Գիտաժողով ՀՅԴ -125 ամյակի առթիվ

hodvadzՀՅ Դաշնակցության հոբելյանական 125- ամյակը կուսակցության աշխարհասփյուռ կառույցն ամենուր տոնեց արժանի շուքով եւ տարողությամբ: Ավանդական այս տոնակատարությունը սովորաբար փորձ է արվում չվերածել սոսկ փառաբանության, այլ օգտագործել առիթը քննական ու հաշվետվողական հայացքով անդրադառնալու համար անցած ճանապարհին եւ կուսակցության առջեւ ծառացած օրախնդիր մարտահրավերներին: Հատկապես այս հոբելյանական տարում Դաշնակցության տարբեր շրջանային կառույցները տոնակատարությունները զուգորդեցին Հայ դատի, պատմական եւ քաղաքական խնդիրների նվիրված սեմինարների, գիտաժողովների քաղաքական հանդիպումների եւ այլ միջոցառումների հետ:

Այդպիսի միջոցառումներ իրականացվեցին նաեւ Հայաստանում: Նշենք, որ հոբելյանը կրկնակի էր, քանի որ այս տարի լրացավ մայր հայրենիքում կուսակցության կազմակերպական վերահաստատման 25-ամյակը:

Հայաստանում իրականացված հոբելյանական միջոցառումների շարքում, դեկտեմբերի 9-ին եւ 10-ին, տեղի ունեցավ գիտաժողով «ՀՅ Դաշնակցությունը եւ հայոց պետականությունը» թեմայով: Գիտաժողովի կազմակերպիչներն էին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը: Պետք է նշել, որ գիտությունների ակադեմիայի մասնակցությունն այս գիտաժողովին չէր սահմանափակվում սոսկ միջոցառման անցկացման վայրով, ներկայացվող զեկույցների մի մասի հեղինակները ակադեմիական ինստիտուտների աշխատակիցներն էին: Գիտաժողովի խորագիրը արդեն հուշում է, որ վերջինիս առանցքում ՀՅԴ-ի եւ հայոց պետականության փոխհարաբերության թեման էր: Այս թեման ներկայումս առավել պահանջված է, արժեւորելու միտումով ՀՅԴ հիմնական առաքելությունը, որին եւ ըստ էության կոչված է եղել կուսակցությունն իր ծնունդով եւ որին հասնելու համար նա ունեցել է պատմական աննախընթաց ավանդ: Պատմական այդ փորձն ուսանելի է, մեր եւ հայ քաղաքական այլ կազմակերպությունների համար, որոնք դերակատար են հայոց նոր պետականության զարգացման ու հզորացման գործում: Մյուս կողմից հեռու չէ 2018 թվականը, երբ մենք պետք է նշենք Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը եւ այս գիտաժողովը թերեւս սկիզբ կարելի է համարել հետագա համապատասխան նախաձեռնությունների համար:

Տեղի ունեցած գիտաժողովի գիտական կարեւորությունը հասկանալու համար բավական է անդրադառնալ միայն հնչած զեկույցների ոչ ամբողջական ցանկին. «Հայոց պետականության ՀՅԴ տեսլականը 19-րդ դարի վերջերին 20-րդ դարի սկզբներին», «Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանական կառավարման փորձը», «ՀՅ Դաշնակցությունը Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքական կյանքում», «ՀՅ Դաշնակցությունը եւ Հայաստանի երկու մասերի քաղաքական կարգավիճակի հարցը 1917թվականին» ,«ՀՀ պառլամենտի դերը տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպման եւ ամրապնդման գործում (1918-1920թթ.)», «Պետական եւ կուսակցական մոտեցումների պայքարը ՀՅԴ ներսում Հայաստանի առաջին Հանրապետության շրջանում», «ՀՅԴ պատմության նենգափոխումը խորհրդային թուրքագետների աշխատություններում», «Թուրքական արշավանքի կասեցման նախապատրաստական աշխատանքները Երեւանի նահանգում (1918թ. փետրվար-մայիս)», «Հայաստանի առաջին Հանրապետության հետախուզական ծառայության գործունեության պատմաքաղաքական դասերը», «ՀՅ Դաշնակցության դերը Լեռնային Ղարաբաղի պետականության ձեւավորման գործում» եւ այլն: Ինչպես կարելի է եզրակացնել թեմաների խորագրերին իսկ ծանոթությունից գիտաժողովի նպատակը Դաշնակցության պատմության տարբեր դրվագներին անդրադարձը չի եղել, այլ Դաշնակցության քաղաքական պատմության քննությունը, հատկապես պետականաշինության ոլորտում ունեցած դերակատարության առումով: Նշված որոշ թեմաներ նոր, դեռեւս չուսումնասիրված կամ լավ չուսումնասիրված էջեր են բացում՝ հիմք դնելով հետագա անհրաժեշտ ուսումնասիրությունների համար:

Պետք է նշել , որ նորանկախ գոյության երկուսուկես տասնամյակի շեմն անցած մեր երկրում ասպարեզ է իջնում մասնավորաբար պատմաբանների ու քաղաքագետների նոր սերունդ, որը ձերբազատված է խորհրդային պատմագրության գաղափարական մտակաղապարներից եւ հակված է անաչառորեն քննելու ու գնահատելու սեփական պատմությունը: Այս սերնդի մի շարք ներկայացուցիչներ, անցնող այս տարիներին ուսումնասիրությունների լուսարձակի տակ են առել մասնավորապես Դաշնակցության պատմության տարբեր խնդիրներ ու հանգրվաններ: Այս երեւույթը եւս բնական ու հասկանալի է, որովհետեւ մեր ազգային ճակատագրի համար անկյունադարձային նշանակություն ունեցող պատմական ժամանակահատվածի լուսաբանումը անհար է առանց Դաշնակցության պատմության մեջ խորանալու, ինչպես, որ Դաշնակցության պատմության քննությունն է անհար առանց վերջինիս գործունեությունը ժամանակի պատմա-քաղաքական իրադարձությունների հորձանուտի մեջ տեսնելու: Կարեւոր հանգամանք է, որ սկսած ակադեմիական ինստիտուտի ղեկավարությունից, այս բնագավառում իրեն հաստատած նոր սերունդը ոչ միայն իր համարձակությամբ, այլեւ մտքի թարմությամբ ունակ եղավ շատ կարեւոր հասարակագիտական այս ոլորտը ձերբազատել սովետական կեղծ մտայնություններից եւ նոր ճանապարհ հարթել հայոց ազգային պատմագիտության զարգացման համար:

Վերադառնալով վերոհիշյալ գիտաժողովին արձանագրենք, որ այն կարելի է համարել հաջողված: Ժողովի մասնակիցնեը առիթ ունեցան ծանոթանալու բազմաթիվ նորահայտ փաստերի հետ, որոնք վերջին տարիներին հայտնաբերվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի արխիվներից: Նման փաստաթղթերն ու փաստերը լույս են սփռում շատ իրադարձությունների եւ գործողությունների վրա, որոնք նախկինում ամբողջապես բացահայտված չեն եղել կամ անծանոթ են եղել: Այստեղ կարելի է հիշել մասնավորապես ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի այն հայտարարությունը, որ վերջին շրջանում միայն ռուսական արխիվներից Հայաստան է բերվել 20 հազար էջ համապատասխան շրջանի փաստաթուղթ:

Նման քննարկումներից ակնհայտ է դառնում, որ Դաշնակցության եւ առհասարակ հայոց նորագույն շրջանի պատմագիտական եղած ժառանգության կողքին արդեն իսկ ընթացքի մեջ է աշխատանքների ու ձեռքբերումների նոր հանգրվան, որի արդյունավետության համար առկա են բոլոր նախադրյալները: Եւ այդ աշխատանքը միասնաբար առաջ կարող են մղել հայրենի ու սփյուռքահայ պատմաբանները:

Գիտաժողովին մասնակցեցին, եւ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի Արեւեւլագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Փոխանցվեց ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ողջույնի խոսքը, ողջույնի խոսքով հանդես եկավ Երեւանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Զեկուցումներով հանդես եկան ազգային ակադեմիայի եւ Երեւանի համալսարանների աշխատակից դոկտորներ եւ թեկնածուներ: Գիտաժողովի նիստերը վարողների թվում էին Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ Վեմ հանդեսի խմբագիր Գեւորգ Խուդինյանը:

Արտաշես Շահբազյան

Տպել Տպել