Խմբագրականի փոխարեն

Ներկայացնում ենք «Առաջնորդող» խորագրի ներքո «Դրօշակի» առաջին համարում լույս տեսած ակնարկը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերսկսում է «Դրօշակ» պաշտոնաթերթի հրատարակությունը: «Դրօշակի» կենսագրությունը ձուլված է ծնող կուսակցության անցած ճանապարհին այնքան, որ այս երկուսից մեկին անդրադառնալիս հաճախ հիշում ես մյուսին: Սխալված չենք լինի պատկերավոր ներկայացնելով, որ «Դրօշակը» եղել է կուսակցության մաքառումի ու հերոսացման ուղին արտացոլող հայելին: Ազատագրական պայքարի շրջանի «Դրօշակի» խունացած էջերից այսօր էլ զգացվում են պայքարի տաք շունչը, գողգոթայով անցնող ժողովրդի ապրումները, երրորդ հարյուրամյակում հայոց ճակատագրի կեռմանները հաղթահարող հավատավորների մտքի ու սրտի ոգորումները: «Դրօշակը» եղել է գաղափարական այն հնոցը, որտեղ սաղմնավորվել ու բյուրեղացել է ազգային-հեղափոխական-սոցիալական շարժման նպատակը, հիմնավորվել է ազգային երազանքներ հետապնդող կուսակցության քաղաքական և մարտական գործունեությունը: Պատահական չէ, որ հայ ֆիդայիներն ու զինատարները զենքի հետ «Էրգիր» էին հասցնում նաև «Դրօշակի» համարները:

«Դրօշակ» երևույթը մեզ համար բարոյական հսկա ժառանգություն է և մարմնավորում է իրեն կերտող բոլոր նվիրյալների՝ խոնարհումի արժանի վաստակը:

«Դրօշակը» ինքն իրեն վաղուց հաստատած ինքնություն է՝ խորհրդանշական և գործնական ուղերձներով:

Իր նորացող ընթացքի մեջ «Դրօշակը» մեզ համար համազգային հետաքրքրությամբ համակուսակցական օրգան է, մտքի ու գաղափարների թրծման և զարգացման բեմ, հայ քաղաքական եւ հասարակական կյանքի ներքին ու արտաքին մարտահրավերների մասին բարձրաձայնող խոսափող:

Իր առաքելությունը հաջողելու համար «Դրօշակը» պետք է ձգտի երկխոսության ազգային մտածողություն և մտահոգություն ունեցող բոլորի հետ, լինի անաչառ ու համարձակ:

«Դրօշակի» կողմնորոշիչն ազգային ու պետական շահն է, ազատ, բարեկեցիկ, անվտանգ, ֆիզիկական ու հոգևոր միասնականությամբ շաղկապված հայության կամքը:

Խոսքի առատության մեր ժամանակներում «Դրօշակը» կրկին հրապարակ է իջնում որոշակի բաց տեղ զբաղեցնելու համար: Անկախ պետականության երեսնամյակի շեմին կանգնած մեր երկիրը նման է մի նավի, որի ուղևորները մշտապես նախանձախնդիր են եղել նավի ղեկի մոտ կանգնողների խնդրով՝ անտեսելով դեպի ուր նավարկելու պարագան: Ճանապարհի և նպատակի անտեսման հանգամանքն էլ հիմնականում ձևախեղել է նավավարներ ընտրելու չափանիշը: Չավարտված պատերազմի, անցյալից ժառանգված հիմնահարցերի և նոր ժամանակի բազմազան մարտահրավերների բեռն ուսած՝ մեզ համար թերևս առաջնային պետք է լիներ հին փարոսի նոր լուսարձակումների ներքո կրկին ու կրկին հարցնելն ու հստակեցնելը ինքներս մեզ համար, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ միջավայրի հետ ենք փոխհարաբերվում, որն է մեր՝ որպես հայության գոյության իմաստն այս արևի տակ, և ինչ ենք պարտավոր անել ապագայում մեր և մեր սերունդների արժանավոր տեղն ապահովելու համար:

«Դրօշակը», իր ջուրը խմելով սեփական ակունքներից և այլոց փորձառությունը նկատի ունենալով, կջանա հստակեցնել խնդիրներն ու փնտրել դրանց պատասխանները:

Թերևս առայժմ այսքանը, որպեսզի հավակնությունները մեզանից առաջ չընկնեն: Թող որ մեր գործը խոսի մեր փոխարեն:

«Դրօշակ» պաշտոնաթերթ

Տպել Տպել