Ավելի քան երկու հազարամյակի պատմություն ունի ազդեցիկ պետությունների միջեւ հավասարակշռություններ ձեւավորելու, տարբեր բեւեռների միջեւ մանեւրելու քաղաքական այլընտրանքի հայկական փորձը: Աշխարհաքաղաքական իրողությունները եւ դերակատար ուժերի հարաբերակցությունն են դրդել, որ անկախ, կիսանկախ կարգավիճակում եւ նույնիսկ անկախության բացակայության պայմաններում հայոց ճակատագիրը այս կամ այն չափով տնօրինող օրվա գործիչները շատ հաճախ որդեգրեն այս գործելաձեւը, երբեմն նաեւ անտեսելով մասնավոր նախընտրությունները: Այն բոլոր դեպքերում, երբ փոքրամասնության խմբի եւ օտարի կամքով «բոլոր ձվերը դրվել են մեկ զամբյուղի մեջ» ունեցել ենք լուրջ կորուստներ՝ ուղղակիորեն զրկվելով սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից:
Երբ Հայաստանը որդեգրեց մաքսային միությանը եւ ապա Եւրասիական տնտեսական միությանը անդամագրվելու ճանապարհը ոմանք սա համարեցին անակնկալ եւ անհանդուրժելի: Քաղաքական ամբոխվարությունից հեռու, սառը գլխով դատող յուրաքանչյուր մարդ հասկանում էր, որ նախ ոչ մի անակնկալ էլ տեղի չէր ունեցել, քանի որ Հայաստանը օրենքներ ներդաշնակեցնելու, շարունակական բանակցությունների գործընթացով արդեն բավականին ժամանակ շարժվում էր այդ ուղղությամբ: Մյուս կողմից պարզունակ հաշվարկն անգամ պիտի ցույց տար, որ հրաժարումը կենսական կապերից, քաղաքական եւ այլ համագործակցություններից, ինչի շնորհիվ մեր երկրի արյան բնականոն շրջանառությունն էր ապահովվում, նույնն էր թե կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես՝ առանց նոր հենարանները ապահովելու:
Եւրոպական կառույցները ապրելով նույն զգացական շոկը այնուամենայնիվ կարճ ժամանակ անց կարողացան ըմբռնել Հայաստանի ընտրության տրամաբանական հիմնավորվածությունը: Շատ չանցած նրանք հասկացան նաեւ, որ Հայաստանին վանելով ավելի են հրում դեպի Ռուսաստանի ազդեցության գոտի:
Նրանք հասկացան, որ ոչ միայն եւրոպական, այլեւ բազմաբեւեռ ընտրության հայոց ձգտումը խաղ չէ, այլ անկեղծ համոզում: 2017 թվականի նոյեմբերի 24ին Հայաստանի եւ Եւրոմիության միջեւ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիրը այդ համոզումի արդյունքն էր: Մյուս կողմից այն Հայաստանի լուրջ ձեռքբերումն էր այլընտրանքի պատմական փորձը կրկնելու եւ ինքնուրույնության սահմանները ընդլայնելու առումով: Պետք է համոզված լինել, որ վերապահումներով կնքված այս համաձայնագիրը նույնպես փոխգործակցության եւ հնարավորությունների վերջը չէ: Այն դեռեւս կընդլայնի սահմանները, ժամանակի ընթացքում հաղթահարելով առաջին հերթին մտային-հոգեբանական դեռեւս գոյություն ունեցող սահմանափակումները: Իհարկե հաշվի առնելով, տնտեսական-մաքսային եւ այլ նորմերը, որոնք ընկած են ԵԱՏՄ ներքին համագործակցության հիմքում:
Ի դեպ այս կամ այն կողմից բացասական արձագանքներ չեն հնչում այն դեպքերում, երբ Հայաստանը համագործակցության երկու բեւեռների ներկայացուցիչներին առաջարկում է այդ համագործակցության ընդհանուր դաշտ ծառայող մեր երկիրը ընկալել, որպես միջնորդ օղակ ինչպես՝ ԵԱՏՄ-ի այնպես էլ՝ ԵՄ-ի հետ ունեցած տնտեսական բարենպաստ ռեժիմներից փոխադարձաբար օգտվելու համար:
Բազմաբեւեռ կամ բազմաայլընտրանք ու փոխլրացնող քաղաքականությունը անկախ Հայաստանում ունի ավելի քան մեկուկես տասնամյակի պատմություն: Այս ընթացքում, լինելով նախ ԱՊՀ քաղաքական եւ ապա ՀԱՊԿ ռազմական դաշինքների անդամ, Հայաստանը կարողացել է գործակցության կամուրջներ նետել եւ Եւրոմիության եւ Չինաստանի եւ Մերձավոր արեւելքի եւ հյուսիսային ու հարավային Ամերիկաները ներկայացնող երկրների եւ արեւմտյան աշխարհի ռազմական Դաշինքը կազմող ՆԱՏՕ-ի հետ: Այս շարքում հատկանշական է քաղաքական եւ տնտեսական շրջափակման հաղթահարումը հարեւան Իրանի դեպքում, որի հետ բազմակողմ սերտացման գործընթացը գնալով խորանում է:
Ռուսաստանը, ինչպես մի շարք այլ պարագաներում, հարկադրված եղավ որպես կատարվող իրողություն ընդունել ԵՄ-ի հետ այս համաձայնագրի կնքման փաստը, հաշվի նստելով հնարավորությունների, ինքնուրունության ու այլընտրանքների բազմազանության ապահովման մեր երկրի ու հասարակության վճռական մղումի հետ:
Հայաստանի այս ձգտումների կենսագործմանը նպաստել է այն հանգամանքը, որ հրաժարվելով քաղաքական ամբոխվարության եւ անհետեւողականության գործելավոճից այս տարիներին մեր երկիրը զերծ է մնացել վտանգավոր շրջադարձերից ու կտրուկ եւ հակասական որոշումներից: Թերեւս անցած դարի իննսունականների սկզբների, դառը հետեւանքներով ձեռք բերած փորձառության հիման վրա, Հայաստանը զգուշորեն խուսանավեց այն սխալներից, որոնք իրենց թույլ տվեցին Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան եւ այլ երկրներ:
Առանց անհավասար դիմակայությունների շրջապտույտում հայտնվելու, մեծացնելով ընտրության եւ այլընտրանքի հնարավորությունները, Հայաստանն, հնարավորություն ունի մեծացնելու իր արժեքը եւ քաղաքական կարեւորությունը՝ գործընկերների համար:
Եւրոմիությունը եւ առհասարակ քաղաքակիրթ աշխարհը մեզ համար պարզապես քաղաքական նախապատվություն չեն նշանակում, այլ արժեքային համակարգի եւ ներքին ու շրջապատող աշխարհի հետ համակեցության կերպ: Ակնարկված արժեքները արտասահմանյան ապրանքի պես ներկրվող բան չեն մեզ համար, այլ հոգեկերտվածքի, բարոյականության ու ձգտումների համակարգ, որի հաստատողներից մեկն ենք եղել երկրագնդի վրա, բայց որից շատ բան ենք կորցրել հյսիսային ու արեւելաասիական բյուրոկրատիայի եւ ավատապետական բարքերի ճահճում գոյատեւման հարյուրամյակների ընթացքում:
Քաղաքակրթության կանոնների որդեգրումը նաեւ մարտահրավեր է մեր երկրի համար, որ պարտադրելու է հրաժարվել ասիական խորամանկ, ձեռընգող, ընչաքաղց, բռի, ու ստորաքարշ վարքականոններից: Կբռնի մեր հասարակությունն ու ընտրախավը իր ինստիտուտներով այս քննությունը առջեւում կարող է տեսնել հնարավորությունների ընդարձակ հորիզոն: Փոփոխությունները կլինեն ձեւական եւ դրսի համար բեմադրված, ուրեմն դեռ երկար քարշ կգանք երթի պոչից, ձեռքներս պարզած ներողամտաբար մեր ներկայությունը հանդուրժող հովանավորների բարեհաճությանը:
Արտաշես Շահբազյան