Սիրո եւ ատելության միջեւ

hodvadzԲարեկա՞մ երկրներ են Թուրքիան եւ Ռուսաստանը, թե՝ թշնամի: Դարավոր սեր է նրանց միջեւ, թե՞ դարավոր ատելություն: Սա մի հարց է, որին չի կարողանում եւ չի կարողացել սառնասիրտ անդրադառնալ երեւի ոչ մի հայ: Որովհետեւ ամեն հայ, (անգամ կոմունիստները), լավ գիտեն, թե ինչ է արժեցել մեզ համար այդ բարեկամությունը: 19 եւ 20-րդ դարում տեղի ունեցած ռուս-թուրքական երեք պատերազմների (1828-1829, 1877-1878, 1914-1918) հետեւանքում գրեթե ամբողջովին տեղահանվեց արեւմտահայաստանը եւ տեղի ունեցավ հայոց մեծ ողբերգությունը: Ընդ որում, որպես օրինաչափություն, երեք այս պատերազմներում էլ ռուսները հաղթեցին թուրքերին, ազատագրեցին արեւմտահայաստանի մեծ մասը, սակայն հետո կրկին զիջեցին այն թուրքերին, բանակցությունների սեղանի շուրջ կամ բնակավայրերում հայության շահերն ու անվտանգությունը պաշտպանելու փոխարեն: Այս ամենն այն պարագայում, երբ բոլոր այդ պատերազմների ժամանակ հայությունը ռուսների հանդեպ ցուցաբերեց ամեն տեսակի օգնություն, ընդհուպ մինչեւ կռվողների առաջին շարքերում ռազմական հաջողություններն ապահովելը: Հիշենք նաեւ այն պայմանագրերը, որ ռուս-թուրքական գործարքների արդյունքում պարտադրվեցին հայությանը, ձեւավորելով այն սահմանները, որոնք ներկայումս գոյություն ունեն:

Այնուամենայնիվ վերադառնանք հիմնական հարցին՝ բարեկամներ են թուրքերն ու ռուսները թե՝ թշնամիներ: Այս երկու երկրների միջեւ տեղի է ունեցել 17 պատերազմ, որոնք բոլորն էլ ավարտվել են ռուսների հաղթանակով: Եւ չնայած պարբերաբար բռնկվող ռազմական այդ բախումներին առկա են նրանց «սրտառուչ» բարեկամության փաստերը, որոնք հաճախ արձանագրվել են հենց արյունալի պատերազմներից հետո: Ինչը, օրինակ տեղի ունեցավ առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո, երբ Թուրքիան հայտնվել էր ոչ միայն կայսրության, այլեւ բուն մետրոպոլիայի քայքայման փաստի առջեւ, բայց, մասնավորապես, Ռուսաստանի ցուցաբերած բազմակողմանի աջակցության շնորհիվ (զորք, զենք-զինամթերք, մեծաքանակ ոսկի եւ այլն) կարողացավ խուսափել կործանումից: Այդ բարեկամությունը շարունակվեց Աթաթուրքի ժամանակ եւ նրանից հետո, թեեւ Թուրքիան մշտապես հակված եղավ Ռուսաստանի հակառակորդ արեւմուտքի կողմը: Խորհրդային ժամանակներից ցայսօր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքից թուրքական ու նատոյական թնդանոթներն ուղղված են նախկին խորհրդային եւ ներկա, ռուսական զորքերի կողմից հսկվող, Հայաստանի սահմանների կողմը:

Անկախացումից հետո, երբ ռուսաստանում իշխում էր «ելցինյան» քաոսը, Թուրքիային թվաց, թե հասունացել է նպաստավոր ժամանակը դարավոր երազանքն իրականացնելու՝ Կովկասում հաստատվելու համար, սակայն թշնամի-բարեկամի մոտ, իրավիճակի կայունացման ու անդրկովկաս վերադարձի հետ, այդ հուսերը ի դերեւ եղան:

Երազանքների առումով իրավիճակը շատ ավելի բարենպաստ էր Ղրիմի պարագայում:

Օգտվելով Ուկրաինայի իրարահաջորդ իշխանությունների «ժողովրդավար» եւ հակառուս բնույթից տեղի թաթարները լրջորեն ամրապնդում էին դիրքերը՝ ուժեղացնելով ազդեցությունը իշխանության թեւերում, ամրապնդվում էին հասարակական մշակութային ու տնտեսական առումներով: Այս ամենն իհարկե ոչ առանց ղրիմյան իր անցյալը չմոռացած Թուրքիայի աջակցության: Ռուսաստանի կողմից Ղրիմի վերատիրումից հետո, թերակղզու ժողովուրդների եղբայրության մասին կարգախոսերի ներքո ջուրը լցվեց թաթար ազգայնականների եւ նրանց հովանավորների՝ երկուսուկես տասնամյակի աշխատանքը:

Թուրքիայի համար իհարկե հեշտ չէր այսպիսի կորուստի հետ հաշտվելը եւ պետության բարձրագույն պաշտոնյաների կողմից հնչեցին հայտարարություններ, թե Թուրքիան շարունակելու է Ղրիմը համարել Ուկրաինայի անբաժանելի մասը, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները եւ այլն:

Թուրքերի վայնասունը պայմանավորված էր իհարկե ոչ միայն Ղրիմի խաղաղ նվաճման ձախողմամբ, այլեւ նրանով, որ ռուսական գերժամանակակից ռազական տեխնիկայի վերադարձով իր պատմական կարեւորագույն ծովային ֆորպոստ գրեթե ամբողջովին արժեզրկվում էր Սեւ ծովի վրա ունեցած թուրքական ռազմուժի ազդեցությունը:

Ի դեպ վերադառնալով թաթար ազգայնականությանը հպանցիկ անդրադառնանք վերջինիս հետ կապված թերեւս միակ շոշափելի դրսեւորմանը, նշված իրադարձություններից հետո:

2014 թվականի ապրիլի 16-ին տարածված լուրի համաձայն Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլը «Հանրապետության» շքանշան էր հանձնել Ղրիմի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուին, հայտարարելով, թե նա ամբողջ կյանքը նվիրել է Ղրիմի թաթարների ազատությանը եւ արժանի է ամենաբարձր շքանշանի: Գյուլը ավելացրել էր նաեւ, թե իրենց թաթար եղբայրների հայրենիքը համարվող Ղրիմը թուրքերի սրտում կարեւոր տեղ ունի, որ 13-րդ դարից սկսած թաթարներն այդ հողերում խաղաղության եւ հանգստության մեջ են ապրել:

Միայն թե Թուրքիայում պատիվների արժանացած թաթար առաջնորդին, դրանից հետո, ռուսական իշխանությունները թույլ չտվեցին մուտք գործել Ղրիմ:

Հաջորդ անգամ ռուս-թուրքական շահերը բախվեցին, ինչպես հայտնի է, Սիրիայի հարցում: Ռազմական հակամարտության բռնկման օրերին խանդավառված թուրքերը ցանկանում էին հայտնվել Թուրքիային սահմանակից սիրիական տարածքներում եւ ստեղծել այնտեղ, այսպես կոչված անվտանգության գոտի՝ իրենց եղբայրակից թուրքմենների եւ սեփական սահմանների պաշտպանության պատրվակով: Ըստ այդ ժամանակ տարածված լուրի, Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իշխանությանը զգուշացրել էր, որ եթե այդ երկրի զորքը հայտնվի Սիրայում, իրենք կհամարեն նույնը, թե այդ զորքը Մոսկվա է մտել: Հետագայում եւս դրսեւորվեցին ռուսական զսպիչ անդրադարձերը թուրքական հավակնությունների հանդեպ:

Նորագույն պատմության այս նույն ժամանակահատվածում արդյունավետորեն զարգացել են ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները: Գերմանիայից հետո Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ առեւտրային գործընկերն է եւ նրանց միջեւ առեւտրաշրջանառությունը կազմում է ավելի քան 30 միլիարդ դոլար:

2014 թվականին դեկտեմբերի սկզբին, Թուրքիա կատարած պետական այցի ժամանակ, Ռուսաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը հայտարարեցին, որ ընդլայնելով առեւտրատնտեսական հարաբերությունները, մինչեւ 2020 թվականը դրանց ծավալը պետք է հասցվի 100 միլիարդի: Այս այցի ընթացքում ձեռք բերվեց նաեւ պայմանավորվածություն փոխելու դեպի եւրոպա ձգվող ռուսական գազամուղի ճանապարհը, Ուկրաինայի փոխարեն այն անցկացնելով Թուրքիայի տարածքով:

Բնականաբար այսպիս հսկայական տնտեսական հեռանկարները չեն կարող չունենալ համապատասխան արտացոլում քաղաքական ասպարեզում: Իրապես էլ երկու երկրների ղեկավարները առիթը բաց չեն թողնում հավաստելու ռուս-թուրքական դարավոր բարեկամության մասին:

Եւ ահա պայթեց սկանդալը՝ թուրքական կործանիչի կողմից սիրիական ահաբեկիչներին ռմբակոծող ռուսական ինքնաթիռը խոցելու առիթով:

Իհարկե թուրքերն այնքան հիմար չէին, որ առանց մտածելու դիմեին նման արարքի եւ թերեւս խիստ անհրաժեշտությունն էր դրդել գնալու արկածախնդրության: Վերջին շրջանում հրապարակվում էին տեղեկություններ, որ ռուսական օդանավերը ոչնչացնում են իսլամիստների տնօրինած նավթային պահուստները: Նրանք ռմբակոծում էին նաեւ թանկարժեք վառելիքը Թուրքիա տեղափոխող բեռնատարները, սրանով նախ կտրելով ծայրահեղականների ֆինանսկան աղբյուրները, մյուս կողմից զրկելով Թուրքիային, ի մասնավորի նրա առաջնորդին, եկամտաբեր բիզնեսից: Ռմբակոծվում էին նաեւ թուրքմենների բնակության տարածքները, որ նույնպես ծայրահեղականության օջախների էին վերածվել:

Խոսելով թիկունքին հասցրած հարվածի մասին Պուտինն ասաց, որ իրենք Թուրքիային համարել են ոչ միայն հարեւան այլեւ բարեկամ:

Այդ բարեկամի դեմ արդեն իսկ ձեռնարկվել են տնտեսական պատժամիջոցներ, նրա հավանական նոր ոտնձգությունները կանխելու նպատակով սիրական սահման են տեղափոխվել հակաօդային պաշտպանության գերժամանակակից միջոցներ, իսկ ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցածից մեկ օր անց ռմբակոծվել է սիրիական տարածք մուտք գործած եւ իբրեւ թե հումանիտար օգնություն տեղափոխող թուրքական ավտոշարասյունը՝ կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:

Կարելի է ասել սակայն, որ «իսկական պատերազմը» սկսվել է ռուսական քարոզչամիջոցներով: Այստեղ արդեն ջրի երես դուրս եկան բոլոր այն նենգությունները, որ ոչ միայն ներկայումս այլեւ պատմական անցյալում իրականացրել է Թուրքիան: Ընդ որում ոչ միայն ռուսների այլեւ այլ ժողովուրդների եւ մասնավորապես հայերի նկատմամբ: Հիշվեց Հայոց ցեղասպանությունը, իսկ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, իր թվիթերյան էջում, նոյեմբերի 25-ին գրել է, թե իրենք դումայի օրակարգ են մտցրել օրենքի նախագիծ՝ Թուրքիայի կողմից 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին:

Նախորդ օրերի թեժ քննարկումների ժամանակ ասվեց անգամ, թե կարելի է հայերին դրդել եւ նրանք Արեւմտյան Հայաստանի ազատագրման համար կպատերազմեն Թուրքիայի հետ: Ինչպես, որ կպատերազմեն քրդերը: Այլ փորձագետներ խոսում են այն մասին, թե հարկավոր է արդիականացնել ու առավել հզորացնել հայ-թուրքական սահմանը: Ի դեպ հիշվեց նաեւ, որ վերջերս թուրքական ուղղաթիռները երկու անգամ խախտել են հայ-թուրքական սահմանը (իսկ մենք կարծում էինք, թե մեզանից բացի ոչ ոք այդ մասին տեղյակ չէ):

Մենք իհարկե չենք պատերազմի Թուրքիայի հետ, բայց օրինակ եթե մեծացվեր Հայաստանի ռազմատեխնիկական ներուժը՝ դեմ չէինք լինի:

Ընդհանրացնելով ասենք, որ ռուսական քարոզչամիջոցներով ծավալվող թեժ քննարկումների ժամանակ ոմանք առաջարկում են ռազմական լուրջ դաս տալ Թուրքիային, իսկ ուրիշները հիշեցնում են ռազմավարական շահերի՝ այդ թվում տնտեսական հարաբերությունների լուրջ հաշվեկշռի մասին:

Այս դեպքում, գլխավոր հարցը մնում է նույնը. բարեկա՞մ երկրներ են Թուրքիան եւ Ռուսաստանը, թե՝ թշնամի: Ճշմարտությունը վաղուց հայտնի է, թեեւ հաճախ մոռացվում է: Քաղաքական կյանքում սիրո եւ ատելության միջեւ գոյություն ունի մի ավելի մեծ զգացում՝ շահի զգացումը: Ով չի հավատում թող կրկին հիշի պատմությունը:

Արտաշես Շահբազյան

Տպել Տպել