլ անհարկի), բարձրաձայնում են իրենց պատասխանատվության մասին: Սա չի նշանակում, սակայն որ ընդդիմությունը ազատվում է ընդհանրապես պարտականության պատասխանատվությունից: Անշուշտ վերջինս առարկայորեն ունակ չի կարող լինել սեփական նախընտրական պլատֆորմի կենսագործումը հետապնդել ողջ ծավալով եւ նախանշված բոլոր թիրախների ուղղությամբ, սակայն նա մնում է պատասխանատու նախ իրեն ձայն տված ընտրողի եւ ապա ողջ այն հանրության առաջ, ում ուղղված են եղել խոստումները: Գումարելով սրան նաեւ ընդդիմության անխախտ պարտականությունը՝ հետեւելու իշխանության գործողություններին, արտահայտելու դրանց նկատմամբ ունեցած իր անհամաձայնությունները:

Եթե ընտրություններից առաջ քաղաքական ուժերի միջեւ միավորումները կարող են տեղի ունենալ գաղափարական, քաղաքական, ծրագրային հենքի վրա, ապա ընտրություններից հետո խորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես ընդդիմադիր ուժերի միջեւ, կարող է ունենալ մարտավարական բնույթ, կոնկրետ հարցերի, կամ հարցերի որոշակի ամբողջության շուրջ՝ կարճ կամ երկար ժամանակի հաշվարկով: Ըստ էության այն, ինչի մասին նշվում է ստորեւ, քաղաքական ուժերի, մասնավորապես խորհրդարանական գործունեության բնական ընթացքն է:
Երբ հարցը վերաբերում է առաջադրված կոնկրետ նպատակների ոչ մի զարմանալի բան չկա, որ կարող են համապատասխանել օրինակ սոցիալիստների եւ լիբերալների, երեկվա մրցակիցների ու այլեւայլ տարակարծություններ ունեցողների միջեւ: Եթե օրակարգում են հայտնվում ընդհանրական շահեր ու մտահոգություններ, ընդհակառակը ինքնանպատակ եւ անհասկանալի պետք է լինի, թե ինչու նույն տեսակետն արտահայտող ուժերը չեն համխմբում ուժերը, մանավանդ երբ խոսքը վերաբերում է փոքրամասնության դաշտում գործող ընդդիմությանը:

Շարադրվող այս մտորումների առիթը ներկա իրականությունն է, այն ոչ համարժեք անդրադարձը, որ հաճախ որպես արձագանք ուղեկցում է խորհրդարանական ընդդիմության այսօրվա գործունեությանը: Չափազանցված գնահատականներն ու բնորոշումները, որ քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից հրապարակվում են, եթե միտում չունեն, առնվազն միամիտ են, նախ այն «չհասկացողության» պատճառով, թե այս-այս դավանանքն ու անցյալն ունեցող ուժերը ինչպես կարող են իրար կողք նստել եւ ապա հաճախ չափազանցված սպասելիքների ինչպես եւ հիասթափությունների համար:

Դժբախտաբար Հայաստանի անկախ քաղաքական կյանքի ոչ հարուստ կենսագրությունը մեր հանրությանը սովորեցրել է, որ քաղաքական ուժերը պետք է գտնվեն կամ իրար գրպանում կամ բարիկադների տարբեր կողմերում եւ հետեւաբար մեր դատողությունները բխում են մեր եւ ոչ թե ճանապարհ անցած աշխարհի քաղաքակիրթ կենսափորձից: Իսկ այս չափանիշներից ելնելով անբնականը այն պետք է նկատվեր, որ իր հերթին իշխանության հայաստանյան սովորությունն է երկխոսության ընդառաջ քայլ չանելն ու ականջալուր չլինելը հակառակ կարծիք ունեցողներին: Ի դեպ եւ այն ութսուն տոկոսին, որ կարող է միանգամայն տարբեր տեսակետ ունենալ իշխանություններից: Ակնարկված գործելավոճը մեզանում, ոմանց համար դիտարկվում է որպես թուլության եւ իշխանական դիրքերից նահանջելու նշան: Այդ նույն դիրքերից էլ խիստ մռայլ գույների մեջ է երեւում, երբ հակառակ ճամբարը ոչ թե պառակտված ու թշնամացած է, այլ ձգտում է համախմբման, օրախնդիր հարցերի համատեղ քննարկման եւ հետապնդման:

Ինչ արդյունքների կհանգեցնեն այսօրվա ընդդիմադիր ուժերի միասնական գործելու ցանկություններն ու կատարվող առաջին քայլերը՝ ցույց կտա ժամանակը: Բարեբախտաբար թե՛ դժբախտաբար օրակարգերը մեծ են, մեծ ու փոքր նպատակները շատ: Հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ համագործակցությունները բխում են հասարակության շահերից:

Տպել Տպել