Մեր հաղթանակը, մեր տոնը

Շատերս երեխաներ էինք, երբ մեր «վետերան պապերը» դրվագներ էին հիշում երկրորդ համաշխարհային պատերազմից: Մանուկներիս համար ձանձրալի էր ականջ դնելը ինչ որ պատմությունների, որ այլեւս գլորվել էին հազար տարվա հիշողությունների անդունդը: Ներկայիս հեռավորությունից մանկության այդ տարիները ավելի հեռու չէին անցած աշխարհամարտի ծխացող շնչից, քան այսօրվա հեռավորությունն է Ղարաբաղյան շարժման իրադարձություններից: Բավական է, սակայն մի պահ վերհիշելը 88-ի եւ դրան հաջորդող տարիների փոթորկոտ օրերը եւ արյունը սկսում է ջերմանալ երակներում, պատկերները հաջորդում են իրար, կարծես երեւակվում են երեկվա իրականությունից:

Իհարկե նաեւ այն տարբերությամբ, որ ղարաբաղյան պայքարը իրապես մեր պայքարն էր՝ մեր հողի վրա:

Ճիշտ է, որ երեւույթները ամբողջականորեն ընկալելու համար անհրաժեշտ է հեռվից նայել դրանց: Վստահ եմ, որ գալիք ժամանակներում ավելի բարձր գնահատականներ են տրվելու հայության այն մեծ սխրանքին, որն այլեւս արձանագրված է, որպես Ղարաբաղյան ազատագրական պայքար: Անհերքելի փաստ է, որ երբեմնի ամենահզոր կայսրության մեջ հայ ժողովուրդը ոտքի ելավ ազատագրելու համար բռնակցված հայրենիքի մեկ հատվածը: Եւ սա այն պարագայում, որ հալածանքներով ու ջարդերով պարտադրված գաղութացման դեմ ընդվզման ցանկացած փորձ, անցած 7 տասնամյակներին, պատժվել էր դաժան կերպով:
Տեղի ունեցած գիտակցված խենթության կշիռը որոշելու համար անուղղակիորեն համեմատենք այն նոր ժամանակների նմանաբնույթ շատ օրինակների հետ, երբ այլ ժողովուրդներ ձգտում են անկախության, բայց երբ պարզվում է, որ ճանապարհը փշոտ է բացահայտվում է, որ այդ հանրությունները ոգով պատրաստ չեն հնարավոր փորձություններին:

Իհարկե 88-ի փետրվարին Ստեփանակերտի ու Երեւանի հրապարակները հեղեղած մարդիկ նույնպես աղոտ պատկերացում ունեին գալիք դաժան քննության մասին, բայց կյանքն ապացուցեց, որ հայ մարդն անցնելով հիշողությունը, պատմությունն ու ինքնությունը մոռացության տալու քուրայի միջով մանկուրտ չէր դարձել, այլ, մնացել էր տերը իր ճակատագրի ու ժառանգը նախորդների դատի եւ պայքարի: Հայ ժողովուրդը Արցախյան պայքարն ընդունեց, որպես փորձություն, որը միմիայն հաղթանակով կարող էր ավարտվել, ոչ մեկ մարդ չէր մտածում, թե կռիվ է եւ կարող ենք նաեւ պարտվել: Հավանական պարտությունը կլիներ վերջի սկիզբը, իսկ հաղթանակը պարտության անիվը ետ պտտելու պատմական անկրկնելի հնարավորություն՝ այս էր մտայնությունը եւ սրանից էր բխում անայլընտրանք հետեւությունը:

Փլուզվող կայսրությունը հնարավորն արեց վիժեցնելու համար ազգային հարց կոչված այն հրաբուխի ժայթքումը, որի վրա, ըստ էության, նստած էր ինքը: Բայց հայությունն անդրդվելի էր իր անայլընտրանք վճռի մեջ: Հակառակորդը ազատագրական պայքարի դեմ ելավ կայսերական քաղաքականության հովանավորությամբ, ռազմական հակամարտության դիրքեր բերեց թուրքերին, թալիբներին, չեչեններին՝ վարձկան մասնագետների, դիպուկահարների եւ ուրիշների՝ հայկական կողմի կորուստները աճեցին, բայց կամքը չկոտրվեց: Խորհրդային միության փլուզումից հետո ներքին հակամարտությունը ընդունեց միջազգային բնույթ, ենթակա դառնալով անկախական շարժումներից խրտչող միջազգային ուժերի հակադարձումին, բայց մտադրությունները չփոխվեցին եւ չեն փոխել անգամ ձգձգվող եւ անպտուղ բանակցությունները: Հայ ժողովուրդը հաղթանակին հավատում էր այն ժամանակներում, երբ Արցախյան փոքրիկ կղզյակը մեկուսացված էր 7 միլիոնանոց Ադրբեջանի շրջափակման մեջ, երբ ռումբերի պայթյունը արձագանքվում էր նկուղներում ապաստանած ժողովրդի ականջներում, հետեւաբար վերջնական հաղթանակի հարցում կասկած չպետք է լինի այսօր:

Հայ ժողովուրդը թանկ վճարեց արցախյան մարտահրավերի համար, սակայն այդ մարտահրավերի գինը այսօրվա հզորացող արցախյան միջնաբերդն է, իր խաղաղ-ստեղծարար գոյակցությամբ: Արցախյան զանգը հնչել էր ողջ հայության համար եւ հայությունը որպես մեկ ամբողջություն արձագանքեց ու շարունակում է արձագանքել նոր զարթոնքի ղողանջներին: Հետեւաբար եւ մեր բոլորինն է հաղթանակը ՝ մերն, է 30-երորդ տարեդարձի ազգային մեծ տոնը:

Տպել Տպել