Հայաստանի 1-ին Հանրապետության խորհրդարանի աշխատանքները Կ.Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթի էջերում (1918-1919թթ.)

1918-1919 թթ. «Ճակատամարտ» օրաթերթն1 անդրադարձել է Հայաստանի 1-ին Հանրապետության կյանքի տարբեր բնագավառներին: Հիմնական շեշտադրումներն արվել են ներքին և արտաքին քաղաքականության մարտահրավերներին, Կառավարության ու Խորհրդարանի աշխատանքներին, հայոց նորանկախ պետականության գաղափարի արժևորմանը: Պարբերականի մոտեցումներն անաչառ են, վերլուծություններն` օբյեկտիվ, իսկ առաջարկները` կառուցողական: Թերթի հրապարակումները մեզ հիմք են տալիս վկայելու, որ երկրի իշխանությունները (օրենսդիր, գործադիր և դատական) արել են հնարավորը թե′ պետականաշինության, թե′ Հայաստանի սահմաններն անխախտ պահելու, թե′ այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, թե′ Հայկական հարցի լուծմանը նպաստելու համար:

«Հայաստանին խորհրդարանին մեջ» խորագրի ներքո գրեթե բոլոր համարներում տպագրված լուրերը, ռեպորտաժներն ու վերլուծական հոդվածները պատկերացում են տվել Հայաստանի օրենսդիր մարմնի ձևավորման, դրա ընթացիկ աշխատանքների, ընդունած որոշումների, այնտեղ կազմակերպված հանդիպումների և անցկացված լսումների մասին: Գերակշռում են տեղեկատվական բնույթի հրապարակումները: Բերենք մի քանի օրինակ:

1918 թ. դեկտեմբերի 31-ի տարեվերջյան համարում ընթերցողներին նախ` ներկայացրել են Խորհրդարանի նորընտիր անդամներին (Արտաշես Էնֆիաջյան, Մինաս Բերբերյան, Լևոն Ղուլյան, Միքայել Աթաբեկյան), ապա` տեղեկացրել են 37-րդ նիստում ընդունված

____________________________________

1«Ճակատամարտ» օրաթերթը լույս է տեսել Կ. Պոլսում 1918-1924 թթ.: Այն ՀՅԴ Արևմտյան բյուրոյի օրգան «Ազատամարտ» օրաթերթի (1909-1915 թթ.) իրավահաջորդն է համարվել, թեև արդեն չի եղել հայկական որևէ կուսակցության պաշտոնաթերթ: Ունեցել է 2 խմբագիր` Շավարշ Միսաքյանը և Հակոբ Սիրունին (Ճոլոլյան): Արտոնատերը Վրթանես Մարտիկյանն էր:

որոշումների մասին2: Ա. Էնֆիաջյանը հայտնի առևտրական և ծխախոտի գործարանատեր էր (նա ստանձնել էր Ելեւմտական, առևտրական ու աշխատանքի նախարարության ղեկը), Մ. Բերբերյանն անվանի գրող էր, ով Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչներից էր եղել մինչ այդ, Լ. Ղուլյանը հանրությանը քաջածանոթ ճարտարապետ էր, իսկ Մ. Աթաբեկյանը հանրահայտ փաստաբան էր3: Գ. Զարյանի նախագահությամբ տեղի ունեցած այդ նիստում ընդունված օրինագծերից մեկով Հայաստանի 1-ին հանրապետության արտաքին գործերի նախարարին 300.000 ռուբլի վարկ էր տրամադրվել` Պարսկաստանի հայ գաղթականներին օգնելու համար4 : Մեկ այլ օրինագծի հաստատմամբ` Երևանի Երկաթուղային կայարանի ծառայողներին փոխարինաբար, մեկ տարի ժամկետով, 10.000 ռուբլի էր հատկացվել` կոոպերատիվ խանութ բացելու նպատակով5: Նույն նիստում վարչապետ Հովհաննես Քաջազնունին պատգամավորներին տեղեկացրել էր այդ օրերին Թիֆլիսում գտնվող 3 հայ նախարարների ու պետական հաշվեքննիչի ստորագրություններով հաստատված և ստացված հեռագրի մասին, որտեղ նրանք առաջարկել էին գնել 150.000 ռուբլի արժեք ունեցող հեռագրային անթել հզոր կայան Հայաստանի համար: Խորհրդարանը որոշել էր 200.000 ռուբլի փոխանցել նրանց` այդ կայանը գնելու և Երևան տեղափոխելու ծախսերը հոգալու համար:

Հայաստանի 1-ին Հանրապետության օրենսդիր մարմնի աշխատանքներին ակտիվորեն մասնակցել էին ցեղասպանությունից մազապուրծ եղած արևմտահայության ներկայացուցիչները: 1919 թ. ապրիլի 19-ին «Ճակատամարտը» տպագրել էր թղթակցություն Երևանից, և թղթակիցը մարտի 28-ին գրած իր այդ նյութի մեջ հաղորդում էր. «Հայաստանի Հանրապետութեան սահմաններու մէջ գտնուող Արեւմտահայերու հանրային կեանքը հետզհետէ կը մտնէ բնականոն ճամբու մէջ: Տեղի ունեցաւ Երեւանի մէջ Արեւմտահայերու համագումարը, որ ներգաղթի, զինուորութեան, պարենաւորման և այլ մարմիններու կազմութեան մասին կարեւոր վճիռներ տալէն յետոյ,
_______________________________________

2«Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1918, թիվ 37 («Հայաստանին խորհրդարանին մեջ»):
3Նույն տեղում:
4Նույն տեղում:
5Նույն տեղում:
6Նույն տեղում:

բանակցութեան մտաւ հանրապետական կառավարութեան հետ` իր գործօն մասնակցութիւնը բերելու պետութեան կազմութեան աշխատանքին մէջ»7 : Երկար բանակցություններից հետո կառավարությունը և Արևմտահայերի խորհուրդը համաձայնության էին եկել, որ արևմտահայերի այդ կառույցի կողմից ընտրված 12 պատգամավոր պետք է մասնակցեին Խորհրդարանի աշխատանքներին. «Այսպէսով` 2 հայկական հատուածներու պետական կեանքի մէջ համագործակցութեան 1-ին և կարեւոր քայլը առնուած պէտք է նկատել»8 :

Թերթը ողջունել էր կառավարության հիշյալ որոշումը` Հայաստանի 1-ին Հանրապետությունը համարելով ողջ հայության պետությունը: «Հանրապետական կառավարությունը, իբրեւ կորիզ հայկական անկախութեան և Հայաստանի սահմաններու ընդլայնումին, պաշտօն ունի նաեւ գրաւելու Տաճկահայաստանի հողամասերը` օժանդակութեամբ դաշնակից ուժերու: Այս իսկ հանգամանքով այլ եւս Հայաստանի Հանրապետութիւնը կը դադրի Ռուսահայաստանի հողին մէջ սահմանափակուելէ և կը դառնայ ամբողջ Հայաստանի Հանրապետութիւն: Այս պարագային ինքնին կը ծագի Տաճկահայերու մասնակցութիւնը պետական գործերու մէջ»9 ,- գրում էր թերթն իր առաջնորդող հոդվածներից մեկում: Ընդ որում, «Ճակատամարտը» 1919 թ. հունիսի 21-23-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին10 մասնակցող արևմտահայերին համարում էր ոչ թե «Ռուսահայ Հանրապետութեան», այլ « Հայաստանի քաղաքացի»11 :

Տրդատ Գալանճյանը, իբրև Բաթումից 1919 թ. մայիսի վերջին Կ. Պոլիս վերադարձած անձ, ով այնտեղ աչքի էր անցկացրել Երևանից ստացված պարբերականներն իրենց պաշտոնական լուրերով, փաստում էր, որ 1919 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր նաև արևմտահայ գաղթականությունը12: Հայաստանյան կուսակցությունների ընտրացուցակներում ընդգրկված էին արևմտահայ գործիչներ: Ասենք` ՀՅԴ ցուցակը պարունակում էր 20-ից ավելի արևմտահայերի
___________________________________

7 Նույն տեղում, 1919, թիվ 134 («Թրքահայերու մասնակցությունը հայկական խորհրդարանին»):
8Նույն տեղում:
9 Նույն տեղում, 1919, թիվ 166 («Հայաստանի երեսփոխանական ընտրությունները»):
10 Հակոբյան Ա., «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.», Ե., 2018, էջ 60:
11«Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1919, թիվ 166 («Հայաստանի երեսփոխանական ընտրությունները»):
12Նույն տեղում, 1919, թիվ 170 («Հայաստանի խորհրդարանի ընտրությունները»):

անուններ, ի թիվս որոնց` Գարեգին Փաստրմաջյանը (Արմեն Գարո), Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Կարո Սասունին, Վահագն Քրմոյանը և այլք : Թղթակցի կարծիքով`Հայաստանում հայ ժողովուրդը, մեկ սիրտ և մեկ հոգի դարձած, փորձում էր տնօրինել սեփական երկրի քաղաքական ճակատագիրը14 :

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայաստանի 1-ին Հանրապետության սահմաններում ապաստանած ավելի քան 250.000 փախստական արևմտահայության պաշտոնական ներկայացուցչական մարմինը Արևմտահայ համագումարն էր15 : «Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանին մէջ պիտի մտնեն առնուազն 20 արեւմտահայ` առնուած Վանի, Կարնոյ և Բաղէշի Հայութենէն»16 ,- այսպիսին էր թերթի համոզմունք-ցանկությունը:

Միևնույն ժամանակ «Ճակատամարտն» անդրադառնում էր Զավեն արքեպիսկոպոս Եղիայանի, Պողոս Նուբարի ու նրանց շրջապատի կողմից հնչեցված այն տեսակետին, ըստ որի`«Թրքահայերէն ընտրուած երեսփոխանները իբր Երեւանի Հանրապետութեան շրջանակի երեսփոխաններ պիտի նկատուին», քանի որ չէին կարող արտահայտել «ուղղակի Թրքահայաստանի հողին վրայ բնակող Հայութեան կարծիքը»17: Այս կապակցությամբ հոդվածագիր Արամ Սաֆրաստյանը հիշեցնում էր, որ Արևմտյան Հայաստանում գրեթե հայ չէր մնացել, իսկ եղածներն էլ ի վիճակի չէին իրենց կամքն արտահայտել Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառով18 : Այնինչ Հայաստանի 1-ին Հանրապետություն գաղթած արևմտահայերը վաղուց էին իրենց ճակատագիրը կապել նորանկախ դարձած երկրի ու նրա կառավարության հետ: «Հայաստան ու Կովկաս ապաստանած Հայութիւնը Պոլսէն կամ Փարիզէն հրահանգ ստանալու հարկին մէջ չէր գտնուէր…Արեւմտահայութեան երեսփոխանները պիտի ըլլան Հայաստանի Հանրապետութեան երեսփոխաններ, Հանրապետութիւն,

________________________

13Նույն տեղում:
14Նույն տեղում:
15Նույն տեղում, 1919, թիվ 171 («Դարձյալ Հայաստանի ընտրությունները»):
16Նույն տեղում:
17Նույն տեղում, 1919, թիվ 177 («Խորհրդարանական ընտրությունները Հայաստանի մեջ»):
18Նույն տեղում:

որի սահմանները Երեւանէն շատ աւելի դէպի անդին կը տարածուին»19 ,- նշում էր Ա. Սաֆրաստյանը:

Պարբերականի հրապարակումներում շարունակ այն միտքն էր շեշտվում, որ Հայաստանի Հանրապետության 1-ին խորհրդարանը կազմվել էր «առանց ընտրութեան, տեսակ մը նշանակովի, քաղաքական կուսակցութիւններէն համեմատական թուով ներկայացուցիչներ առնելով»20 : Այդպիսի խորհրդարանը չէր կարող լինել ժողովրդի հարազատ ներկայացուցչությունը, իսկ նրանից ընտրված կառավարությունը «միշտ տկար և անկայուն մնալու դատապարտուած էր»21 : Թերթն առաջ էր քաշում ժողովրդապետական ընտրություններով խորհրդարան կազմելու պահանջ, քանի որ «երեսփոխանական ժողովի ուժեղ կուսակցութենէ մը կամ 1է աւելի կուսակցութեանց համախմբութենէն բխած ուժեղ կառավարութեան մը պէտքը անհրաժեշտ է անսայթաք և առանց տատանումի գործերը տանելու համար մինչեւ վերջին հանգրուանը»22 :

«Ճակատամարտի» կարծիքով` իր առաջարկած մոդելով կազմված խորհրդարանը ժողովրդի կամքի արտահայտությունն էր լինելու, քանի որ դրա համար հիմքեր էր ստեղծել Ընտրական օրենքը. «Տրամադրութիւնները, որոնցմով կազմուած էր այդ օրէնքը, բնաւ տարակոյս չեն ձգեր, թէ նոր խորհրդարանը պիտի ըլլայ իսկապէս ժողովուրդին ներկայացուցչութիւնը և` այնքան ռամկավար, որքան ամենէն աւելի քաղաքակրթուած արդիական երկրի մը մէջ»23 : Այդ օրենքն ապահովում էր ազատ, բռնությունից և կաշկանդումներից զերծ ընտրություններ: 1-ին հոդվածն ազդարարում էր հիմնական սկզբունքները. «Հայաստանի Հանրապետութեան Պարլամենտի անդամներին ընտրում է ազգաբնակչութիւնը` առանց սեռի խտրութեան` ընդհանուր և հաւասար ընտրական իրաւունքի հիման վրայ, ուղղակի ընտրութեան և գաղտնի քուէարկութեան միջոցով, գործադրելով համեմատական ներկայացուցչութեան սկզբունքը»24 : «Հայոց

___________________

19Նույն տեղում:
20Նույն տեղում, 1919, թիվ 166 («Հայաստանի երեսփոխանական
ընտրությունները»):
21Նույն տեղում:
22Նույն տեղում:
23Նույն տեղում, 1919, թիվ 171 («Դարձյալ Հայաստանի ընտրությունները»):
24Նույն տեղում:

պատմության» ակադեմիական բազմահատորյակում նշված է, որ 1919 թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին համամասնական ընտրակարգով, ընդ որում, համաձայն Ընտրությունների մասին օրենքի, ընտրելու իրավունքից օգտվել էին 20 տարին լրացած 2 սեռի բոլոր քաղաքացիները, «այդ թվում` ՀՀ տարածքում ապաստանած արևմտահայ գաղթականները` ընդհանուր, ուղղակի, հավասար և գաղտնի քվեարկության միջոցով»25 : Օրենսդիր մարմինն ունենալու էր 80 պատգամավոր26 :

Նորընտիր խորհրդարանն ավելի ակտիվ և արդյունավետ էր աշխատելու` դառնալով Միացյալ Հայաստանի 1-ին հիմնաքարը և Ամբողջական Հայաստանի կորիզը27 : Այդ ամենի համար համապատասխան երաշխիքներ էին ստեղծել երկրի նախորդ շրջանի վարիչներն իրենց կենսունակ գործունեությամբ` հակառակ բյուրավոր խոչընդոտների28 :

1919 թ. հունիսի 29-ին «Վերջին ժամ» խորագրի լուրերի շարքում առանձնահատուկ տեղ էր գրավում Հայաստանի 1-ին Հանրապետության խորհրդարանական ընտրությունների ավարտն ավետող տեղեկությունը29 : Նշվում էր նաև, որ դրանց մասնակցել էին քաղաքական 5 հոսանք՝ իրենց ընտրացուցակներով. «Հ.Յ.Դաշնակցութիւնը, Ընկերվարական Յեղափոխականները, Քիւրտ-Թաթարական խմբակցութիւնը, Ասորիները ու անկուսակցական գիւղացիութիւնը: Ընտրութիւններու մէջ բացարձակ յաղթանակը շահած է Հ.Յ.Դաշնակցութիւնը»30 :

1919 թ. հունիսի 19-ին «Ճակատամարտը» վերլուծում էր Հայաստանի 1-ին Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները` հիմնվելով Հայկական հեռագրական գործակալության տրամադրած թվային նախնական տվյալների վրա : Ըստ այդմ` Հայաստանի սահմաններում ապրող գրեթե 2.000.000 բնակչությունից

_______________________________

25«Հայոց պատմություն», Ե., 2010, հ. 4-րդ, գիրք 1-ին, էջ 31:
26Կարապետյան Մ., «Հայաստանը 1912-1920 թթ.», Ե., 2003, էջ 261:
27«Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1919, թիվ 171 («Դարձյալ Հայաստանի ընտրությունները»):
28Նույն տեղում:
29Նույն տեղում, 1919, թիվ 193 («Հայաստանի խորհրդարանական ընտրությունները վերջացած»):
30Նույն տեղում:
31Նույն տեղում, 1919, թիվ 210 («Թիվերը ավելի պերճախոս են, քան խոսքերը»):

Խորհրդարանի ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 197.377 քաղաքացի32 :

Քվերը բաշխվել էին համապատասխանաբար այսպես.
• ՀՅԴ – 174.545 քվե,
• Ընկերվարական հեղափոխականներ – 8.225 քվե,
• քրդեր – 1.325 քվե,
• թաթարներ – 9.860 քվե,
• ասորիներ – 174 քվե,
• գյուղացիական միություն – 2.689 քվե33 :
Հոդվածագիր Կարո Սասունին փաստում էր, թե «Հայաստանէն եկած թղթակցութիւններէն կ’երեւայ, որ ձայնի իրաւունք ունեցողներու 100-ին 60-ը մասնակցած է ընտրութեանց: Եթէ Հայաստանը հիմակուան սահմաններով վերցնենք և բոլոր անպատեհութիւնները նկատի չառնենք, դարձեալ 100ին 8ը մասնակցութիւնը բերած է»34: Նա նաև գրում էր, որ գրանցված արդյունքը ժամանակի քաղաքակիրթ երկրների խորհրդարանական ընտրությունների արդյունքների համեմատությամբ կարելի էր գոհացուցիչ համարել35 : Ասում էր, որ եթե նկատի ունենային «եւրոպական զանազան պետութիւններու ընտրական արդիւնքները», ապա կտեսնեին, որ «առհասարակ հասարակութեան 100ին 10ը միայն կը մասնակցի ընտրութեանց»36 :

Կարո Սասունին, ամփոփելով իր վերլուծության արդյունքները, եզրակացնում էր հետևյալը. «Այսպիսով, Հայաստանը կ’ունենայ ընտրովի խորհրդարան մը, որ մեծ առաւելութիւններ կը ներկայացնէ որպէս պետական բարձրագոյն հաստատութիւն, որովհետեւ անոր կը մասնակցին Արեւմտահայերը, և ան վերջ կ’ուտայ նախկին խորհրդարանին, որ պարզապէս նշանակովի կարելի էր անուանել»37:

1919 թ. հուլիսի 31-ին «Վերջին ժամը» ներկայացնում էր Հայաստանի 1-ին հանրապետության խորհրդարանական ընտրությունների

___________________

32Նույն տեղում:
33Նույն տեղում:
34Նույն տեղում:
35Նույն տեղում:
36Նույն տեղում:
37Նույն տեղում:

վերջնական արդյունքը38 : Դրա համաձայն` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեին 365.780 հոգի39 (ինչպես վկայում էր Սիմոն Վրացյանը, այդ թիվը գոյացել էր առանց Կարսի և Շարուր-Նախիջևանի քվեարկության իրավունք ունեցող անձանց նկատի ունենալու)40 , որոնցից ընտրությանը մասնակցել էին 258.880-ը41 : ՀՅԴ-ն ստացել էր 230.272 քվե կամ 72 աթոռ Խորհրդարանում, ընդ որում, ՀՅԴ ցուցակով Ազգային ժողով էին անցել42 նաև արևմտահայ 13 անվանի գործիչներ, 3 կին և ազգությամբ եզդի 1 պատգամավորներ43 : Էսէռները (Ընկերվարական հեղափոխականները) շահել էին 4, թաթարները` 2, անկուսակցականները`1 աթոռ44 :

Հայաստանի 1-ին Հանրապետության 1-ին ընտրովի խորհրդարանի բացումը տեղի է ունեցել 1919 թ. օգոստոսի մեկին45 : Այդ հիշարժան իրադարձությանն անդրադարձել էր նաև «Ճակատամարտը» օգոստոսի 19-ին և 20-ին լույս տեսած համարների 1-ին էջերում` արտատպելով Երևանում հրատարակված «Նոր աշխատավոր» պարբերականից վերցրած լուրերը46 : Ըստ այդ հրապարակումների` Խորհրդարանը բացվել էր խորհրդանշական օր. 1 տարի առաջ այդ օրն էր իր աշխատանքն սկսել Հայաստանի Խորհուրդը47 : Արդեն 1919 թ. օգոստոսի մեկին այն առանձնահատուկ կենդանություն էր կարծես ստացել. «Մինչեւ նիստը հասարակութիւնը լեցուեր էր նրբանցքները և անհամբեր կը սպասէր

_________________________

38Նույն տեղում, 1919, թիվ 220 («Հայաստանի երեսփոխանական ընտրություններուն վերջնական արդյունքը»):
39Նույն տեղում:
Երբեմն «Ճակատամարտ» պարբերականում բերված թվային տվյալները որոշակիորեն չեն համապատասխանում այսօր մեր ձեռքի տակ եղած արդեն ճշգրտված վերջնական արդյունքներին: Դա պայմանավորված
էր հիմնականում այն օրերի փոթորկուն քաղաքական իրավիճակով և մի շարք այլ հանգամանքներով: Օրինակ` ներկայումս հստակ է, որ 1919թ. խորհրդարանական ընտրացուցակներում ընդգրկված է եղել
380.000 ընտրող (տե′ս «Հայոց պատմություն», Ե., 2010, հ. 4-րդ, գիրք 1-ին, էջ 31):
40 Վրացյան Ս., «Հայաստանի Հանրապետություն», Ե., 1993, էջ 292:
41«Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1919, թիվ 220 («Հայաստանի երեսփոխանական ընտրություններուն վերջնական արդյունքը»):
42 Քալաշյան Ա., «Հայաստանի 1-ին հանրապետության լեգիտիմ խորհրդարանը և նրա առանձնահատկությունները» (տե′ս kantegh.asj-oa.am/677/1/, էջ 213):
43 «Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1919, թիվ 220 («Հայաստանի երեսփոխանական ընտրություններուն վերջնական արդյունքը»):
44 Նույն տեղում:
45 Հակոբյան Ա., նշվ. աշխ., էջ 62:
46 «Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1919, թիվ 236 («Հայաստանի խորհրդարանին բացումը»):
47Նույն տեղում:

սրահին բացուելուն»48 : Նիստն սկսվել էր 2 ժամ ուշացումով, քանի որ պատգամավորներից մի քանիսը հարևան երկրներից երկաթուղիով էին եկել և ուշացել էին. «Ժամը 12ին մօտ է: Պատգամաւորները բռներ են իրենց տեղերը…Շուտով ներս կը մտնեն ուշացած պատգամաւորները, որ նոր հասեր են կառախումբով Պագուէն, Ռոստովէն, Թիֆլիսէն»49 : Ներկա էին բոլոր նախարարներն իրենց օգնականների հետ, Կաթողիկոսի ներկայացուցիչը` Խորեն եպիսկոպոսը, դիվանագիտական կորպուսի անդամները` բացի Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներից, որոնք բացակայում էին հարգելի պատճառներով50 : Թերթը գրում էր, որ հանդիսովոր նիստը բացվել էր Խորհրդարանի ժամանակավոր նախագահ Ավետիք Սահակյանի ճառով, որում, անդրադառնալով նախորդ 1 տարում Հայաստանի Խորհրդի կատարած աշխատանքներին, նա ներկայացրել էր առաջիկա անելիքները, ներքին և արտաքին մարտահրավերները` «հրաւիրելով բոլորը, որ աչալուրջ, ամբողջ ուժով ընդառաջ երթան` օգնելու կառավարութեանը մեր մանուկ Հանրապետութեան ազատութիւնը ապահովելու համար»51 :

Ա.Սահակյանն ողջույնի խոսքով դիմել էր թե′ Հայաստանի բարեկամ պետությունների ներկայացուցիչներին, թե′ հայոց զորքին: Վերջինի դեպքում Խորհրդարանի դահլիճը դղրդացել էր ծափերի
տարափից. «Խորհրդարանի անդամները, վեր կենալով իրենց տեղերէն, խանդավառ ցոյցեր կ’ընեն զինուորական նախարար Արարատեանին և մեր հերոս, քաջարի Դրօին»52 :

«Ճակատամարտը» տեղեկացնում էր, որ Խորհրդարանի 1-ին օրվա օրակարգում եղել էր միայն 1 հարց` տեղեկագրերը քննող հանձնախմբի ընտրությունը, ինչը բարեհաջողությամբ իրագործվել էր53 :
Աշխատանքներն արդեն արվելու էին ավելի հարմարավետ պայմաններում, քան եղել էր նախորդ դահլիճի շրջանում54 : Նախարարների և դիվանագիտական մարմինների օթյակները
_________________________

48Նույն տեղում:
49Նույն տեղում:
50Նույն տեղում:
51Նույն տեղում:
52Նույն տեղում:
53Նույն տեղում:
54Նույն տեղում:

տեղափոխվել էին ու մոտեցվել էին նախագահի աթոռին, որը գտնվում էր փոքր-ինչ բարձր դիրքում` մյուսների աթոռների համեմատությամբ: Առավել էր ընդարձակվել պատգամավորներին հատկացված հատվածը. «Աթոռները զետեղուած են այնպէս, որ կեդրոն չկայ, այսինքն` կան միայն աջ և ձախ կողմերը»55 :

1919 թ. օգոստոսի 20-ին Հայաստանի Հեռագրական գործակալության ուղարկած հեռագիրը տպագրելով 1-ին էջում` պարբերականը մանրամասներ էր հաղորդել նորընտիր Խորհրդարանի անդրանիկ նիստի ու մասնավորապես Ա. Սահակյանի ճառի բովանդակության և շոշափած հարցերի վերաբերյալ56 : Նիստին ներկա էին 56 պատգամավոր, զբաղեցված էին եղել հասարակության համար նախատեսված բոլոր տեղերը57 : Կարևորելով այս հեռագրի պատմական արժեքը` ստորև որոշակի կրճատումներով նեկայացնում ենք այն գրեթե ամբողջությամբ:

«Քաղաքացինե′ր, միացեալ Հայաստանի ներկայացուցիչներ, ուղիղ մի տարի սրանից առաջ` օգոստ. 1ին մեր երկիրը շրջապատուած էր տաճկական զօրքերի երկաթէ օղակով, թշնամու սուրը կախուած էր մեր գլխին, մեր հայրենիքը դարձել էր բանտ: Ես, որպէս նախագահ գերագոյն Ազգային խորհուրդի, 1-ին նիստին անխախտ հաւատով և խորը համոզմունքով յայտարարեցի, որ մեր հանրապետութեան նեղ հորիզօնը, որի սահմանները խեղդում են նրան, պէտք է ընդարձակուի, մեր հերոս ու մարտիրոս ժողովուրդը պէտք է լինի տէրը իր փայփայած ու գուրգուրած հայրենիքին: Այսօր ես երջանիկ եմ վկայելու, որ իմ գուշակութիւնը ոչ միայն արդէն կատարուած փաստ և իրականութիւն է դարձել, այլ և մեր ժողովուրդի կամքը սրբազան, Հայութեան 2 կէսերը գրկաբաց միացել են և յայտարարել մի պետութիւն` միացեալ, անկախ եւ ազատ Հայաստան, որի պաշտպանութեան համար մենք երդուել ենք զոհել մեր կեանքը եւ կռուել մինչեւ վերջին շունչը: Մենք հպարտանում ենք մեր նորածին պետութեամբ: Նա թոյլ է, հեռու է կատարեալ լինելուց, բայց…ժողովուրդը սիրում է իր երիտասարդ հանրապետութիւնը: Նա իւրացրել է պետականութեան գաղափարը: Նրա մէջ արմատացել է անկախութեան գաղափարը: Նա երբեք չի բաժնուի նրանից և երբեք չի զիջի…Մեր
_____________________________

55 Նույն տեղում:
56 Նույն տեղում, 1919, թիվ 237 («Հայաստանի խորհրդարանին բացումը»):
57 Նույն տեղում:

հանրապետութեան ներկայ դրութիւնը ստեղծած է հսկայական խնդիրներ, որոնց լուծման համար մենք պէտք է լարենք մեր ուժերը և ամբողջութեամբ նուիրուինք պետութեան պատասխանատու պարտականութիւններուն:

Կեցցէ~ Հայաստանի 1-ին ընտրուած պարլամենտը»58 :

«Ճակատամարտի» հրապարակումների հիման վրա այսօր հնարավոր է ամփոփ պատկերացում ունենալ Հայաստանի 1-ին Հանրապետության Խորհրդարանի և կառավարության կազմավորման ու գործունեության հիմնական ուղղությունների մասին: Օրինակ` Երևանից ստացված հեռագիրը ներկայացնում էր, թե Խորհրդարանի` օգոստոսի 5-ի նիստին ներկա 40 պատգամավորն ինչպե′ս էին ընտրել օրենսդիր մարմնի դիվանը59 : «37 ձայնով ընդդէմ 3ի` ընտրուեցան նախագահ Ահարոնեան, փոխնախագահներ` Լեւոն Շանթ 39 ձայնով ընդդէմ 1ի, Սարգիս Արարատեան` 36 ձայնով ընդդէմ 4ի, գլխաւոր քարտուղար` Յակոբ Տէր-Յակոբեան` 36 ձայնով ընդդէմ 3ի, քարտուղարի օգնական Արամ Սաֆրաստեան` 34 ձայնով ընդդէմ 6ի: Սարգիս Արարատեան կը ստանձնէ նախագահութիւնը»60 ,- կարդում ենք այդ հեռագրում: Արդեն օգոստոսի 7-ի նիստում 40 կողմ, 8 դեմ ձայնով Խորհրդարանն երկրի վարչապետ էր ընտրել Ալեքսանդր Խատիսյանին61: Նա իր հերթին օրենսդիրներին ներկայացրել էր կառավարության նոր կազմը: Վարչապետն ու Արտաքին գործերի նախարարն էր Ալեքսանդր Խատիսյանը, ներքին և դատական գործերի նախարարը` Աբրահամ Գյուլխանդանյանը, ելեւմտական և պարենավորման նախարարը` Սարգիս Արարատյանը, աշխատանքի և խնամատարության նախարարը` Ավետիք Սահակյանը, կրթության նախարարը` Նիկոլ Աղբալյանը, պատերազմական նախարարը`զորավար Քրիստափոր Արարատյանը:62 Ազգային ժողովն այդ օրվա նիստում հաստատել էր կառավարության ա′յս կազմը, ինչից հետո վարչապետը կարդացել էր նորընտիր գործադիր մարմնի հայտարարությունը` պատգամավորներին

_____________________________

58Նույն տեղում:
59Նույն տեղում, 1919, թիվ 238 («Հայաստանի խորհրդարանին դիվանին ընտրությունը»):
60Նույն տեղում:
61Նույն տեղում, 1919, թիվ 243 («Հայաստանի նոր դահլիճը»):
62Նույն տեղում:

ներկայացնելով Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները, կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության ուղենիշերը63 :

Նորակազմ Խորհրդարանը հիշատակագիր էր ուղղել 1-ին աշխարհամարտում ընդգրկված մեծ և փոքր բոլոր պետությունների, նաև` Պարսկաստանի իշխանություններին, իսկ «Ճակատամարտը» տպագրել էր այդ նամակ-կոչը օգոստոսի 27-ի համարում64 : Այդ հիշատակագրում փաստվում էր, որ պատերազմը թեև ավարտվել էր դաշնակիցների հաղթանակով, սակայն հայ ժողովուրդը դեռևս պատերազմում էր Թուրքիայի հետ` «ձգուած» լինելով բախտի քմահաճույքին ու թափելով արյունը «իր հին դահիճներու ձեռքովը»65 :

Հայ ժողովուրդը, արձագանքելով դաշնակից պետությունների 1-ին իսկ կոչին, 5 տարի շարունակ մասնակցել էր ռազմական գործողություններին` ընդդեմ օսմանյան պետության և բանակի: Այդ ընթացքում Հայաստանը գրեթե ամբողջապես քարուքանդ էր եղել, հայ ժողովրդի ավելի քան կեսը կորսվել էր: «Հիւծուած գաղթականներու և մանկահասակ որբերու այդ երկիրը և ոչ մէկ ատեն բաժնուեցաւ զէնքէն այն յոյսով, թէ ուշ կամ կանուխ արդարութիւնը պիտի յաղթանակէ, դաշնակիցներու օգնութեամբ հայ ժողովուրդի մնացած մասը պիտի ապրի երջանիկ կեանքով` իր ազատագրուած հայրենիքին մէջ»66 ,- կարդում ենք հիշատակագրում: Ասվում էր նաև, որ սկզբնապես արևմտահայերին թվում էր, թե օրերի կամ մի քանի շաբաթվա հարց էր դարձել իրենց ազատագրումը թուրքերի լծից, այնինչ Մուդրոսի զինադադարից անցել էր 9 ամիս, բայց այդ ուղղությամբ ոչինչ չէր արվել: Ընդհակառակը, «այդ երկար ժամանակի ընթացքին իրավազուրկ և թափառական թրքահայութիւնը, հաւաքուելով նախկին Տաճկահայաստանի սահմանի վրայ, հարիւրներով և հազարներով կը կոտորուին սովէն ու հիւանդութիւններէ, չհամարձակելով անցնիլ իր Մայր հայրենիքի սեմը»67 :

Հիշատակագիրը պարզում էր ևս մեկ իրողություն, այն, որ Թուրքիան, ոգևորվելով դաշնակից պետությունների ներողամիտ վերաբերմունքից,

____________________________

63Նույն տեղում:
64Նույն տեղում («Հայաստանի խորհրդարանին հիշատակագիրը»):
65Նույն տեղում:
66Նույն տեղում:
67Նույն տեղում:

սեփական գործակալների օգնությամբ գրգռում էր տեղական մուսուլմաններին Հայաստանի կառավարության դեմ68, և` ոչ միայն դա: Թուրքիան իր զինվորներին տեղավորել էր Հայաստանի սահմաններում ձևավորված թաթարական ու քրդական հրոսակախմբերի կազմում, իսկ թուրք սպաները գլխավորում էին դրանք` քանդելով և ավերելով Շարուրի, Նախիջևանի, Սուրմալուի, Երևանի, Կարսի գավառների հայկական գյուղերն ու ավանները, գնդակահարելով հայ ժողովրդի մնացորդներին69:

Այս ամենի մեջ թողտվության մեծ բաժին ունեին 1-ին աշխարհամարտի դաշնակից պետությունները, որոնց ներկայացուցիչները գտնվում էին Հայաստանում և լուռ հետևում էին կատարվող իրադարձություններին70 : Իհարկե, հայ ժողովուրդը գնահատում էր դաշնակիցների ցուցաբերած նյութական ու բարոյական օգնությունը, սակայն գիտակցում էր, որ դա չէր համապատասխանում հանուն ընդհանուր գործի հայության տված անլուր զոհերին ու զոհողություններին: Բացի այդ` դաշնակիցները ոչնչով չէին աջակցում հայ ժողովրդի պաշտպանության գործին. «Այդ բոլորի հետեւանքով այժմ կանգնած ենք մենակ` մեր դարաւոր դահիճի դէմ` առանց դաշնակից զօրքերու, առանց բաւարար ռազմանիւթի ու ռազմիկ ուժի»71 :

Հայաստանի Խորհրդարանի հիշատակագիրն ազդարարում էր, որ հանգամանքների ստիպմամբ և պարտադրմամբ` միայնակ էր պայքարելու և անհավասար պատերազմի մեջ էր մտնելու թուրքերի դեմ, քանի որ հայության ֆիզիկական գոյությունը պահելու ուրիշ ճանապարհ չկար72 :

Վերոհիշյալ հիշատակագրին նման էր օրենսդիր մարմնի կողմից պատրաստված այն դիմում-հայտարարության տեքստը, որն ուղարկվելու էր Հայաստանի դաշնակից պետությունների խորհրդարաններին: Այդ դիմումը պատգամավորներին էր ներկայացրել դաշնակցական երեսփոխան Արշակ Ջամալյանը՝ 1919 թ. օգոստոսի 16-ին տեղի ունեցած թվով 5-րդ նիստում: «Ճակատամարտը» տպագրել էր

___________________________

68 Նույն տեղում:
69 Նույն տեղում:
70 Նույն տեղում:
71 Նույն տեղում:
72 Նույն տեղում:

այդ նիստի մասին Երևանից ստացած Հայկական հեռագրական գործակալության պատրաստած լուրը73 : Պատգամավորը գործընկերներին և ողջ հայությանն առաջարկում էր մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորել ուժերը` դիմադրել կարողանալու համար «անգութ» թշնամուն, անհրաժեշտության դեպքում էլ` «մեռնիլ պատուաւոր մահով»74 :

Այս 2 փաստաթուղթը, մի կողմից, արտահայտում էին Հայաստանի 1-ին Հանրապետության պետական այրերի ազնվությունն ու անկեղծությունը, մյուս կողմից, բացահայտում էին դիվանագիտական ասպարեզում նրանց անփորձությունը, այսինքն` այն, որ պետական գաղտնիքի մասին (երկրի անելանելի վիճակի մասին էր խոսքը – Մ. Հ.) ի լուր աշխարհի էին հայտարարում` բացեիբաց նաև թշնամուն պատկերացում տալով իրենց պետության խոցելի տեղերի ու հանգամանքների մասին: Այս ամենը հետագայում, իրենց հերթին, նպաստեցին մեր անկախության կորստին` գումարվելով հայերի համար տարածաշրջանային անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողություններին:

Այնուհանդերձ, հիշյալ փաստաթղթերում առկա փաստերը բխում էին Հայաստանի սոցիալ-քաղաքական օբյեկտիվ ու իրական իրավիճակից և պայմաններից: Դրանք այնքան սուր ու ծայրահեղ էին, որ նորանկախ հանրապետության պաշտոնյաները, կարծես դժվարանալով կրել այդ բեռն ու պատասխանատվությունը, փորձում էին երբեմնի դաշնակից երկրների աջակցությունը գտնել, թեև հոգու խորքում հասկանում էին, հավանաբար, որ նրանք ժլատ խոստումներով էին միայն դաշնակից Հայաստանին:

Տեղին է մեջբերել Հայաստանի 1-ին հանրապետությունում ամերիկյան 1-ին դիվանագիտական ներկայացուցիչ Վիլյամ Հասքելի խոսքերը` ասված 1919 թ. օգոստոսի 22-ին Խորհրդարանում նրա ընդունելության ժամանակ75 : Այն հարցին, թե դաշնակիցներից ի՞նչ օգնություն էր ակնկալում «բազմաչարչար Հայ ժողովուրդը, որ այնչափ տանջանքներ էր

______________________

73 Նույն տեղում, 1919, թիվ 251 («Հայաստանի խորհրդարանին դիմումը դաշնակից խորհրդարաններուն»):
74 Նույն տեղում:
75Նույն տեղում, 1919, թիվ 250 («Հայաստանի վերին քոմիսերը Երևանի մեջ. իր ճառը Հայաստանի խորհրդարանին առջև»):

կրեր», նա շատ համոզիչ կերպով պատասխանում էր օդից վերցրած հետևյալ խոստումներով. «Կասկած չկայ, որ ան զինուորական օգնութիւն կը ստանայ ոչ թէ անոր համար, որ գործէ Վրաստանի կամ Ատրպէճանի դէմ, այլ պաշտպանելու համար Հայաստանի սահմանները: Այդ ջանքերով կ’ապահովուի յամենայն դէպս Հայաստանի ժամանակաւորապէս որոշուած սահմանները»76 :

Անդրադառնալով այն խնդրին, որ իրականում կարգադրություն էր եղել բրիտանական զորքերն Անդրկովկասից հանելու համար, Վիլյամ Հասքելը կրկին կեղծ խոստում էր տալիս. «Եթէ նոյնիսկ բրիտանական զօրքերը թողուն Անդրկովկասը, մենք կը գտնենք բաւական հզօր բանակ մը` փոխարինելու զանոնք»77: Գնդապետ Հասքելը նաև խոստանում էր պատասխանատվության կանչել Հաշտության համաձայնագրով որոշված Հայաստանի սահմանները խախտած Ադրբեջանին, թեև լավ էր հասկանում, որ դա անհնար էր տիրող աշխարհաքաղաքական հանգամանքներում. «Այս երեւոյթը կը պարտաւորէ զիս անմիջապէս երթալ Թիֆլիս, յետոյ` Պաքու` նախազգուշացնելու համար Ատրպէճանը, որ եթէ ան միջոցներու չի դիմէ արդէն կատարուած փաստերու դէմ և չի դադրեցնէ պատերազմական գործողութիւնները, ոչ միայն լուրջ հետեւանքներ կ’ունենայ Ատրպէճանի համար, այլև անձնական պատասխանատուութեան կ’ենթարկուին Ատրպէճանի կառավարութեան անդամները…Ես անձամբ կ’երթամ Փարիզ` պահանջելու Համաժողովէն, որ Հայաստանին ցոյց տրուի անմիջապէս օգնութիւն, եւ այս պարագային իմ տրամադրութեան տակ կ’ըլլայ ամենաարագագնաց շոգենաւը Սեւ ծովի վրայ»78 :

Գնդապետ Հասքելն այս անիրականանալի խոստումներով էր հանդես եկել` նաև ինչ-որ տեղ տուրք տալով դաշնակից պետությունների բարի կամքի հանդեպ ունեցած հայերի ներքին հավատին: Որպես ասվածի ապացույց, վկայակոչենք Հայաստանի 1-ին Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ավետիս Ահարոնյանի ելույթից հետևյալ հատվածը. «Ամբողջ 5 տարուան ընթացքին մենք միասին ենք Համաձայնութեան պետութիւններու հետ: 5 տարի շարունակ թափեցինք

_______________________

77Նույն տեղում:
76Նույն տեղում:
78Նույն տեղում:

մեր արիւնը` օգնելով, որպէս Արեւելքի փոքր և կրտսեր դաշնակից, անոնց յաղթանակին: Այսօր չի կրնար պատահիլ, որ մեր աւագ և հզօր ասպետ դաշնակիցները մատնէին մեզ թշնամու խստասրտութեան: Դաշնակիցներու յաղթանակը արթնցուց մեր սրտերու մէջ սրբազան թրթիռ, ուրախութեան և ցնծութեան յուզումներ: Հայաստանը, որ սուգի մէջ կը գտնուէր, միշտ հաւատացած է եղեր, որ դաշնակիցները վերջ պիտի դնեն անոր անսահման տանջանքներուն, որ ան պիտի վերածնէր որպէս անկախ պետութիւն: Մենք արժանի ենք ստանալու մեր դաշնակիցներէն ոչ միայն անկիւն մը արեւի տակ, այլեւ մեր իրաւունքներու վերականգնումը մեր հայրենիքի նկատմամբ, որտեղ իւրաքանչիւր քար ներկեր ենք մեր արիւնով յանուն ազատութեան և անկախ քաղաքական գոյութեան»79 :

Դիվանագիտական ասպարեզում նոր-նոր քայլել սովորող Հայաստանի 1-ին հանրապետության Խորհրդարանի ղեկավար կազմը և պատգամավորները, սակայն, ակտիվորեն ձեռնամուխ էին եղել երկրի կյանքը կարգավորող օրենսդրական բացը լրացնելու գործին: 1919 թ. քննարկված օրինագծերից կարելի է հիշատակել զինվորագրությանը և ռազմական ոլորտին, ինչպես նաև բյուջեի, արտաքին փոխառությանը, երկաթուղային սակագներին, կրթական ու դատական բնագավառների կարգավորմանը վերաբերող օրենքները, որոնք այն օրերին ունեին հասարակական մեծ հնչեղություն:

«Հայաստանի խորհրդարանին նիստերը» խորագրի ներքո «Ճակատամարտ» թերթում գրեթե մշտապես ներկայացվում էին արված աշխատանքը, օրենքների քննարկումները, կառավարության հետ բանավեճերը` հարց ու պատասխանի ձևով: Բացի այս` Խորհրդարանում բավական հաճախ հնչում էին պարզաբանումներ հատկապես Հայաստանին սպառնացող պատերազմական վտանգների, արդեն սկսված ռազմական գործողությունների, ռազմաճակատում տիրող իրավիճակի, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Օրենսդիր մարմինն, այս ամենին զուգահեռ, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման նպատակով, պատվիրակությունների կամ անհատ պատգամաբերների

________________________

79Նույն տեղում, 1919, թիվ 251 («Գնդապետ Հասքել Հայաստանի խորհրդարանին մեջ»):

հետ հանդիպումներ էր կազմակերպում, որոնց ընթացքում մասնակիցները փորձում էին երկխոսության և հիմնահարցերի բարձրաձայնման միջոցով հասնել առաջացած վիճահարույց իրավիճակների հարթեցմանը ու փոխհարաբերությունների բարելավմանը:

Պարբերականի հրապարակումները մեզ բերում են այն եզրակացության, որ արդեն 1919 թ. վերջին Հայաստանի 1-ին Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինները բավականաչափ փորձ էին ձեռք բերել արտաքին ու ներքին հարաբերություններում ծագող խնդրահարույց հարցերից ձերբազատվելու առումով: Եթե աշխարհաքաղաքական հանգամանքները, մասնավորապես Վլադիմիր Լենինի և Մուստաֆա Քեմալի փոխհամագործակցությունը, մեկուկես տարվա ընթացքում չփոխվեին ի վնաս մեր երկրի, Հայաստանի վարիչները կարող էին բավականաչափ հաջողություններ գրանցել բոլոր ոլորտներում: Բերենք օրինակ: Հայկական կողմի բանակցային և ռազմական ունակությունների շնորհիվ 1919 թ. նոյեմբերի կեսին գրեթե հարթվել էր հայ-վրացական պատերազմը: «Ճակատամարտը», կրկին տպագրելով Երևանից ստացած հեռագրային լուրեր, հայտնում էր մանրամասներ Հայաստանի Խորհրդարանում հաստատված Հայ-վրացական հաշտության դաշնագրի մասին: «Հայաստանի խորհրդարանը միաձայնութեամբ հաստատեց ակտ մը, որ կովկասեան մանուկ հանրապետութիւններու փոխյարաբերութեանց մէջ նոր ու ցանկալի շրջան մը կը բանայ. դա Հայաստանի և Վրաստանի միջեւ կնքուած թյանզիթի և իրաւարարութեան վերաբերեալ դաշնագրի վերաբացումն էր, զոր Հայաստանի խորհրդարանը երկարատեւ քննութենէ յետոյ միաձայն ընդունեց»80 ,- գրված էր հեռագրում: Խորհրդարանական ելույթների ժամին պատգամավորներից շատերը շեշտում էին այն միտքը, որ, թեև Հայաստանն ու Վրաստանն ունեին դեռևս չլուծված սահմանային հարցեր, բայց դրանք կարող էին լուծվել համերաշխ կերպով` առանց միմյանց հետ պատերազմելու81 : Խորհրդարանի հիշյալ նիստում վարչապետ Ա. Խատիսյանը վստահեցնում էր, որ Հայաստանը բանակցությունների միջոցով ոչ միայն

________________________

80 Նույն տեղում, 1919, թիվ 318 («Հայ և վրացական դաշնագիրը Հայաստանի խորհրդարանին մեջ»):
81 Նույն տեղում:

Վրաստանի, այլև Ադրբեջանի հետ էր պատրաստ քննարկել ու հանգել ընդհանուր հայտարարի առկա սահմանային և այլ կարգի վեճերը լուծելու համար : Ինչպես տեսնում ենք, դիվանագիտական ոլորտում շոշափելի առաջընթացը նկատելի էր, ինչը, սակայն, հետագայում, օբյեկտիվ պատճառներով զարգացում չապրեց:

«Ճակատամարտը», լուսաբանելով և վերլուծելով Խորհրդարանի աշխատանքները, դրանք երբեք չէր համարել անբավարար ու թերի: Թերթի հրապարակումները վկայում էին պատգամավորների բավական ակտիվ և արդյունավետ գործունեության մասին, ինչը միտված էր նորակազմ հանրապետության կյանքը իրավական հիմքերի վրա դնելու, օրինականության ապահովման, ժողովրդավարական երկիր կառուցելու նպատակին, երկիր, որտեղ ոչ միայն իշխելու էր իրավահավասարությունը, այլև օրենքով պաշտպանված էին լինելու բոլոր քաղաքացիների իրավունքները` անկախ նրանց ազգային, սեռային ու կրոնական պատկանելությունից:

Մարիամ Հովսեփյան
ԳԱԱ Պատմության ինստիտուտի
առաջատար գիտաշխատող

Տպել Տպել