Սումգայիթյան ջարդեր, պատմական զուգահեռներ եւ դասեր

1988 թվականի փետրվարի 12-ից Արցախում սկիզբ առած համաժողովրդական խաղաղ ցույցերի եւ ինքնորոշման պահանջով Ղարաբաղի մարզային իշխանությունների իրավական քայլերի պատասխանը եղավ Սումգայիթ քաղաքում իրականացված հայության ջարդը: Երեք օր շարունակված նախճիրը վայրագությամբ չէր տարբերվում այն եղեռնագործություններից, որ դարասկզբին իրականացրել էին թուրքերը եւ նույն ազերիները: Խորհրդային շինծու ինտերնացիոնալիզմի տասնամյակներից հետո սերնդափոխությունն անգամ ազերիների գենետիկ հիշողության մեջ չէր մարել հայ տեսակի նկատմամբ եղած անափ ատելությունը: Արդյունաբերական Սումգայիթ քաղաքը շատ հեռու է գտնվում Արցախից եւ աշխատանք փնտրելով այստեղ հայտնված Դաշտային ու Լեռնային Ղարաբաղների հայությունը որեւէ առնչություն չուներ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այնուամենայնիվ հենց այստեղ տրվեց Արցախի ըմբոստացման պատասխանը, ինչը նախ եւ առաջ հայ բնակչությանը ուղղված զգուշացում էր: Այն նշանակում էր, որ ինքնորոշման իրավունքի իրացման համար խաղաղ պահանջատիրությանը Բաքուն հակադրելու է բիրտ ուժը, նկատի ունենալով, որ մայրաքաղաքի, Դաշտային ու Լեռնային Ղարաբաղների հայաբնակ ցրված բնակավայրերի հայ բնակչությունը, այս պարագայում, հայտնվում է պատանդի վիճակում եւ կարժանանա Սումգայիթի հայության ճակատագրին: Ինչպես հետագա իրադարձությունները փաստեցին Ադրբեջանի իշխանությունը հենց այդ ճանապարհով էլ գնաց՝ հայաթափելով ողջ դաշտային Ղարաբաղը, թալանով ու սպանություններով տեղահանելով Բաքվի հայ բնակչությանը: Ի վերջո, երբ հնարավոր չեղավ զանազան մեծ ու փոքր սադրանքներով կասեցնել ազատագրման գործընթացը Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց տարածքային ու թվաքանակի առումով անհամեմատ փոքր Ղարաբաղի նկատմամբ, որն այդ օրերին ամբողջովին գտնվում էր շրջափակման մեջ: Բարբարոսության հարցում փաստելով սեփական գերազանցությունը միաժամանակ հայ ժողովրդին հիշեցվում էր նրա ողբերգական անցյալը (հայտնի է, ի դեպ որ սումգայիթյան եղեռնագործության օրերին Ադրբեջանում են գտնվել «խորհրդատուներ» Թուրքիայից): Ոչ մի կասկած չկա, որ եթե չլիներ արցախցիների ամուր դիմակայությունը եւ օգնությունը Հայաստանից, ապա Արցախի հողում կրկնվելու էին 15 թվականի իրադարձությունները:

Երբ վայրենացած ամբոխը երեք օր շարունակ գիշատիչական խրախճանք էր սարքել հանրապետություններից մեկի երկրորդ քաղաքում, պարզվում է այդ մասին Մոսկվայում «տեղյակ չէին»: Այն դեպքում, երբ հանրապետությունների պետական մամինները եւ ի մասնավորի անվտանգության կոմիտեները, ըստ էության «գլխադասային» մարմինների մասնաճյուղերն էին եւ բացառվում էր, որ որեւէ վայրում տեղի ունեցող ամենափոքր իրադարձության մասին անգամ նույն պահին ահազանգ չհնչեր կենտրոնում:

Իրականում արցախցիների բարձրացրած խնդիրը ամենացավոտ հարվածն էր, ինչպիսին կարելի էր հասցնել մեծ կայսրությանը, որ ձեւավորվել էր ազգերի իրավունքների բիրտ ոտնահարման եւ գաղութացման միջոցով: Այնպես, որ այդ երեք օրվա դասը Մոսկվային անհրաժեշտ էր, որպեսզի հայությունը դադարեցներ քանդել կավե փղի ոտքերի տակի հողը:

Պատմական հաջորդ զուգահեռը հիշեցնում է, թե ինչպես ցարական կայսրությունն էր հրահրում հայ-թաթարական ընդհարումներ: Կամ ինչպես առաջին համաշխարհային պատերազմի օրերին, ռուս-թուրքական գործարքի արդյունքում, ոչ միայն ռուսական զորքերը դուրս բերվեցին վերջիններիս իսկ հրահրած եւ հայերին դրա մեջ ներքաշած կովկասյան ռազմաբեմից, այլեւ ավելի ուշ, Արեւելյան ժողովուրդների կոնֆերանսի ոգուն համապատասխան (տեղի է ունեցել 1920թ. սեպտեմբերի 3-ից 8ին Բաքվում) դրանից մոտ երկու շաբաթ անց սկսվեց թուրքական նոր արշավանքը Հայաստանի վրա եւ նոր օրհասի առջեւ կանգնած հայությանը բոլշեւիկյան Ռուսաստանը վերջնագրային ձեւով պարտադրեց հանձնել իշխանությունը: Ի դեպ տրամաբանական էր, որ դրանից հետո «հաղթած» նոր իշխանությունը հեշտությամբ Թուրքերին դուրս կհրավիրեր Հայաստանի Հանրապետությունից օկուպացրած 40 հազար կիլոմետր տարածքից, բայց իհարկե չարեց:

Համեմատությունը ուղղակի չէ, բայց հիշենք նաեւ, որ սումգայիթյան վայրագությունների համար պատասխան տվող չեղավ, թեեւ այդ ամենը տեղի էր ունեցել Խորհրդային «եղբայրական միության» տարածքում, իսկ դատավարությունը անցկացվեց Մոսկվայում:

Պատմական զուգահեռների մեջ խորանալով հիշենք նաեւ, որ երբ նույն 1920 թվականին հայկական բանակը օրհասական կռիվներ էր մղում անհամեմատ մեծաքանակ եւ հզոր թուրքական ուժերի հետ Ռուսաստանը տրամադրեց վերջիններին հսկայական քանակությամբ զենք, ռազմամթերք եւ ոսկի: Հիմա հիշենք, որ արդեն Արցախյան պայքարի տարիներին նույն ռուսների շնորհիվ էր, որ ազերիները կարողացան գրավել Գետաշենն ու Մարտունաշենը, դատարկվեց Շահումյանը, խորհրդային բանակի «Օղակ» գործողության միջոցով հայաթափվեցին ու Ադրբեջանի հսկողության տակ անցան Մարտակերտի եւ Հադրութի բազմաթիվ գյուղերը: Եւ այսօր էլ, երբ Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի կողմից, ոչ մի օր վերացած չէ պատերազմի նոր փուլի բռնկման վտանգը ադրբեջանի հետ Ռուսաստանը պատրաստվում է ամենանորագույն տեխնիկա տրամադրել Թուրքիային եւ շարունակում է զինել Ադրբեջանին: Պատմական զուգահեռները ոչ թե «հակա» տրամադրություններ բորբոքելու համար են, (դրանց վնասը միշտ ավելի շատ է) այլ եզրակացնելու համար, որ տարածաշրջանում շահերը չեն փոխվել եւ անել դրանից համապատասխան հետեւություններ: Ինչ վերաբերում է Սումգայիթի թեմային, որին էլ նվիրված է այս անդրադարձը, ապա, ինչպես հարյուր տարի առաջ, այն հայությանը տվեց կարեւոր եւ ամենագլխավոր դասը՝ հրաժարվել բոլոր տեսակի պատրանքներից (վերակառուցում, ժողովրդավարացում, պատմական արդարության վերականգնում եւ այլն) եւ նախապատրաստվել ազատության կամ մահվան դիմակայության: Ու բարեբախտաբար Սումգայիթից հետո հայությունը դանդաղ-դանդաղ սկսեց նախապատրաստական միջոցառումները, որոնց շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր Սումգայիթներից եւ հաղթել պարտադրված պատերազմում: Ադրբեջանն ու Թուրքիան առնվազն մեկ բան հասկացան, որ հայ ժողովրդի արյան մեջ գոյություն ունի թուրքական վայրենության դեմ հակադեղը եւ եթե այս ժողովրդի ձեռք ու ոտքը չկապեն նրան հաղթելը դժվար է: Սումգայիթյան իրադարձությունները իրենց ողջ ողբերգականությամբ վերահաստատեցին ուղիղ հարյուր տարվա վաղեմության, Սարդարապատից առաջ Արամ Մանուկյանի հնչեցրած կոչը՝ մենակ ենք եւ հույսներս մեզ վրա պիտի դնենք:

Արտաշես Շահբազյան

Տպել Տպել