Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի նոր շրջանի առաջին համարը

Որոշ դադարից հետո կրկին հրապարակի վրա է Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնաթերթ «Դրօշակը»: 2020 թ. հունվարին առաջին (1635-րդ) համարը արդեն հասանելի է ընթերցողներին: Կյանքի 74-րդ տարին բոլորող պաշտոնաթերթը հրատարակվելու է էլեկտրոնային եղանակով, ամսաթերթի պարբերականությամբ:

Որպես պաշտոնաթերթի հիմնադիր, զուտ իրավաբանական տեսանկյունից և ՀՀ օրենքներին համեմատ, նշված է «ՀՅԴ պատմութեան թանգարան հիմնադրամի» անունը: Էլեկտրոնային ամսաթերթի խմբագիրը նորանկախ Հայաստանի գաղափարական ուղղվածության մամուլի երախտավորներից, ՀՅԴ Բյուրոյի մամուլի դիվանի ներկայացուցիչ Արտաշես Շահբազյանն է:

Էլեկտրոնային անդրանիկ համարում առանձնացված են մի շարք բաժիններ՝ «Հարցազրույց» (ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի հետ), «Սոցիալական», «Դաշնակցական բեմ», «Հայրենի եզերք», «Տարածաշրջանային», «Սփյուռք», «Երիտասարդական», «Պատմության լուսարձակ», «Դեմքեր եւ դեպքեր», որոնցում զետեղված են ՀՅԴ դերակատարությանն ու անելիքներին, գաղափարախոսական, ՀՀ սոցիալ-տնտեսական հարցերին, Արցախին, Ջավախքին, Այսրկովկասյան, Մերձավոր և Միջին արևելյան եռացող հիմնահարցերին, Սփյուռքին, Արևմտահայաստանին և համազգային նշանակության այլևայլ խնդիրներին առնչվող մի շարք ծանրակշիռ և գիտահանրամատչելի աշխատանքներ:

Ներբեռնել համարը։

Տպել Տպել